Պատրաստվում ենք այն օրվան, երբ մեր առաջարկները կդրվեն քվեարկության. Ալեն Սիմոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 2-ին Երևանի ավագանու Կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը գումարել է հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են ավագանու որոշման մի շարք նախագծեր, այդ թվում՝ փողոցների անվանակոչության «Ելք» խմբակցության անդամների առաջարկած որոշման նախագծերը: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը: Հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ որոշել է բացասական եզրակացություն տալ փողոցների անվանակոչության վեց նախագծերին:

Արդյոք սպասելի էր հանձնաժողովի նման որոշումը և ի՞նչ ակնկալիքներ կան ավագանու նիստից: Հարցի առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանի հետ:

Վերջինս նշեց. «Երևանի քաղաքապետարանը այս հարցը օրակարգ կմտցնի մոտակա 4 ամսվա ընթացքում և քննարկի, ուղղակի հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել: Հանձնաժողովի այս որոշումը գնահատելու համար շատ կարևոր է, որ իմանաք այն պատկերը, որը տիրում էր այդ հանձնաժողովում և հանձնաժողովականները, որոնց մի մասը հայտնի մտավորականներ էին, վեճի էին բռնվել իրար մեջ և չէին ուզում դեմ քվեարկեին:

Իրենց վեճը կայանում էր նրանում, որ հանրապետական ներկայացուցիչը, որը ներկա էր, պահանջում և հիշեցնում էր, որ իրենք պայմանավորվել են, որ բոլորին պետք է դեմ քվեարկեն: Դրանով իսկ շատ վատ վիճակի մեջ էին դնում մտավորականներին, որոնք հրաժարվում էին դեմ քվեարկել Մոնթե Մելքոնյանին, Լեոնիդ Ազգալդյանին, Ապրիլյան հերոսներին: Դրա համար ունեցանք այն պատկերը, որը, որ ունեցանք. շատ մեծ քանակությամբ ձեռնպահներ կային, իսկ Մոնթեի պարագայում (խմբ. – առաջարկվում է Իսակով պողոտան Լենինգրադյան փողոցին կապող ճանապարհը Մոնթե Մելքոնյանի անունով անվանակոչել) կար 4 կողմ, 3 դեմ և 4 ձեռնպահ», – ասաց Ալեն Սիմոնյանը:

Վերջինս հավելեց, որ իրենք շարունակել են պայքարը:

«Պատրաստվում ենք այն օրվան, երբ մեր առաջարկները կհայտնվեն ավագանու օրակարգում և կդրվի քվեարկության: Ես անձամբ անհամբեր կսպասեմ, տեսնելու՝ ի՞նչ խղճով, դեմքի ի՞նչ արտահայտությամբ նրանք իրենց թույլ կտան դեմ քվեարկել ապրիլյան պատերազմի հերոսներին, կաթողիկոսին: Ուզում եմ տեսնել այդ մարդկանց դեմքերը: Արդյոք այդ մարդիկ դեմ կքվեարկեն իրենց ինքնությանը, հոգուն ու խղճին: Այդ դեպքում մենք վերջնականապես կկորցնենք հավատը թե՛ մտավորականների, թե՛ այսօրվա բարոյական մթնոլորտի նկատմամբ», – եզրափակեց մեր զրուցակիցը:

Լուսինե Առաքելյան




Լրահոս