Ադրբեջանը հայտարարել է բանակցությունները շարունակելու պատրաստակամության մասին. գնդակը նրանց դաշտում է. խմբագրական

Ադրբեջանը հայտարարել է բանակցությունները շարունակելու պատրաստակամության մասին. գնդակը նրանց դաշտում է. խմբագրական

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հրաժեշտի ասուլիսը, երբ նա ներկայացրեց Ղարաբաղյան խնդրի` բանակցային սեղանի դրված հիմնական սկզբունքները, ծառայեց իր նպատակին. կրկին աշխուժացան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանավեճերը:

Այս օրերին ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը կրկին սկսել են խոսել բանակցությունները վերսկսելու եւ այդպես հիմնախնդիրը լուծելու պատրաստակամության մասին՝ ավանդույթի համաձայն՝ չմոռանալով բոլոր ձախողումների մեղքը բարդել միմյանց վրա:

Բայց այստեղ շատ ավելի կարեւոր է փաստը, որ սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ գագաթնաժողովից առաջ կողմերը հայտարարում են բանակցային սեղան վերադառնալու եւ հակամարտությունը կարգավորելու պատրաստակամության մասին:

Ինչպես հայտնի է՝ ՄԱԿ գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո մինչեւ տարեվերջ հնարավոր է՝ կազմակերպվեն Սարգսյան-Ալիեւ բանակցություններ: Ու որքան էլ Նալբանդյան-Մամեդյարով, հետո նաեւ Սարգսյան-Ալիեւ բանակցություններից մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ (ի վերջո, նախկինում նման բազմաթիվ հանդիպումներ են անցկացվել, բայց ԼՂ խնդիրն այդպես էլ լուծում չի ստացել), փաստը, որ նրանք հիմնահարցը փորձում են լուծել բանակցությունների միջոցով, կարեւոր է:

Եւ այս համատեքստում ուշագրավ է վերջին օրերին ադրբեջանական կողմի հռետորաբանության մեղմացումը. Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովն ասել էր. «Եթե Հայաստանն ընդունի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի կողմից նշված սկզբունքները նոր չեն, եւ ինքն ընդունում է դրանք, ապա անհրաժեշտ է սկսել առարկայական բանակցություններ՝ մանրամասների քննարկման համար»:

Իսկ երեկ էլ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հաջիեւն է հայտարարել, թե «Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է առարկայական բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջ քաշած առաջարկների վերաբերյալ, որոնք բանակցությունների սեղանին են:  Ինչպես ասվում է՝ գնդակը Հայաստանի դաշտում է»:

Ադրբեջանցի պաշտոնյաները, միգուցե, մոռացել են, թե ինչպես էին իրենք կարգավորման սկզբունքները համաձայնեցնելուց հետո հերթական բանակցությունների ժամանակ նոր առաջարկներ ներկայացնում` քաջ գիտակցելով, որ այնտեղ ներառել են Հայաստանի համար, մեղմ ասած, անընդունելի դրույթներ, ինչպես են վերջին պահին հրաժարվել պայմանավորվածություններից:

Այնպես որ, եթե կողմերն իրոք ցանկանում են լուծել խնդիրը, ապա պետք է գնան կոնկրետ քայլերի, այլ ոչ թե սոսկ հայտարարություններ անեն: