ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՆ ԱՆՊԱՏՐԱՍՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է` չեն դադարում Վայոց ձորի Արտավան գյուղի մերձակա անտառում, ինչպես նաեւ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհները: Արդյունքում, բավական լուրջ վնասներ է հասցվել բնությանը, եւ դեռ տասնյակ տարիներ կպահանջվեն, որպեսզի վերականգնվի վերջին օրերին Խոսրովի անտառներին հասցված վնասը: Չնայած հրդեհաշիջման աշխատանքներին՝ ներգրավվել են ոչ միայն ԱԻՆ-ը, այլ նաեւ ՊՆ-ն, ոստիկանությունը, քաղաքացիական անձինք, այնուամենայնիվ, չի հաջողվում ամբողջովին մարել կրակը: Բանը հասել է նրան, որ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է ռուսական կողմին՝ խնդրելով տրամադրել հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ. երեկ երեկոյան ԻԼ-76 ջրատար ինքնաթիռն արդեն Հայաստանում էր, ու մասնագետները շարունակում էին իրենց գործունեությունը: Անտառային այս հրդեհները, սակայն, բացահայտեցին մեկ ցավալի իրողություն. ՀՀ ԱԻ նախարարությունը պարզապես անպատրաստ է նման միջադեպերին: Ընդ որում, այնպես չէ, որ անտառային հրդեհներն անսպասելի էին. ընդհակառակը, դեռ օգոստոսի 8-ին ԱԻՆ-ը հայտարարություն էր տարածել` զգուշացնելով ՀՀ-ում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով անտառային եւ հարակից բուսածածկ տարածքներում հրդեհների առաջացման եւ տարածման վտանգի մասին՝ նաեւ խորհուրդ տալով առավել հրդեհավտանգ տեղերում ստեղծել հսկիչ կետեր եւ վստահեցրել. «Հրշեջները պատրաստ են կատարել իրենց վրա դրված պարտականությունները»: Բայց այս հրդեհները ցույց տվեցին, որ հակառակ նախարարության պնդումներին՝ համակարգը պարզապես անպատրաստ էր արտակարգ իրավիճակներին, եւ կրակի լեզուները շարունակում են տարածվել:
Հիշեցնենք՝ անցյալ տարի Արթիկում երբ ջրհեղեղ եղավ, ԱԻՆ-ն էլի անակնկալի եկավ, եւ նույնիսկ 1 պոմպ չկար՝ տներից ջուրը մաքրելու համար: Ու վտանգավոր է անգամ պատկերացնել, թե ինչ կլինի, եթե իսկապես մեր երկրում արտակարգ իրավիճակ գրանցվի:

 

 

 
Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադառնալով ԵՏՄ ապագային, այնքան էլ լավատեսական կանխատեսումներ չի արել: «Հիմա ես չէի ցանկանա շատ լավատեսական կանխատեսումներ անել, բայց չէի էլ ցանկանա այդ միության ավարտը տեսնել: Ես այն մարդկանց թվին չեմ դասվում, ովքեր հեռուն գնացող կանխատեսումներ են անում, որոնք չեն կատարվում: Այն, որ միությունը պոտենցիալ ունի, դա ակնհայտ է: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ զարգացումներ կլինեն առաջիկայում: Իհարկե, խնդիրները շատ են, սակայն պետք է փորձենք հաղթահարել այն խնդիրները, որոնք կարող են բերել բարդությունների»,- ասել է նա: Միաժամանակ, Սիմոնովը համեմատության եզրեր է անցկացրել ԵՄ-ի ու ԵՏՄ-ի միջեւ՝ ասելով. «Եթե ԵՄ-ում մեծ մասամբ ուժեղ տնտեսություն ունեցող երկրներ են, ապա ԵՏՄ-ում այդպես չէ, կա մի երկիր` ՌԴ-ն, որը տնտեսապես դոմինանտ դիրքերում է: ԵՏՄ-ին այժմ պակասում է սեփական տնտեսությունը, եւ այն գործում է միայն քաղաքական ցանկությունների հիման վրա»:

 

 

 
Հայաստանում ուրբաթ օրը մեծ շուքով նշվեց շինարարի օրը, անգամ վարչապետ Կարեն Կարապետյանը պարգեւատրեց մի շարք շինարարների: Բայց արի ու տես, որ իրական կյանքում Հայաստանում այդ ոլորտում ծավալների նվազման հետեւանքով շինարարական մի շարք ընկերություններ պակասեցրել են հարկային վճարումները: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շինարարության ծավալները նվազել են 12 տոկոսով: Խոշոր հարկատուների թվում են շինարարական «Ղարաբաղցյանշին», «Բաղրամյանշին», «Ագաթ-777» ընկերությունները, որոնք եւս նվազեցրել են հարկերը: Հատկանշական է, սակայն, փաստը, որ իր հարկերն ավելացրել է միայն «Սահակյանշին» ընկերությունը, որը հիմնականում զբաղված է պետական պատվերները կատարելով:

 

 

 
Հայաստանում կալանավորների շրջանում բողոքի ալիք է բարձրանում: Տեւական ժամանակ է` «Ժողովուրդ»-ի խմբագրություն են ահազանգում ՔԿՀ-ներում կալանքի տակ գտնվող անձանց հարազատները` դժգոհելով, որ կալանավորների դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են դատավորների` այլ գործերով խորհրդակցական սենյակում կամ արձակուրդում գտնվելու կամ էլ տեխնիկական խնդիների պատճառով: Իրավիճակը ավելի շատ սրվել է վերջին երկու ամիսներին: Պատճառը քաղաքական հնչեղություն ունեցող դատավարություններն են: Դատական ու իրավական համակարգը ողջ ուժերը կենտրոնացրել են «Սասնա ծռեր» խմբի անդամների, Ժիրայր Սէֆիլյանի, ինչպես նաեւ Նորք-Մարաշում վնասազերծված Արթուր Վարդանյանի զինված խմբավորման անդամների գործով դատական նիստերի վրա, եւ այդ օրերին աշխատում են այլ քրեական գործերով դատական նիստեր չնշանակել: Թե մինչեւ երբ է շարունակվելու այս իրավիճակը, հայտնի չէ. մարդիկ շատ դեպքում հանիրավի կալանավորված են:

 

 

 
ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԿՆՃԻՌՆԵՐ
Հայաստանի եւ Իսրայելի հարաբերություններում որոշակի կնճիռներ են առաջացել: Սա այն բանից հետո, երբ իսրայելական Haaretz լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Ադրբեջանին հարվածային անօդաչու թռչող սարքեր մատակարարող իսրայելական Aeronautics Defence System ընկերության աշխատակիցները Բաքու կատարած այցի ընթացքում Orbiter 1K հարվածային անօդաչու սարքերի կարողությունները ադրբեջանական կողմին ցուցադրել են հայկական դիրքերի դեմ իրականացված հարվածի միջոցով: Թերթի փոխանցմամբ՝ սկզբում իսրայելական ընկերության աշխատակիցները հրաժարվել են կատարել անօդաչու սարքերը հայկական դիրքերի վրա ուղղելու հրահանգը, բայց, ի վերջո, բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը գնացել է այդ քայլին ու վրիպել: Aeronautics Defence System հերքում է թերթի հրապարակումը, սակայն Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել է այդ կապակցությամբ հետաքննություն իրականացնելու մասին: Կատարվածին անդրադարձել է նաեւ ՀՀ ԱԳՆ-ն, որի խոսնակը հայտարարել է. «Մենք խնդիրների մասին տեղյակ ենք, հետեւում ենք դրանց: Ես որեւէ հնարավորությունների մասին չեմ կարող խոսել: Գործընթացներ կան»:
Հատկանշական է փաստը, որ այս միջադեպի մասին հրապարակումները եղան հայ-իսրայելական հարաբերությունների ջերմացման ֆոնին: Օրերս Հայաստանում էր Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հաներգբին, ընդ որում, տեւական ժամանակ է` այդ երկրից որեւէ պաշտոնյա նման այց չէր կատարել: Մի քանի տարի Իսրայելի հետախուզության եւ անվտանգության հարցերի պատասխանատու նախարարի պաշտոնը զբաղեցրած նախարարը Երեւանում խոսել էր հայ-իսրայելական հարաբերություններում «ճեղքում» գրանցելու մասին՝ մյուս կողմից փորձելով զերծ մնալ ռազմաքաղաքական ոլորտի վերաբերյալ հարցապնդումներից: Իսկ ավելի վաղ` այս տարվա հունիսին, Հայաստանում էր Իսրայելի խորհրդարանի պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը, որը խոսել էր ռազմական ոլորտում համագործակցության մասին` ասելով. «Իսրայելը զինամթերք մատակարարող երկրների հնգյակում է, եւ դա գաղտնիք չէ։ Բաց աղբյուրներով՝ ռազմական արդյունաբերության միջոցով Իսրայելը տարվա ընթացքում 5,6 մլրդ դոլար գումար է աշխատում… ՀՀ-ին եւս առաջարկվել է գնել զինամթերք, բայց պաշտպանության նախկին նախարարն ասել է, որ այն թանկ է, եւ մեզ հարմար չէ, իսկ հիմա գնդակը ՀՀ ձեռքում է։ Մենք միշտ բաց ենք։ Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանին զենք վաճառելուն, ձեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ն Ադրբեջանին ավելի շատ զենք է վաճառում։ Հետաքրքիր է՝ այս հարցը դուք տալի՞ս եք ՌԴ-ին»: Ու հիմա նման միջադեպերը կամ առնվազն միջադեպերի մասին հրապարակումները պատահական չեն:




Լրահոս