ՏՆՏԵՍԱԿԱՆ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿՐԿԻՆ ԱՆՊԱՏՐԱՍՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մասնագետներն ահազանգում են՝ Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքի տնտեսական պատժամիջոցների՝ օգոստոսի 2-ից սկսած նոր փուլը՝ իր անմիջական հետեւանքներով, շուտով կզգացվի նաեւ Հայաստանում:

Հայտնի փաստ է՝ հայկական տնտեսությունը մեծ կախվածության մեջ է Ռուսաստանից, հատկապես ԵՏՄ-ին անդամակցելուց հետո: Հետեւաբար այնտեղ կատարված ցանկացած վայրիվերում իր ազդեցությունը կթողնի նաեւ Հայաստանի տնտեսության վրա, ընդ որում, շատ ավելի խորը: Ի վերջո, Հայաստանի տնտեսությունը փոքր է եւ արտաքին ազդակների հանդեպ գերզգայուն: Նման երեւույթի ականատես արդեն եղել ենք, երբ 2014թ. օգոստոսից ՌԴ-ի նկատմամբ Արեւմուտքը կտրուկ պատժամիջոցներ սահմանեց, եւ արդեն 2015թ. բացասական հետեւանքներն իրենց զգացնել տվեցին: Ընդ որում, այն ժամանակ Հայաստանը դեռ ԵՏՄ լիիրավ անդամ չէր, թեեւ Սերժ Սարգսյանն արդեն հայտարարել էր Մաքսային միությանն անդամակցելու մասին: Մինչդեռ հիմա լինելով տնտեսական այդ միավորման անդամ,՝ իրավիճակն այլ է, եւ հետեւանքները՝ զգալի:
Իշխանությունները, իհարկե, փորձում են ձեւացնել, թե ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներն առանձնապես չեն մտահոգում: Երեկ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ասել է. «Այդ պատժամիջոցները նոր չեն, արդեն մեր տնտեսությունն ադապտացվել է, եւ այս պահին դեռեւս մեծ մտահոգություններ չեմ տեսնում»: Ըստ նրա, այժմ Հայաստանը փորձում է կանխատեսումներ ու վերլուծություններ անել՝ պարզելու համար, թե ինչ է սպասվում մեր երկրի տնտեսությանը ՌԴ նկատմամբ պատժամիջոցների հետեւանքով: «Այժմ վերլուծություններ են արվում, քանի դեռ այդ արդյունքները մենք չունենք, ես չեմ ցանկանում խոսել որոշակի թվերի մասին»,- երեկ ասել է Կարայանը՝ միաժամանակ համոզելով, թե Հայաստանը փորձում է այլ երկրների հետ եւս համագործակցել, շուկաները դիվերսիֆիկացնել: «Մեր արտահանման կառուցվածքով առաջին վեց ամիսների ընթացքում, եթե ԵԱՏՄ շուկաներում արտահանումն աճել է 25 տոկոսով, ապա արտահանումը դեպի ԵՄ շուկա աճել է 20 տոկոսով»,- ասել է նա:
ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն էլ իր հերթին է անդրադարձել այս թեմային՝ ասելով, որ Հայաստանը փորձում է Ռուսաստանից դուրս ակտիվացնել տնտեսական կապերն այլ երկրների հետ. «Բոլորի համար ակնհայտ է, որ երբ Ռուսաստանում տնտեսության ոլորտում տեղի են ունենում բացասական երեւույթներ, դա անդրադառնում է բոլոր հարեւանների վրա: Դրա դասական օրինակն այն է, որ երբ Ռուսաստանում եղավ ճգնաժամ, դա անդրադարձավ թե՛ ԵԱՏՄ անդամ Հայաստանի վրա, թե՛ ոչ անդամ Ադրբեջանի վրա, թե՛ դեպի Եվրամիություն գնացող Վրաստանի վրա»: Հետեւաբար, ըստ նրա, պատժամիջոցների՝ ՀՀ-ի վրա ազդեցությունը մեղմացնելու ուղղությամբ որոշակի քաղաքականություն է տարվում. «Ընդհանուր մեր արտաքին տնտեսական քաղաքականությունը հետեւյալն է՝ եղած տնտեսական կապերը խորացնել եւ ստեղծել նոր տնտեսական կապեր, նոր հարաբերություններ»:
Միայն թե, նկատենք, տնտեսության դիվերսիֆիկացման, ՌԴ-ից դուրս տնտեսական կապերն ակտիվացնելու մասին իշխանությունները մտածում են հիմա, երբ արդեն մոտ են պատժամիջոցների հետեւանքները: Այնինչ՝ կարելի էր այս ուղղությամբ քայլեր անել ավելի վաղ: Առավել եւս, երբ կան դրա հնարավորությունները. լինելով ԵՏՄ անդամ՝ Հայաստանը միաժամանակ օգտվում է GSP+ համակարգից, այն է՝ կարող է արտոնյալ ռեժիմով առեւտուր անել ԵՄ անդամ երկրների ու ԱՄՆ-ի հետ: Մնում է՝ կարողանան լուծել այդ խնդիրը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տնտեսագետ Վահագն Խաչատրյանը ՌԴ-ի նկատմամբ Արեւմուտքի տնտեսական պատժամիջոցների համատեքստում ուշադրություն հրավիրեց այս հանգամանքի վրա. «Զուտ մասնագիտական գնահատականներ պետք է տամ. մեր արտահանման կառուցվածքն անհանգստություն է առաջացնում, քանի որ տեսնում ենք կախվածությունը ռուսական շուկայից: Ու այս իրավիճակում, երբ իշխանությունները խոսում են ԵՏՄ առավելություններն օգտագործելու մասին, վկայում է մեկ փաստի մասին՝ նրանք լրջորեն չեն պատկերացնում Հայաստանին սպասվող վտանգները: Իսկ ինչու չենք օգտագործում GSP+ համակարգի հնարավորությունները, որպեսզի ապահովենք մրցակցությունը: Եվրոպական շուկաներում հայկական բիզնեսը ներկայացված չէ: Այլընտրանքային տարբերակներ պետք է օգտագործել, որը չկա: Եւ այդ հանգամանքը նոր պատժամիջոցների պարագայում անհանգստացնող է»,- ասաց նա: Ինչ վերաբերում է Կարայանի պնդմանը, թե այս տարի ավելացել են դեպի ԵՄ անդամ երկրներ արտահանման ծավալները, Խաչատրյանը հակադարձեց. «Հիմնականում պղնձի հումքն են արտահանել դեպի Բուլղարիա, բայց դա համարել հաջողություն, ձեռքբերում, ներկայացնել դիվերսիֆիկացիա, լուրջ չէ»: Իսկ եվրոպական շուկա հայկական ապրանքները, ըստ Խաչատրյանի, մուտք չեն գործում մի քանի պատճառով. «Հայաստանում տնտեսական ազատությունների սահմանափակումները, մենաշնորհները խանգարում են ներքին մրցակցությանը, եւ բերում են նրան, որ արտաքին շուկա չենք կարող մրցունակ ապրանք հանել, լավագույն դեպքում հարմարվում ենք ԵՏՄ շուկային եւ վերջ: Եւ այս խնդիրը լուծում է պահանջում»,- նշեց նա:
Այնպես որ, նկատենք, Հայաստանին դժվարությունների նոր փուլ է սպասվում, իրավիճակ, որին այդպես էլ պատրաստ չենք:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԼԻՆԻ
ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն անդրադարձել է սեպտեմբերին Նյու-Յորքում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների կայանալիք հանդիպմանը: Ըստ նրա՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, որ կազմակերպել են հանդիպումը, շատ հետեւողական են թե՛ իրենց քայլերով, թե՛ իրենց հայտարարություններով։ «Եվ այսօր իրենց երկու առաքելությունից, որ իրենք ունեն, մեկը նպաստել է, որ կողմերը գան ինչ-որ համաձայնության, երկրորդը՝ թույլ չտալ, որ սկսեն ռազմական գործողությունները։ Այսօր իրենք կենտրոնացած են երկրորդի վրա՝ դաշտում խոսել որեւէ առաջընթացի մասին, անհնարին է, պատճառը Ադրբեջանն է իր քաղաքականությամբ»,- ասել է Քոչարյանը: Հատկանշական է փաստը, որ ե՛ւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ե՛ւ Հայաստանն այսօր առավել քան ռեալ են համարում Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսումը, եւ պատահական չէ, որ ԱԳ փոխնախարարն իր խոսքում առանձնացրել է այդ փաստը:

 

 

ԴԵՌ ՀՈՒՅՍ ՉԿԱ
Մինչ Երեւանի քաղաքապետարանը փորձում է հատուկ խումբ ստեղծել կամուրջներից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն կատարելու դեպքերը կանխելու ուղղությամբ, նման դեպքերն ավելի հաճախակի են դառնում: Ինչպես հայտնի է՝ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը միջնորդագիր է ուղարկել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ կամուրջներից նետվելու միջոցով ինքնասպանության դեպքերի կանխարգելման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: «Ժողովուրդը» Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանից հետաքրքրվեց, թե այս ընթացքում ինչ է արել աշխատանքային խումբը, եւ երբ հստակ արդյունքներ կունենանք: Ի պատասխան՝ Գեւորգյանը դժվարացել է աշխատանքների ավարտի հստակ ժամկետ նշել՝ ասելով, թե այն կարճ ժամանակում կատարվող չէ, եւ նաեւ ֆինանսական ծախսեր են պահանջում: «Աշխատանքային խումբը նրա համար է, որ բոլոր տարբերակներն ուսումնասիրվեն, հաշվարկվեն այն ծախսերը, որը պետք է արվի: Հետագայում ավագանին էլ պետք է հաստատի նաեւ համապատասխան ծախսերը», – նշել է նա: Կարող ենք եզրակացնել, որ մոտ ապագայում այս առումով առաջընթաց չենք կարող արձանագրել: Հետաքրքիր է՝ Տ. Մարգարյանի ղեկավարած քաղաքապետարանը թանկարժեք կոնյակների ու այլ շռայլ ծախսերի գումար ունի, իսկ կամուրջները պաշտպանելով՝ կյանքեր փրկելու համար՝ ոչ:

 

 

ԽԻՍՏ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը նախարար Լեւոն Մկրտչյանի կողմից թիրախավորվել է: «Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ նախարարը վերջերս իր մոտ է կանչել Արամ Կարապետյանին եւ խիստ զգուշացում տվել պաշտոնին հրաժեշտ տալու մասին: Տեսչության պետին զգուշացում տալու պատճառն այն է, որ տեսչությունը որոշ դեպքերում խախտումներով է աշխատել: «Ժողովուրդ»-ի հարցին` հնարավո՞ր է հրաժարական տա, տեսչության պետ Արամ Կարապետյանն արդարացավ` նշելով. «Չար լեզուներն են: Մենք նախարարի հետ նման խոսակցություններ չենք ունեցել: Նման հարց չկա օրակարգում: Հակառակը, մենք վարչապետի կողմից մի շարք հանձնարարականներ ենք ստացել»:

 

 
ԶԳՈՒՇԱՑՐԵՑ
Միացյալ Նահանգները երեկ նախազգուշացրել է Հյուսիսային Կորեային, որ միջուկային զենքը կիրառելու ձգտումը կարող է վերջ դնել իր ռեժիմին եւ կործանել սեփական ժողովրդին։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության այս նախազգուշացումից ժամեր անց Հյուսիսային Կորեան կրկնեց սպառնալիքները միջին հեռավորության բալիստիկ հրթիռներով ԱՄՆ-ի Գուամ կղզին թիրախավորելու շուրջ: Պետական հեռուստատեսության հաղորդմամբ՝ հրթիռները կանցնեն Ճապոնիայի վրայով եւ կընկնեն կղզուց 40 կմ հեռավորության վրա, եթե երկրի առաջնորդ Կիմ Ջոնգ Ունը հաստատի գործողության ծրագիրը: Հիշեցնենք՝ երեկ Հյուսիսային Կորեան սպառնացել էր հրթիռային հարված հասցնել խաղաղօվկիանոսյան Գուամ կղզում գտնվող ամերիկյան ռազմակայաններին:

 

 

12-ԱՄՅԱ
Այս տարվա սեպտեմբերից Հայաստանն անցնում է 12-ամյա պարտադիր կրթության համակարգի։ ՅՈՒՆԵՍԿՈ-ի միջազգային ինստիտուտի՝ 2015 թվականի վիճակագրությամբ՝ Հայաստանում դպրոցահասակ երեխաների միայն 78 տոկոսն է ավագ դպրոց հաճախում։ Մյուսներն ընտրում են միջին մասնագիտական կրթությունը, իսկ տարեկան մոտ 4500 երեխա հիմնական դպրոցից հետո չի շարունակում կրթությունը՝ սահմանափակվելով 9-ամյա կրթությամբ։ ՄԱԿ-ի հետազոտության համաձայն՝ Հայաստանում տարեկան մոտ 300 երեխա էլ անավարտ է թողնում կրթությունը։ Պատճառը հիմնականում սոցիալական ծանր վիճակն է։ Կառավարությունը մշակել է ծրագիր, որի միջոցով վերահսկվելու է, թե քանի երեխա է կիսատ թողնում կրթությունը եւ ինչ պատճառով։ Անապահով երեխաների բացահայտման պիլոտային ծրագիրը մեկնարկելու է Լոռու մարզում։

 

 

ՈՒՏՈՒՄ, ՇՊՐՏՈՒՄ ԵՆ
Կառավարության նախաձեռնությունը՝ հին աղբավայրերը նորերով փոխարինելու մասին, չի հանգեցնի աղբահանության գնի բարձրացմանը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Նախարարը շեշտեց, որ աղբահանության գինը չի թանկանալու, բայց խստացվելու է վճարման մեխանիզմը: «Շատ տեղերում 200 դրամից ավել է: Հայաստանում տարածքներ կան, որտեղ 250 դրամ է, 300 դրամ է, Մեղրիում, օրինակ, 400 դրամ է, իսկ Երեւանում՝ 200 դրամ: Գինը չի թանկանալու, բայց բոլորը պետք է վճարեն, իրավաբանական անձինք պետք է վճարեն: Եթե տարածքներ կան, որտեղ 50 դրամ է, բայց նորմալ աղբահանություն չեն իրականացնում, մարդկանց պետք է բացատրեն, որ 50 դրամը կարող է դառնալ 100, բայց կլինի նորմալ աղբահանություն, մարդիկ նորմալ միջավայրում կապրեն»,- ասաց Դավիթ Լոքյանը: Նախարարը նշեց, որ ներկայումս Սեւանում է եւ դժգոհ է պատկերից: Լոքյանն ասաց, որ ամենուր աղբի տոպրակներ են, պլաստմասե շշեր. «Բերել են, ինչ-որ բան են կերել, ջուր են խմել, գցել են ու գնացել: Ինչքա՞ն կարելի է, լա՛վ: Նման բաների մասին է պետք խոսել: Սեւանում հիմա պետք է տեսնեք՝ ինչքան մարդ կա, այդքան էլ տոպրակ կա: Աղբի մեքենաները կանգնած են, աշխատում են, բայց մարդիկ տոպրակները գետնին են գցում: Դրա համար մարդուն մեկ-երկու անգամ տուգանել է պետք, որ իմանան, որ չի կարելի»: Դավիթ Լոքյանի խոսքով՝ սեպտեմբերի 5-ին օրենքը կներկայացվի Ազգային ժողով:




Լրահոս