Ո՞ր պատգամավորները կհամարձակվեն «ֆեյք» լրագրողներին զրկել հավատարմագրերից

Ո՞ր պատգամավորները կհամարձակվեն «ֆեյք» լրագրողներին զրկել հավատարմագրերից

Պատգամավորներից շատերը «Ժողովուրդ»-ի հետ մասնավոր զրույցներում անթաքույց բողոքում են, որ ցանկացած նորելուկ ինչ-որ անհայտ «լրատվամիջոցի լրագրողի» անվան տակ մտնում է խորհրդարան եւ միջանցքներում փորձում իրենց գործարքներ առաջարկել, գումար կորզել եւ այսպես շարունակ:

Ու եթե այն ժամանակ պատգամավորները դժգոհում էին, թե իրենք այդ ամենի դեմը չեն կարող առնել, քանի որ հավատարմագրման գործը ԱԺ նախագահի եւ խորհրդարանի աշխատակազմի որոշելիքն է, ապա հիմա միանգամայն այլ իրավիճակ է. այսուհետ նոր խորհրդարանում, ԱԺ նոր կանոնակարգ-օրենքի համաձայն, լրատվամիջոցների հավատարմագրումն իրականացնելու է ԱԺ խորհուրդը:

Իսկ այդ մարմինը կազմված է խորհրդարանի նախագահից, փոխնախագահներից, խմբակցությունների ղեկավարներից ու հանձնաժողովների նախագահներից: Դեռ ավելին՝ այդ խմբում երկու պրոֆեսիոնալ լրագրող կա՝ ԱԺ եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ու «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Այնպես որ, հիմա այդ խորհրդի 17 անդամները կարող են հավատարմագրման հարցերը որոշել, եւ հետաքրքիր է՝ նրանցից քանիսը կհամարձակվեն վերջապես տարբերակում մտցնել լրատվամիջոցների եւ դրա անվան տակ հանդես եկող իմաստակների միջեւ:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ-ում մոտ 230 լրագրող է հավատարմագրման հայտ ներկայացրել: