Փնտրվում է տնտեսական աճն իրենց մաշկի վրա զգացած քաղաքացիներ. պաշտոնյաներին ու նրանց բարեկամներին չառաջարկել

Փնտրվում է տնտեսական աճն իրենց մաշկի վրա զգացած քաղաքացիներ. պաշտոնյաներին ու նրանց բարեկամներին չառաջարկել

Ըստ ավանդության, անտիկ աշխարհի երեւելիներից մեկը՝ փիլիսոփա Դիոգենեսը, օրը ցերեկով վառվող լապտերը ձեռքին՝ շրջում էր Աթենքի փողոցներում: Եւ երբ անցորդները հետաքրքրվում էին, թե որն է տարօրինակ վարմունքի պատճառը, փիլիսոփան պատասխանում էր. «Մարդ եմ փնտրում, մա՛րդ»:
Այս պատմությունը հիշեցինք տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանի՝ նախօրեի հայտարարություններից հետո, երբ ասել էր, թե քաղաքացիներն իրենց մաշկի վրա սկսել են զգալ կառավարության գրանցած աննախադեպ տնտեսական աճը. «Մեր կատարած աշխատանքի մասին խոսում են այն թվերը, որոնք հրապարակում է վիճակագրական ծառայությունը: Երբեւէ տեսե՞լ եք, որ նման տիպի արդյունաբերության, արտահանման աճ լինի, դա է խոսում, որ տնտեսությունը զարգացել է: Ու քաղաքացին դա զգում է իր մաշկի վրա, քանի որ ստեղծվել են նոր աշխատատեղեր, զարգանում է զբոսաշրջությունը»:

Այո՛, այո՛, ճիշտ հասկացաք՝ Հայաստանի տնտեսությունը կրկին սկսել է վագրի թռիչքներով զարգանալ, եւ մարդիկ այդ ամենը զգում են իրենց մաշկի վրա: Ու հիմա կարելի է Դիոգենեսի նման վառվող լապտերով շրջել Հայաստանի բնակավայրերով եւ որոնել իրենց մաշկի վրա այդ աներեւակայելի հաճույքը գեթ մի պահ զգացած մարդկանց: Կամ կարելի է Հայաստանում «փնտրտուքի միամսյակ» հայտարարել ու այդպես որոնել երջանիկներին: Շատ ավելի լավ կլիներ, եթե Կարայանը ձեռքի հետ մեկ-երկու հասցե մատնանշեր: Ամեն դեպքում, հետաքրքիր է տեսնել նման մարդկանց:

Խոսքն, իհարկե, չի վերաբերում իշխանավորներին կամ նրանց մերձավոր հարազատներին: Նրանք այսպես, թե այնպես իրենց մաշկի վրա դրական փոփոխությունները զգում են՝ ոչ թե տնտեսական աճին, այլ իրենց բարեկամների պաշտոնական առաջխաղացմանը զուգահեռ:

Քիչ էր մնում՝ մոռանայինք. տնտեսական նման աճ գրանցող երկրում զարմանալի զուգադիպությամբ շարունակվում է արտագաղթը, այն էլ՝ ահռելի չափերով, նվազում է ծնելիությունը, այսինքն՝ ժողովրդագրական վիճակն իրոք ողբերգական է: Տնտեսական նման աճ գրանցող երկրում զարմանալի զուգադիպությամբ նվազում են օտարերկրյա ներդրումները, մեծ տեմպերով աճում է պետական պարտքը եւ այսպես շարունակ: Բայց սա արդեն կարեւոր չէ: Հետո՞ ինչ, որ տնտեսական աննախադեպ աճին զուգահեռ նման պատկեր է: Կարեւորը ամպագոռգոռ հայտարարություններն են, պաթոսը, էյֆորիան ու, վերջապես, «ծանր թեմաներով» հարցերից խուսանավելը, ինչպես երեկ արել է Կարայանը. «Ես ճիշտ չեմ համարի մեկնաբանելը, թե 2012-2016 թթ ընթացքում որքանով է կրճատվել բնակչության թիվը, այլ կոչ կանեմ անդրադառնալ նրան, որ նոր աշխատատեղեր են ստեղծվում»,- լրագրողի հարցին ի պատասխան՝ ասել է նա:
Այնպես որ, ուռա՛, ընկերներ, ուռա՛. այսքան ուրախ կյանքը մեզ ընկեր ՀՀԿ-ն է տվել: