ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԱՆՈՒՐՋՆԵՐԻ ՄՇՈՒՇՈՏ ԱՊԱԳԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ օրերս կայացած հանդիպման ժամանակ քննարկված թեմաներից մեկն էլ վերաբերել է երկու երկրների միջեւ տրանսպորտային հաղորդակցությանը, մասնավորապես Հայաստանի եւ Իրանի տարածքներով Պարսից ծոցը Սեւ ծովի հետ կապող միջազգային տրանսպորտային ու տարանցիկ ուղիների օգտագործման կարեւորությանը: Հայաստանի ու Իրանի ղեկավարների՝ վերջին բոլոր հանդիպումների ժամանակ կարեւորվել է նման ծրագրի իրականացումը: Բայց չնայած սրան՝ Իրան-Հայաստան տրանսպորտային տարանցիկ հաղորդակցության հեռանկարները դեռեւս մշուշոտ են, եւ պարզ չէ, թե ինչպես է Հայաստանը տեղավորվելու այդ ծրագրում:

Սկսենք նրանից, որ մի կողմից իշխանությունները բարձր մակարդակով խոսում են Իրանի հետ տրանսպորտային տարանցիկ ուղիների օգտագործման վերաբերյալ, սակայն կառավարության գործունեության հնգամյա ծրագրում որեւէ խոսք չկա այդ մասին: Միայն նշված է Իրանի ու Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների խորացման, նաեւ Իրանի հետ էներգետիկ համագործակցության ծրագրերի մասին:
Բացի այդ՝ Պարսից ծոցը Սեւ ծովի հետ կապող տրանսպորտային տարանցիկ ուղիների մեջ է մտնում նաեւ Հյուսիս-հարավ ավտոմայրուղին: Շինարարական աշխատանքները սկսվել են դեռ 2009 թվականից, բայց այս 8 տարիների ընթացքում 500 կմ ճանապարհից կառուցվել է մոտ 40 կմ-ն, ու ավարտը այդպես էլ չի ուրվագծվում: Ավելին՝ ե՛ւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ե՛ւ գործող վարչապետ Կարեն Կարապետյանը պարբերաբար քննադատել են մայրուղու շինարարության ընթացքը՝ դժգոհելով տեմպերի դանդաղությունից, աշխատանքի որակից: Բայց դրանից հետո անգամ իրավիճակն առանձնապես չի փոխվել, եւ հայտնի չեն Հյուսիս-հարավի ավարտի ժամկետները: Այնպես որ, Պարսից ծոցը Սեւ ծովին Հայաստանի տարածքով կապելու ծրագիրը որքան էլ գրավիչ է թվում, որքան էլ հավակնոտ է հնչում, բայց դեռ իրատեսական չէ:
Եւ հետո, նկատենք, որ Իրան-Հայաստան տրանսպորտային հաղորդակցության հեռանկարների մասին շատ-շատ է խոսվել: Եթե հիշում եք, դեռ 2008թ. հոկտեմբերին ԱԺ ուղերձում Սերժ Սարգսյանը հայտարարել էր Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագրի մասին՝ նշելով, որ այն կմեկնարկի առաջիկա տարիներին: Եթե Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցումը թեեւ դանդաղ տեմպերով, բայց ընթանում է, նույնը չես ասի Իրան-Հայաստան երկաթուղու մասին: Ս.Սարգսյանի հայտարարությունից անցել է ինը տարի, բայց շինարարությունը չի էլ սկսվել: Պատահական չէ, որ վերջին հանդիպման ժամանակ ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Հասան Ռոհանին չեն անդրադարձել երկաթուղու թեմային՝ ամենայն հավանականությամբ այն համարելով անիմաստ: Այս մասին խոսել է միայն ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը` օրերս Ս. Սարգսյանի` Իրան այցից հետո: Մարտիրոսյանը հայտարարել է, թե իրենք մեկ քայլ առաջ են գնացել Իրան-Հայաստան երկաթուղու շուրջ ներդրողների հետ բանակցություններում: Նա տեղեկացրել է, որ վերջին շրջանում նախարարությունը կրկին բանակցություններ է վարել Դուբայում տեղակայված «ՀՈրՌՈ» Ղին ընկերության հետ, բայց բովանդակության մանրամասների մասին ոչ մի խոսք չի հայտնել: Բայց սա դեռ չի նշանակում, թե երկաթուղու կառուցման հարցում լուրջ տեղաշարժ կլինի: Բանն այն է, որ դեռ 2013-ի հունվարին Հայաստանի կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության միջեւ ստորագրվեց կոնցեսիոն պայմանագիր, համաձայն որի՝ ընկերությունը պարտավորվել է իր միջոցներով ուսումնասիրել հայ-իրանական երկաթգծի կառուցման հնարավորությունը, կառուցել այն, որի ավարտից հետո նրան կվերապահվի 30 տարի երկաթգիծը շահագործելու իրավունքը:
Արդեն 2015թ. հունվարին ՀՀ եւ Իրանի ԱԳ նախարարների մակարդակով հայտարարվեց, որ հայ-իրանական երկաթգծի կառուցման վերաբերյալ «եռակողմ լավ որոշումներ են կայացվել», եւ հույս կա, որ նախագծի իրականացումը արագ առաջ կընթանա: Անգամ տրանսպորտի եւ կապի նախարարության պատվիրակության այցի ժամանակ Իրանում նախաստորագրվել էր համաձայնագիր, ըստ որի՝ Հայաստանում երկաթգծի շինարարության առնվազն 30 տոկոսի ավարտից հետո Իրանը պարտավորվել է 400 միլիոն դոլար հատկացնել մինչեւ Հայաստանի սահման երկաթուղի կառուցելու համար, իսկ երրորդ կողմը «Ռասիա ՖԶԷ» ընկերությունն է, որի հետ Հայաստանի կառավարությունը կոնցեսիոն պայմանագիր է կնքել: Հետո հայտարարվեց, որ մինչեւ 2016-ի մարտ ամիսը «Ռասիա ՖԶԷ» ընկերությունը ներկայացնելու է երկաթգծի կառուցման վերջնական նախագիծը: Բայց, փաստորեն, դեռեւս պայմանավորվածություններ են ձեռք բերվում եւ ոչինչ ավելի:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
«ՎԻՎԱՌՈ»-Ն՝ ՕՐԻՆԱԽԱԽՏ
Հայաստանում խաղամոլությունը կատաղի քարոզող ընկերությունները սնկի պես աճում են: Նրանք թեեւ վայելում են իշխանության ամենաբարձր ատյանների հովանավորությունը, սակայն երբեմն-երբեմն գոնե ձեւական մասը պահպանելու համար պետական որոշ ատյաններ «ատամ են ցույց տալիս» ընկերություններին:
Ասվածի ապացույցն այն է, որ բուքմեյքերական ընկերությունները վերջերս հայտնվել են ՀՀ ֆինանսների նախարարության տեսադաշտում, պատճառը ընկերության կողմից թույլ տրված օրենսդրական խախտումներն են:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հրամանով այս տարվա հուլիսի 11-ին «Վիվառո գրուպ» ընկերությունը նախազգուշացվել է «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին, օրենքը խախտելու, եւ իրենց կայքում արտարժույթով շահումների վերաբերյալ տվյալներ զետեղելու համար: Նախարարի՝ նույն օրվա մեկ այլ հրամանով էլ «Վիվառո բեթինգ» ՍՊԸ-ն տուգանվել է 1 մլն 300 հազար դրամով՝ այս անգամ երեք գովազդ տեղադրելու համար, որոնց բովանդակությունը, հակառակ «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի, համաձայնեցված չի եղել ՀՀ ֆինանսների նախարարության հետ:
Բացի այդ, նախարարի՝ հուլիսի 20-ի հրամանով 1 մլն 100 հազար դրամով տուգանվել է «Սաբարկո, ՍՊԸ-ն՝ «Աջարաբեթ» բուքմեյքերական ընկերությունը: Այս ՍՊԸ-ն եւս տեղադրել է գովազդ՝ առանց բովանդակությունը նախարարության հետ համաձայնեցնելու:

 

 

«ՀԱՅԳԱԶԱՐԴ»-Ը ՍՆԱՆԿԱՑԱՎ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «Հայգազարդ» ընկերությունը օգոստոսի 3-ին Երեվանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով ճանաչվել է սնանկ: Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը անցած տարի պատրաստվում էր փակել ընկերությունը։ Պատճառն այն էր, որ ընկերությունը փակելով՝ կառավարությունը նախատեսում էր Համաշխարհային բանկից 30 մլն դոլար վերցնել՝ Մեծամորի ԱԷԿ-ի եւ Երեւանի ՋԷԿ-ի վարկերի վերակազմավորման համար։ Այդ իսկ պատճառով անցած տարի ընկերությունը կառավարության որոշմամբ լուծարվեց։
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ընկերության լուծարման, ապա սնանկացման պատճառը դեբիտորական պարտքերն են, որոնք այդպես էլ հնարավոր չի եղել հավաքել։ Քանի որ պարտապան կազմակերպությունները լուծարված ու սնանկ են ճանաչված կամ էլ դրանց գտնվելու վայրը հայտնի չէ։
Մինչդեռ նկատենք, որ «Հայգազարդ» ընկերության ստեղծման հիմնական նպատակն էր կազմակերպել գազի նախկին համակարգի ընկերություններից փոխանցված դեբիտորական եւ կրեդիտորական պարտքերի սպասարկումը։ Ասել է, թե ընկերությանը գցել են, իսկ վերջինս էլ կառավարությանն է գցել ու սնանկացավ:

 

 
ԸՆԴՈՒՆԵԼ Է
Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ ընդունել է Global Reservers Management ընկերության գործադիր տնօրեն Ռոբերտ Ուիթֆիլդին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում աղբի վերամշակման գործարանի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման հնարավորություններն ու հետագա քայլերը: Վարչապետը նշել է, որ թափոնների կառավարման ոլորտում կառավարությունն ունի հստակ ռազմավարություն եւ հետեւողականորեն իրականացնելու է այն: Կարեն Կարապետյանը ողջունել է մեր երկրում աղբի վերամշակման ծրագիր իրականացնելու ընկերության շահագրգռվածությունը եւ հայտնել կառավարության պատրաստակամությունը՝ ցուցաբերելու անհրաժեշտ տեխնիկական օժանդակություն:

 

 

 

ԱՌԱՋԻՆ ՖԻԼՄԸ
Թուրքիայում նկարահանվում է Օսմանյան կայսրության ամենահայտնի ճարտարապետների տոհմերից մեկի՝ հայազգի Բալյան ընտանիքի մասին պատմող փաստավավերագրական առաջին ֆիլմը: Ռեժիսոր Կարո Բաբայանի ֆիլմը պատրաստ կլինի արդեն այս տարվա նոյեմբերին: Նշվում է, որ նախագծին աջակցում է նաեւ Թուրքիայի մշակույթի նախարարությունը:

 

 

ՔԱՐՈՎ ՀԱՐՎԱԾԵԼ ԵՆ
Երեւանից մարդատար գնացքով Բաթումի ուղեւորվող երեխան քարի հարվածից վնասվածք է ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նշենք, որ օգոստոսի 6-ին Երեւան-Բաթումի մարդատար գնացքի ուղղությամբ քարով հարվածել են, որի հետեւանքով անչափահաս ուղեւորուհին ստացել է վնասվածք: Նույն օրը՝ ժամը 21-ին, հաղորդում է ստացվել նաեւ «Վանաձոր» ԲԿ-ից, որ գլխի շրջանում վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2011թ. ծնված մի աղջիկ: Աղջկա մայրը հաղորդում է տվել, որ դուստրը այդ վնասվածքը ստացել է նույն օրը՝ 19:30 Երեւան-Բաթումի գնացքի ընթացքի ժամանակ, վագոնի բաց պատուհանից դուրս նայելիս դրսից քարով հարված ստանալու հետեւանքով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:

 

 

ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄ ՉՈՒՆԵՆ
Ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի՝ վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանում բուհերի թիվը կրճատվել է 25-ով՝ 85-ից հասնելով 60-ի, իսկ ուսանողների թիվը 110 հազարից դարձել է 85 հազար: Նրա խոսքով՝ բուհերի եւ ուսանողների թվի նվազումը միայն ծնելիության եւ արտագաղթի հետ չէ կապված: Ըստ Ադիբեկյանի՝ կարեւոր խնդիր է նաեւ այն, որ դպրոցի շրջանավարտների մոտ 60 տոկոսը մասնագիտական կողմնորոշում չունի:

 

 

+42 ԱՍՏԻՃԱՆ
Օգոստոսի 8-12-ը Հայաստանում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երեւանում, Արարատյան դաշտում եւ Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 40-41 աստիճան, առանձին հատվածներում՝ 42 աստիճան տաքություն եւ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն այսօր կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11-17-ը խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:




Լրահոս