ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՐԱ ՍԱՆԿՑԻԱՆԵՐԸ ՔԻՉ ԿԱԶԴԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ օգոստոսի 2-ից նոր պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ օրենք է ընդունել: Այդ պատժամիջոցներն ուղղված են լինելու Ռուսաստանի նավթագազային սեկտորի եւ բանկային համակարգի դեմ: Ի թիվս այլ միջոցառումների, ԱՄՆ նախագահն արգելում է մեղմել Ռուսաստանի եւ Իրանի դեմ պատժամիջոցները: Նկատենք, որ Եվրամիությունը քննադատել է ԱՄՆ Կոնգրեսի քայլը՝ նշելով, որ դա կարող է վնաս հասցնել Եվրամիության տնտեսական եւ էներգետիկ շահերին, «անկանխատեսելի հետեւանքների» բերել հատկապես էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացիայի հարցում:

Այն, որ նոր պատժամիջոցները կարող են անմիջական ազդեցություն ունենալ նաեւ Հայաստանի վրա, ակնհայտ է: Ի վերջո, Հայաստանի տնտեսությունն անմիջականորեն կապված է ՌԴ տնտեսության հետ, եւ այնտեղ կատարվող ցանկացած փոփոխություն իր արտացոլումն է գտնում ՀՀ տնտեսության վրա: «Ժողովուրդը» փորձեց հենց ՌԴ փորձագետներից պարզել, թե ինչ սպասել պատժամիջոցներից թե՛ ՌԴ-ի, թե՛ Հայաստանի համար, եւ ինչ ապագա ունի ԵԱՏՄ-ն: «Ժողովուրդ»-ի զրուցակիցն է Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր եւ գլխավոր տնօրեն, տնտեսական եւ քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը:
-Պարո՛ն Սիմոնով, ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցները ինչպես կանդրադառնան ՌԴ-ի տնտեսության վրա:
-Երկու տեսակի սանկցիաներ կան: Դրանք այն սանկցիաներն են, որոնք նախկինում կային եւ ուժեղացվել են, կան նաեւ այնպիսիները, որոնք ԱՄՆ նախագահի կողմից նոր պետք է ներառվեն, բայց դրանք հիմնականում վերաբերում են էներգետիկ եւ պաշտպանական բնագավառներին: Ինչ վերաբերում է էներգետիկ սանկցիաներին, ապա դրանք վերաբերում են այնպիսի նախագծերի, որոնք մեզ մոտ դեռ չէին էլ սկսվել: Այս վերջիններն ավելի լուրջ են, առաջին հերթին վերաբերում են գազամուղի շինարարությանը, եւ կարող ենք ասել, որ այստեղ խնդիրներ կարող են առաջանալ: Բայց այդ սանկցիաները կա՛մ կարող են ներառվել, կա՛մ ոչ: Եվ գիտենք, որ եվրոպական ընկերությունները շատ բացասական էին արտահայտվել նոր սանկցիաների մասին: Իսկ ինչ վերաբերում է ՌԴ տնտեսությանը սպասվող վնասներին, ապա նշեմ, որ կա սցենար, ըստ որի՝ դրանք առհասարակ կարող են ազդեցություն չունենալ, սակայն նույնիսկ կարող են դրական ազդեցություն ունենալ, քանի որ եվրոպական մի քանի երկրներ մեզ պաշտպանեցին այդ հարցում: Եթե ԱՄՆ-ն գնա տնտեսական պատերազմի ճանապարհով, ապա դա լրիվ այլ իրականություն կլինի: Այդ դեպքում վնասների մասին խոսելը եւս դժվար կլինի:
-Հայաստանում մշտապես խոսում են այդ պատժամիջոցների ազդեցության մասին հենց մեր երկրի վրա: Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ հետեւանքներ կարող ենք սպասել այդ սանկցիաներից:
-Հայաստանի վրա այդ սանկցիաները մի փոքր հեռավոր ազդեցություն ունեն: Իհարկե, Ռուսաստանը ձգտում է որոշակի աջակցություն ցուցաբերել Հայաստանին տարբեր ոլորտներում, փորձում է ակտիվացնել նաեւ ինտեգրացիոն գործընթացները, Հայաստանն այդ ամենի մասն է կազմում: Պետք է մտածել, եթե ԱՄՆ-ն անցնի լիակատար տնտեսական պատերազմի, դա ինչպես կանդրադառնա ՌԴ տնտեսության վրա: Ուղիղ իմաստով սանկցիաները Հայաստանի վրա ազդեցություն չունեն: Պետք է հասկանալ, որ այդ սանկցիաները պարզ չեն, քանի որ նոր սանկցիաներից մի քանիսը դեռ չեն կիրառվել: Հաշվի առնենք, որ այդ սանկցիաները կարող են նաեւ չկիրառվել: Իհարկե, տրամաբանական է կարծել, որ տնտեսական խնդիրները ՌԴ-ում կարող են սանկցիաներից հետո խորանալ:
-Իսկ առհասարակ ինչպե՞ս եք գնահատում ԵԱՏՄ-ի գործունեությունը: Կարծես թե լուրջ ձեռքբերումներ չենք տեսնում:
-Այդ նախագիծը նոր է սկսվում, եւ այս հարցում հեռուն գնացող եզրակացություններ դեռ պետք չէ անել, մանավանդ, եթե համեմատենք այն ԵՄ-ի հետ: Եթե ԵՄ-ում մեծ մասամբ ուժեղ տնտեսություն ունեցող երկրներ են, ապա ԵԱՏՄ-ում այդպես չէ, կա մի երկիր, որը տնտեսապես դոմինանտ դիրքերում է: Ստացվում է, որ այդ դեպքում ՌԴ-ն հանդիսանում է միությունում հիմնական դերակատարը: Մեր միությանն այժմ պակասում է սեփական տնտեսությունը, եւ այն գործում է միայն քաղաքական ցանկությունների հիման վրա: Դա խնդիր է, եւ մենք պետք է տնտեսությունը ռեալ զարգացնենք, այլ ոչ թե միայն ապրենք «ինչ լավ է, որ միասին ենք» խոսքերով: Իհարկե, Հայաստանը եւս ցանկանում է հասկանալ, թե այս միությունը տնտեսապես ինչ օգուտներ եւ բոնուսներ կբերի, եւ պետք է հին մոդելներից ազատվելով՝ գտնել փոխադարձ շահավետ տնտեսական հարաբերություններ, որոնց հիմքերն առկա են, ուղղակի գտնել է պետք:
-Բայց ի՞նչ ապագա եք գուշակում ԵԱՏՄ-ի համար:
-Հիմա ես չէի ցանկանա շատ լավատեսական կանխատեսումներ անել, բայց չէի էլ ցանկանա այդ միության ավարտը տեսնել: Ես այն մարդկանց թվին չեմ դասվում, ովքեր հեռուն գնացող կանխատեսումներ են անում, որոնք չեն կատարվում: Այն, որ միությունը պոտենցիալ ունի, դա ակնհայտ է: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ զարգացումներ կլինեն առաջիկայում: Իհարկե, խնդիրները շատ են, սակայն պետք է փորձենք հաղթահարել այն խնդիրները, որոնք կարող են բերել բարդությունների:

 

 

 

 
ՏԵԽՆԻԿԱ ՉՈՒՆԵՆԱԼԸ՝ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ

Բնապահպան Սիլվա Ադամյանը Հայաստանի համար էկոլոգիական աղետ է որակում Վայոց ձորում եւ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում օրեր շարունակվող հրդեհները: Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ Վայոց ձորի ու Խոսովի անտառներում փրկարարներին չի հաջողվում ամբողջովին մարել կրակը: Նույնիսկ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է ռուսական կողմին՝ խնդրելով տրամադրել հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ:

-Տիկի՛ն Ադամյան, արդեն մի քանի օր է, ինչ Վայոց ձորում եւ Խոսրովի անտառում հսկայական հրդեհները շարունակվում են: Տեղի ունեցածն ինչպե՞ս կարող ենք որակել:
-Մեր երկրում կլիմայական փոփոխությունների հետ կապված խնդիրներ կան: Մասնավորապես երկրագնդում գլոբալ տաքացումների եւ շոգերի պատճառով, որ եղան Հայաստանում, նպաստում են նման կլիմայական փոփոխությունների: Սա էկոլոգիական աղետի սկիզբ է եւ կլինի շարունակական, եթե մենք չփորձենք բնությունը ճիշտ ձեւով կառավարել: Մենք անընդհատ ենք առկա խնդիրների մասին խոսել, բայց ոչ ոք մեզ չի լսել: Սա ունենալու է շարունակություն, եթե մեր կառավարությունը, մեր պատկան մարմինները քայլեր չձեռնարկեն եւ ճիշտ ուղիով գնան: Եթե այդպես շարունակվի, մենք շատ ուրիշ փոփոխություններ կունենանք, լուրջ խնդիրներ կունենանք:
-Իսկ ի՞նչ հետեւանքներ կարող են ունենալ այս հրդեհները, վերականգնումը դժվա՞ր է լինելու:
-Այնտեղ արոտավայրեր կան, որոնք շատ արագ կվերականգնվեն, բայց երկար ժամանակ է պետք, որպեսզի այդ գիհու անտառները վերականգնվեն: Տասնյակ տարիներ են պետք, որ անտառը վերականգնվի, այն էլ Հայաստանի պայմաններում, որտեղ մենք գիտենք, թե ինչ բնակլիմայական պայմաններ կան, եւ պետք է ավելի զգույշ վերաբերվել:
-Քննադատության արժանացավ այն հանգամանքը, որ տեխնիկայի համար դիմել ենք ՌԴ-ին, քանի որ չունենք սեփականը:
-Կարեւոր չէ, թե այդ տեխնիկան ով կտրամադրի, իհարկե, դա միջոցներից մեկն է: Այն, որ մենք չունենք նման տեխնիկա, դա այլ հարց է: Ինձ համար առնվազն տարօրինակ է, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեխնիկա չունի՝ հրդեհների դեմ պայքարելու համար, դա ծիծաղելի է: Ավելին՝ դա ազգային անվտանգության խնդիր է:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 
ՄԻՍԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է
Հայաստանի մսամթերքի եւ ձկնամթերքի շուկաներում կտրուկ թանկացումներ են արձանագրվել: Ընդ որում, մսամթերքի գները հետեւողականորեն են բարձրացել: Օրինակ՝ տավարի միսը այս տարվա հուլիսին, հունիսի համեմատ, թանկացել է 0.9, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` 5.1 տոկոսով: Սակայն է՛լ զգալի թանկացել է խոզի միսը. այս տարվա հուլիսին, հունիսի համեմատ, թանկացել է 6.9, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` 25.9 տոկոսով: Թանկացում գրանցվել է նաեւ գառան, ոչխարի մսի շուկայում. հուլիսին, հունիսի համեմատ` 1.9, իսկ 2016 թվականի հուլիսի համեմատ` 16 տոկոս: Նույն պատկերն է նաեւ թռչնամսի (հուլիսին, հունիսի համեմատ՝ 0.3, իսկ 2016 թվականի հուլիսի համեմատ` 1 տոկոսով), ձկնամթերքի (այս տարվա հուլիսին, հունիսի համեմատ, 0.2, իսկ անցած տարվա հուլիսի համեմատ՝ 21.1 տոկոսով) շուկաներում: Այսօր երեւանյան սուպերմարկետներում տավարի մսի մեկ կգ-ը վաճառվում է 2600-2700, գառան մսինը` 3500-3600 դրամով, խոզինը` 3300-3900 դրամով: Կարծիք կա, որ մսամթերքի գների բարձրացումը պայմանավորված է սեզոնային գործոնով, երբ մարդիկ իրենց հանգստի ժամանակ շատ են միս օգտագործում:

 

 

8 ԱՄԻՍ ԱՆՑ ՏԵՍԱԿՑԵԼ ԵՆ
Հուլիսի 28-ին հայտնի դարձավ, որ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հարազատների տեսակցությունների ու հեռախոսազանգերի վրա դրված արգելքը հանվել է: Նշենք, որ 8 ամիս է, ինչ արգելանք էր դրվել եւ վերջինիս հարազատները հնարավորություն չունեին տեսնել Վահան Շիրխանյանին: Մեզ հետ զրույցում նրա որդին` Գրիգոր Շիրխանյանը, հայտնեց, որ հուլիսի 31-ին իր մայրիկի, քրոջ հետ այցելել են դատապարտյալների հիվանդանոց, որտեղ գտնվում է իր հայրիկը: Տեւական ժամանակ չտեսնելուց հետո ընտանիքի անդամները Վահան Շիրխանյանի հետ հիմնականում խոսել են առողջական վիճակից: Ավելին՝ Գ. Շիրխանյանը հայտնեց, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի այն խցում որտեղ գտնվում է հայրը, անվասայլակը թույլ չեն տալիս ներս մտցնել, որ, ըստ էության, Վահան Շիրխանյանը չտեղաշարժվի. «Սա անթույլատրելի երեւույթ է, բոլորին է հայտնի, որ հայրս առանց անվասայլակի չի կարողանում տեղաշարժվել»:

 

 

ԷԼԻ ՓԱԿ Է
Երեկվանից կրկին փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը, ընդ որում, այն փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։ Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացրել են, որ պատճառը սողանքի վտանգն է։ Առայժմ, սակայն, հայտնի չէ, թե երբ կբացվի ճանապարհը: Հիշեցնենք, որ սա Հայաստանը ԵՏՄ անդամ երկրներին կապող ցամաքային միակ ճանապարհն է, եւ տարվա ընթացքում առնվազն մի քանի ամիս այդ ճանապարհը բնական աղետների եւ նման այլ պատճառների հետեւանքով փակվում է` լրացուցիչ անհարմարություններ ստեղծելով դեպի ՌԴ իրենց ապրանքն արտահանող հայ գործարարների համար:




Լրահոս