«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի կառուցման ծրագիրը կշարունակվի. Կարեն Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հյուսիս-հարավ ճանապարհային ներդրումային ծրագիրը» կշարունակվի: Այս մասին սեպտեմբերի 1-ին Գյումրիում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ չմանրամասնելով երբ և ինչ միջոցներով: «Ծրագիրը հարցականի տակ չէ, անպատճառ անելու ենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց վարչապետը: Խոսելով իր պաշտոնավարման ընթացքում իրականացրած ծրագրերի մասին վարչապետը փաստեց. «հենց մեկ տարին լրանա յուրաքանչյուր նախարարություն ու գերատեսչություն կխոսի, ես էլ կխոսեմ»: Անդրադառնալով Շիրակի մարզում անցկացրած փակ խորհրդակցությանը՝ Կարեն Կարապետյանը հանդիպումը բավական արդյունավետ ու նպատակային որակեց:

«Սա, ըստ էության, երկրորդ մարզային այցն է և այսօրվա նյութը շատ առարկայական և կիրառական էր: Այսօր մենք գույքագրել ենք խնդիրները, մատնանշել ենք անելիքները: Յուրաքանչյուր գերատեսչություն գիտի իր խնդիրները և մեր այս հանդիպումները պարբերական են լինելու, կլինեն նաև պարբերաբար հանդիպումներ և՛ մարզպետների, և՛ խոշոր համայնքների ղեկավարների հետ»,-նշեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ Գյումրու պատմական կենտրոնի՝ «Կումայրի» արգելոցի վերականգնման ծրագիրը շարունակական կլինի: «Շինարարներն ասում են՝ բավական դժվար աշխատանքներ են, կարող է հոկտեմբերի 1-ին չհասցնեն ավարտել, բայց այդ ծրագիրն անպայման անելու ենք: Մենք պետք է փաստենք՝ Գյումրու նման ներուժ զբոսաշրջության համար մենք շատ չունենք և հետևողականորեն այս ծրագիրը պետք է շարունակենք»,- ընդգծեց կառավարության ղեկավարը:




Լրահոս