ԽՈՇՏԱՆԳՎԱԾ ԳԵՐԻՆԵՐՈՎ ԴԵՊԻ ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը ներկայանալ «մարդասիրական կերպարով»՝ որպես հալածյալ, որի բնակիչներին հայերը իբրեւ թե անխնա կոտորում են, իրականում տարբեր հանգամանքներում հայ-ադրբեջանական սահմանը հատած եւ այնտեղ գերության մեջ հայտնված ՀՀ քաղաքացիները վերադառնալուց հետո կա՛մ ողջ չեն մնում, կա՛մ տառապում են առողջական լուրջ խնդիրներով, հիմնականում՝ հոգեկան շեղումներով: Պատճառը գերության մեջ գտնվելու ընթացքում նրանց նկատմամբ կիրառված անմարդկային խոշտանգումներն են, որոնք իրականացնում են դաժանորեն՝ չմոռանալով նախապես բոլորին ներկայացնել գերուն իբրեւ դիվերսանտ: Չնայած այս ամենին՝ Հայաստանի իշխանությունները բավարար ջանքեր չեն գործադրում Ադրբեջանում գերու կարգավիճակում հայտնված քաղաքացիների խոշտանգումների խնդիրը միջազգային ատյաններում բարձրացնելու ուղղությամբ:
Միաժամանակ հայկական կողմից բավարար ջանքեր չեն գործադրվում՝ ներդնելու մեխանիզմներ, որոնք քաղաքացիներին հնարավորինս զերծ պահեն մոլորվելուց: Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նաեւ նշել է, թե «սահմանների ոչ լիարժեք պահպանության դեպքում նույնկերպ կարող են մոլորվել ու մեր թիկունքում հայտվել նաեւ ադրբեջանցիներ, միգուցե եւ ոչ քաղաքացիական անձինք: Իսկ այն կադրերը, որոնք հենց ադրբեջանական ԶԼՄ-ներն են ցույց տալիս, թե ինչպես էին մեր գերու՝ Կարեն Պետրոսյանի խնձորակից բռնում, ակնհայտ խոշտանգման դրսեւորում է: Մասնագետները դա կհասկանան: Բայց, ցավոք, հարցը չդարձավ միջազգային հանրության մոտ քննարկման առարկա»:

 

 

 

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որ ԱԺ ընտրություններում գլխավորում էր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» ընդդիմադիր դաշինքը, այժմ փորձում է զերծ մնալ քաղաքական պրոցեսներից: Նա չնայած Հայաստանում է, սակայն առհասարակ իրեն վաղուց հեռու է պահում քաղաքական երկխոսությունների մասնակցելուց: Բանն այն է, որ ընտրություններից անմիջապես հետո Ս. Օհանյանը որոշ ժամանակ կրկին մեկուսացավ, ապա մասնակցեց «Ժառանգություն» կուսակցության համագումարին եւ հիմա կրկին «անհետացել է»: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս օրերին նա կրկին մեկուսացած է. կապ չի պահպանում ոչ միայն դաշինքի անդամների, այլեւ նույնիսկ իր ազատամարտիկ ընկերներից շատերի հետ: Փոխարենը այս օրերին ակտիվացել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ փորձելով հանդիպել այլ ընդդիմադիր ուժերի հետ, սակայն նրան շատերը վաղուց լուրջ չեն ընդունում եւ խուսափում են Հովհաննիսյանի հետ համագործակցելուց:

 

 

 

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը վերջերս մշակել է մարզպետների գործունեության գնահատման նոր չափորոշիչներ: Հետաքրքիրն այն է, սակայն, որ մարզպետներին գնահատելու են այնպիսի չափորոշիչներով, որոնց ապահովումն ավելի շատ կա՛մ կառավարության, կա՛մ համայնքապետարանների գործառույթների շրջանակներում է, եւ մարզպետը՝ որպես առանձին պաշտոնյա, չի կարող այդ հարցում էական ազդեցություն ունենալ: Օրինակ՝ ՀՆԱ աճի ապահովումը, ներդրումների ներգրավումը, համայնքների բյուջեների հավաքագրման մակարդակը, աղբահանությունը եւ այլն: Ավելին՝ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում էլ մարզպետներից մի քանիսը խոստովանել են, որ այդ չափորոշիչները ներկայացնելիս իրենց հետ նախնական քննարկումներ չեն եղել. «Որպես այդպիսին ընդհանուր քննարկում չի եղել, եղել է գրավոր առաջարկ, որ եթե ունենք առաջարկություններ, մեր առաջարկությունները ներկայացնենք»,- ասել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը եւս նշել է.«Որպես այդպիսին քննարկում չի եղել: Կոնկրետ ես որեւէ քննարկման չեմ մասնակցել»:

 

 

 
Ոչ վաղ անցյալում ամենաարմատական ընդդիմության առանցքային դեմքերից ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը Սերժ Սարգսյանի հրամանագրով վերջերս նշանակվեց Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան: Իհարկե, փաստ է, որ Արզումանյանը պրոֆեսիոնալ դիվանագետ է, եւ այս նշանակումից շահելու է Հայաստանը: Միայն թե հետաքրքիր է՝ ինչպե՞ս է Արզումանյանը դեսպան աշխատելու այն իշխանության օրոք, որի դեմ ինքը ժամանակին պայքարել է, ավելին՝ նա ամենակոպիտ խոսքերն է հնչեցրել այդ իշխանության ու իր այսօրվա անմիջական ղեկավարների հասցեին: 2009թ. նա հայտարարել էր. «Նալբանդյանը Սերժ Սարգսյանի վինտիկն է: …Անկախ նրանից՝ այդ վինտիկը դու կփոխես մեկ այլ վինտիկով, թե ոչ, համակարգը աշխատելու է նույն մեխանիզմով»: 2012թ. էլ ասել էր. «Ես էլ, պարոն Օսկանյանն էլ բազմաթիվ խորհուրդներ հնչեցրել ենք, բայց եթե մարդը չի հասկանում /նկատի ունի Էդ.Նալբանդյանին/, նրան ի՞նչ խորհուրդ տանք: Մեր արտաքին գործերի նախարարությունը սպասարկում է ռեժիմին եւ հանդես է գալիս որպես PR կամպանիա, սա շատ վտանգավոր է»: Նա նաեւ նշել էր, թե այս իշխանության օրոք մարդկային ողջ ռեսուրսները գնում են կեղծիքի սպասարկմանը: Ու ստացվում է, որ հիմա ինքն էլ այդ ռեսուրսների մեջ է: Ի դեպ, ԱԳ նախարար Նալբանդյանն էլ ամերիկացի դիվանագետների մոտ Արզումանյանին էր կոչել «խարդախ մանիպուլյատոր է, ով թաքնվում է մարդու իրավունքների կեղծ պնդումների ներքո»: Հետաքրքիր է՝ ինչպես է վինտիկը ղեկավարելու մանիպուլյատորին:

 

 

 
ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Իշխանությունները շարունակում են էժանագին PR շոուների շարքը, որը դարձյալ կառավարությանն է: Երեկվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի ու Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի խոսքերից տպավորություն էր, թե իշխանությունների շնորհիվ մինչեւ 2035 թվականը էլեկտրաէներգիայի սակագները չեն թանկանա: Կ. Կարապետյանը հետաքրքրվեց, թե երբ են անդրադառնում 2035թ. էներգետիկ զարգացման ծրագրերին: Նախարարն էլ ներկայացրեց «կայունացման հիմնադրամի» ստեղծման մտադրությունը, որը եւ հնարավորություն կտա էլեկտրաէներգիայի սակագները պահպանել այսօրվա մակարդակին: «Դա բավականին ամբիցիոզ ծրագիր է, ամբիցիոզ գաղափար է էլեկտրաէնեգիայի սակագները մինչեւ 2036 պահպանել այն մակարդակի վրա, որի վրա գտնվում է այսօր։ Դրա համար հիմա փորձում ենք գտնել միջոցներ, որպեսզի ստեղծենք այն կայունացման հինադրամը, որը մեզ ոչ միայն հնարավորություն, այլեւ վստահություն կտա հայտարարելու, որ առաջիկա մեկ ու կես տասնամյակում գոնե սակագների վրա էական ազդեցություն չի լինելու, բացառելու ենք նաեւ արտաքին ազդեցությունները»,- ասել է Մանուկյանը:
Փաստորեն, Սերժ Սարգսյանը խոսում է մինչեւ 2040 թ. Հայաստանի բնակչությունը 4 մլն դարձնելու, ՀՆԱ-ի՝ մոտ 5,5 անգամ աճ ապահովելու եւ 57-60 մլրդ դոլարի հասցնելու մասին: Հիմա էլ Կ. Կարապետյանի կառավարությունն է որոշել էլեկտրաէներգիայի սակագները մինչեւ 2036թ. անփոփոխ պահելու ծրագրեր գծել: Լավ է, որ իշխանությունները երկարաժամկետ կտրվածքով զարգացման ծրագրեր են պլանավորում: Միայն թե պարզ չէ՝ ի՞նչ մեխանիզմներով է իրագործվելու այդ ամենը: Օրինակ՝ ի՞նչ միջոցներով է ձեւավորվելու նույն այդ «կայունացման հիմնադրամը», որտեղի՞ց են ճարելու այդ գումարները: Եթե իշխանությունների հույսն էլի քաղաքացիներն են, երբ համազգային դրամահավաքի միջոցով հիմա էլ կայունացման հիմնադրամի համար փորձեն միջոցներ ապահովել, ապա կստացվի՝ միեւնույն է՝ քաղաքացին է վճարելու էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման համար, ու կապ չունի՝ այս անգամ նա ինչպես է վճարելու՝ կանխավճարայի՞ն, թե՞ հետվճարային սկզբունքով: Էլ չենք ասում տեխնիկական մյուս խնդիրների մասին: Այնպես որ, ամենակարեւոր հարցի պատասխանն անհայտ է: Այս հարցերի պատասխանն անհայտ է անգամ նախարարի համար, որը թեեւ հայտարարեց «ամբիցիոզ ծրագրի» մասին, բայց եւ ավելացրեց, որ հիմնադրամը ստեղծելու համար դեռ փորձում են միջոցներ ճարել:
Բայց իշխանությունների համար կարծես կարեւոր է ոչ թե բուն ծրագրի իրագործումը, ոչ թե սեփական խոսքի լրջությունը, այլ քարոզչական էֆեկտը. առավել եւս, երբ շատ-շատերը չեն խորանա նախարարի ձեւակերպումների մեջ եւ ուշադրություն չեն դարձնի, որ նա խոսել է ընդամենը մտադրությունների մասին, առանց որեւէ կոնկրետության: Իսկ եթե վաղը այս ամենը չստացվի, կարդարանան, որ իրենք ուզում էին, փորձում էին, բայց դե ի՞նչ արած:




Լրահոս