Ինչո՞ւ բռնկված հրդեհները աղետ դարձան. նախարարն իր աշխատանքը ոչ բավարար է գնահատում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով այն հարցին, թե ինչպես կգնահատեր իր աշխատանքը որպես ԱԻՆ կառույցի ղեկավար, ասաց. «Դեռեւս ոչ բավարար»:
Ինչպես նկատում ենք՝ հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակի հետ մեկտեղ ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում արտակարգ իրավիճակների նախարարությունում: ԱԻՆ նախարար Դավիթ Տոնոյանը իր շուրջն է հավաքում պաշտպանության նախարարության իր կոլեգաներին: Օրերս էլ ՊՆ փոխնախարար Արա Նազարյանը ազատվեց պաշտոնից եւ նշանակվեց ԱԻՆ փոխնախարար:

Կառավարության նիստից հետո լրագրողները Դավիթ Տոնոյանից հետաքրքրվեցին, թե ՊՆ-ի կադրերին ԱԻՆ տեղափոխելով՝ նախարարն իր մարդկա՞նց է տեղավորում եւ իր թի՞մն է ստեղծում. «Այո՛, ես նաեւ իմ թիմն եմ հավաքում: Ընդամենը 7 ամիս է, որ աշխատում եմ եւ իրավունք ունեմ հավաքելու իմ թիմը, որպեսզի կարողանամ ճիշտ կազմակերպել իմ աշխատանքը»:
«Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հետ:

-Պարո՛ն Տոնոյան, Խոսրովի արգելոցի, Վայոց ձորի հրդեհները մարեցին, այժմ սթափ գլխով վերլուծենք իրավիճակը, ինչո՞ւ բռնկված հրդեհները աղետ դարձան, միայն քամի՞ն էր պատճառը, թե՞ ոչ ժամանակին արձագանքելը:

-Տարածման մեջ, իհարկե, քամին մեծ խնդիր ունեցավ, ուղղակի դա հնարավոր չէր: Երբ որ մենք սկսեցինք արձագանքել, արդեն մոտավորապես մեկ քառակուսի կիլոմետր պարագծով, ոչ թե պարագծով, այլ շառավիղով հրդեհը տարածվում էր բոլոր ուղղություններով:

-Ինքներդ նշեցիք՝ երբ սկսեցիք արձագանքել, բայց այստեղ ուշագրավն այն է, որ դեռեւս օգոստոսի 8-ին եւ ոչ միայն վերոնշյալ օրը արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարություն էր տարածում, որ հրդեհավտանգ իրավիճակ է, եւ ԱԻՆ-ը պատրաստ է ցանկացած խնդիր լուծելու: Կոնկրետ կասեք՝ կանխարգելիչ ի՞նչ գործողություններ արեցիք, երբ հրդեհներ չկային:

-Կանխարգելիչ աշխատանքները իրականացվել են եւ շարունակվում են իրականցվել:

-Կոնկրետ նշե՛ք, թե ինչ կանխարգելիչ աշխատանքներ եք իրականացրել:

-Դա ճանապարհներ են, դա ջրատար ուղիներ են, բայց խնդիրը նրանումն է, որ Խոսրովը արգելոց է, եւ այնտեղ էկո-համակարգի վրա ազդեցությունը խիստ սահմանափակ է:

-Մի շարք բնապահպաններ բարձրաձայնեցին, որ Խոսրովի արգելոցի հրդեհը կանգնեցնելու համար ցեմենտը օգտակար չէ, այլընտրանք չունեի՞նք, ինչո՞ւ հող, ավազ չօգտագործեցիք՝ հրդեհը կանգնեցնելու համար:

-Չէ՛, դա այնպիսի քանակներ են, որ ընդհանրապես բնապահպանական խնդիրներ չեն կարող առաջացնել, որովհետեւ դա նույն կրակատարն է, որը ալյուր է դարձված, ալյուրի մակարդակի է հասցված:

-Մենք ապրում ենք այսպիսի Հայաստանում. մայրաքաղաքում հորդառատ անձրեւ է գալիս, պատրաստ չենք, մեքենաները մնում են ջրի տակ, հրդեհը է լինում, պատրաստ չենք, պատերազմ է լինում, պատրաստ չենք, իսկ ինչի՞ն ենք, ի վերջո, մենք պատրաստ:

-Ես այդպիսի հայտարարություն չեմ արել:

-Դուք չեք արել, բայց իրավիճակը ցույց է տալիս, որ երբ խնդիր է լինում, ոչ մի բանի դեմ առնելու հնարավորություն չենք ունենում, այսինքն՝ պատրաստ չեք:

-Արձագանքման կարողությունները, որոնք մենք ունենք, հնարավորություն տվեցին՝ շատ փոքր ժամանակահատվածում խնդիրների լուծում տանք, շատ փոքր ժամանակահատվածում:

-Որպես ԱԻՆ կառույցի ղեկավար եւ նախարար՝ ինչպե՞ս եք գնահատում Ձեր աշխատանքը: Օրինակ՝ ՊՆ-ում 2-5 բալանոց սանդղակով գնահատում էիք զինվորականների աշխատանքը: Իսկ ինչպե՞ս կգնահատեք Ձեր աշխատանքը:

-Դեռեւս ոչ բավարար:

-Պարո՛ն Տոնոյան, հասարակության մի մասը պահանջում էր Ձեր հրաժարականը, պատրաստվո՞ւմ եք հրաժարական տալ:

-Ո՛չ:

զրուցեց Քնար Մանուկյանը




Լրահոս