Ինչու է 3.5 ամիս առաջ ստեղծված ընկերությանը կառավարությունը արտոնություն տալիս

Ինչու է 3.5 ամիս առաջ ստեղծված ընկերությանը կառավարությունը արտոնություն տալիս

ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Քեյր Գրուպ» ընկերության կողմից այս սեպտեմբերի 8-ից մինչեւ 2018 թվականի ապրիլի 30-ը ներառյալ ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը կհետաձգվի 3 տարի ժամկետով: Նշենք, որ ներդրումային ծրագրի շրջանակներում «Քեյր Գրուպ» ընկերության նպատակն է զբաղվել Երեւանում բամբակի, բամբակյա պարագաների եւ խոնավ անձեռոցիկների արտադրությամբ: Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 720 մլն դրամի չափով ներդրում՝ սարքավորումներ ձեռք բերելու նպատակով, որն էլ իր հերթին լինելու է փուլերով։

Այժմ ընկերությունը առաջին փուլով նախատեսում է շուրջ 170 մլն դրամի չափով ներմուծել սարքավորումներ։ Ընկերությունը խոստացել է, որ ստեղծվելու է մոտ 90 աշխատատեղ, միջին աշխատավարձը կազմելով` 2018 թվականին 120 հազար դրամ, 2019-ին 140 հազար դրամ եւ 2020-ին 160 հազար դրամ:

Ի դեպ ընկերությունը պատրաստվում է Գերմանիայից, Իտալիայից և Թուրքիայից ներմուծել խաչաձև դանակներ, մանագործական սարքավորումներ, բամբակի, բրդի փաթեթավորման սարքեր և այլն:

ArmLur.am-ը ՀՀ պետական ռեգիստրից տեղեկացավ, որ ընկերությունը հիմնադրվել է այս տարվա մայիսի 22-ին, իսկ հիմնադիրներն են Լեւոն Սահինյանը եւ Էլեն Միքայելյանը: Ստացվում է, որ մոտ 3.5 ամիս առաջ ստեղծված ընկերությանը կառավարությունը նման արտոնություն է տալիս: