ԿԱՆ ԴԵՐԱՍԱՆՆԵՐ, ՈՐ ՄԱՍՆԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՆ ՎԵՐԱԾՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի Զառա Սահակյանը, ով հեռուստադիտողներին հայտնի է իր կերտած հումորային կերպարներով, «Ժողվուրդ»-ի հետ զրույցում խոսել է «Քարե դարդ» սիթքոմում կերտած իր դերի եւ առաջիկայում սպասվող նոր նախագծերի մասին:

-Զառա՛, խոսենք մի փոքր «Քարե դարդ» սիթքոմի Ձեր կերպարի մասին: Հավանո՞ւմ էիք այն, սիրո՞վ էիք խաղում, թե՞ ավելի հարմար առաջարկ չկար, ստիպված ընդունեցիք այն:
-Յուրաքանչյուր կերպար փորձում եմ սիրել, ինչքան էլ որ բարդ լինի այն: Կան շահեկան դերեր, որ միանգամից սիրելի են դառնում հեռուստադիտողի կողմից, եւ կան դերեր, որոնք իրենց մեջ ագրեսիվ տարրեր են պարունակում: «Քարե դարդ»-ի իմ կերպարը հենց այդպիսին էր: Խաղում էի վհուկի կերպար, եւ քանի որ մեր լսարանում հիմնականում մանուկներ են, նրանց կադրի, նկարի, մուլտային տարբերակի շնորհիվ գրավել էր իմ կերպարը: Այն շատ վախենալու կերպար էր, եւ շատ բալիկներ, երբ դրսում հանգիստ խոսում եմ, ասում են՝ ինքը՝ Զազան է, ինչո՞ւ ձայնը վհուկային չէ, ինչպես սիթքոմում: Իմ տղան էլ բացառություն չէ, թեպետ անընդհատ արգելում եմ նրան դիտել սիթքոմներ, բայց, դե՛, երեխա է, չես կարող զրկել, եւ այսօրվա իրականության մի մասնիկն է կազմում սիթքոմային աշխարհը:
-Գիտենք, որ «Քարե դարդ» սիթքոմի թիմով մեկնել էիք ԱՄՆ՝ հյուրախաղերի: Ինչպե՞ս անցավ շրջագայությունը:
-Իմ այսքան փորձի ընթացքում առաջին անգամ երեք օրով շրջագայություն անցկացրինք նավում՝ իհարկե, գլխապտույտը հաղթահարելով, բայց դրա հետ մեկտեղ շատ հետաքրքիր էր ժողովրդի հետ շփումը: Նավը հասնում էր Մեքսիկայի սահման եւ հետ էր վերադառնում նավահանգիստ: Այդ մի քանի օրվա ընթացքում ունեցանք հումորային շոու-ծրագրեր, եւ մեր հայրենակիցները սրտատրոփ սպասում էին մեզ:
-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք: Երբեւէ ցանկություն ունեցե՞լ եք գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու:
-Գեղարվեստական ֆիլմում հանդես եմ եկել հումորային կերպարով: Այո՛, ուզում եմ խաղալ, բայց, չգիտես ինչու, բոլոր ռեժիսորները պիտակավորում են դերասաններին, եթե սկսել ես հումորային կերպարով, արդեն քեզ «comedi» ժանրի մեջ են միայն տեսնում: Դեռեւս ֆիլմում նկարահանվելու այնպիսի առաջարկ չեմ ստացել, որ իմ եւ նրանց ստեղծագործական թիմի ցանկությունը համընկնի, թեպետ այնքան էլ բծախնդիր չեմ: Ինչ վերաբերում է նախագծերին, կան ծրագրեր, որոնք դեռ եփման փուլում են գտնվում: Առաջիկայում սպասվում է նոր նախագիծ «Stand-up» ժանրում, դերասան Հովհաննես Դավթյանի հետ, ակումբային տարբերակով: Բացի այդ՝ հիմա փորձում եմ ինքս իմ նոր նախագծի վրա միտք ներդնել, ինքս փորձել իրականացնել, թեպետ մեր հանրապետությունում դա շատ բարդ է:
-Ի՞նչ առումով է բարդ:
-Ստեղծագործական թիմ հավաքելու, սցենարային իմաստով, այստեղ բոլորը դերասաններ են, բոլորը՝ կատարողներ, բայց արի ու տես՝ նյութը, որն ամենակարեւորն է մեզանում, բացակայում է, եւ դժվար է գտնել լավ սցենարիստների խումբ: Այս պահին որոնման փուլում ենք գտնվում, հուսամ՝ շատ լավ ծրագիր ենք ունենալու, որը ժամանցային գործառույթ կատարելուց բացի՝ նորություն է լինելու, եւ այն կերպարները, որ տարբեր սիթքոմներում խաղացել եմ փոքրիկ մասերով, ընդգրկված կլինեն այստեղ:
-Զառա՛, կարելի է ասել, որ մեծ փորձ ունեք տարբեր հեռուստաընկերությունների հետ աշխատելու, ի՞նչն է պատճառը, որ հաճախ եք այս հեռուստաընկերությունից այլ հեռուստաընկերություն տեղափոխվում: Անհասկացվածություն կա՞:
-Դա մեր իրականությունն է, որից չենք կարող խուսափել: Ավարտվում է մի նախագիծը, սկսվում է մյուսը, այն TV-ում որտեղ գործում ես, ժամանակավոր դադար է, եւ դու դերասան ես, ստանում ես նոր առաջարկ: Շատ ջերմ զգուշացնում ես տնօրինությանը, որ գնում ես նոր նախագիծ, քանի որ նոր առաջարկ չունես տվյալ հեռուստաընկերության կողմից: Կարծում եմ՝ ոչ մի դերասան մասնավոր սեփականության չպետք է վերածվի, թեպետ մեր իրականության մեջ նման նկատառումներ կան:
-Հետաքրքիր է՝ Ձեր կերտած հումորային կերպարներից ո՞րն ամենալավն ընկալվեց ժողովրդի կողմից, եւ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ:
-«Երեւան» սիթքոմով շատ էին հավանել մի կերպար, որտեղ ես, ինչպես սիթքոմում, այնպես էլ իրականում, հղի էի: Խաղում էի մի կնոջ կերպար՝ Ռուզիկի, ով ուներ աղջիկներ, տնային տնտեսուհի էր եւ մի քիչ շեղված: Հասարակության կարծիքն էլ է տարբեր, բայց հիմնականում սիրում են հայ կնոջ կերպարներ: Մեզ մոտ, եթե կերպարը վուլգար է, սկսում են նմանեցնել այն կատարողի հետ:
-Զառա՛, հարցազրույցներից մեկում նշել եք, որ հակահարվածը գործով պետք է լինի, ոչ թե թույն ու թարախով: Թշնամիներ շատ ունե՞ք:
-Չեմ կարծում: Ինձ թվում է՝ թշնամիներ ունեն նրանք, ովքեր որոնում են թշնամիներ: Ես չեմ փնտրում նրանց: Ես չեմ կարծում, որ պատերազմի դաշտում եմ, ուղղակի մեկ-մեկ դիտում եմ իմ կոլեգաների հարցազրույցները, արձագանքները, զարմանում եմ, որ կարծում են՝ իրենց նախանձում են: Շատ ծանր եմ տանում, երբ մարդիկ աննկատ են մնում, դա արդեն մտածելու տեղիք է տալիս: Ես նորմալ եմ համարում քննադատությունը:
-Ձեր ամուսինը զբաղվում է Ձեր պրոդյուսինգով, հե՞շտ է լինել այն մարդու կինը, որը նաեւ Ձեր գործընկերն է: Հասցնո՞ւմ եք կարոտել միմյանց:
-Մեկ-մեկ մենք գործի բերումով սպանում ենք միմյանց: Եթե մեր տանը վեճ է լինում, ապա դա աշխատանքի հետ է կապված, երբ նա իր կարծիքն է ասում, ես իմը, ու այդ ամենը գումարվելով իրար՝ դառնում է վեճ: Մեր քննարկումն ուղղակի շատ բուռն է ստացվում: Ասում եմ՝ Դա՛վ, բայց ինչո՞ւ ենք այսքան բուռն քննարկում, ասում է՝ որովհետեւ պետք է բացատրեմ քեզ, որ տե՛նց չի, ու դու էլ տըտըտըտըտըտ… հայտնում ես քո պատկերացումները (Ծիծաղում է):
-Զառա՛, ընտանիքում այս տարի համալրում սպասվո՞ւմ է:
-Պլանավորել չեմ սիրում, բայց հիմա 100%-ով տրված եմ աշխատանքին, առավել եւս, որ տղաս այս տարի առաջին դասարան պետք է գնա: Կցանկանայի երեխա ունենալ հանգիստ, խաղաղ պայմաններում:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

 
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ «ՄՈԼԱԽՈՏԸ» ՇԱՏ է

Գաղտնիք չէ, որ այսօրվա երիտասարդության շատ չնչին տոկոսն է գիրք ընթերցում: Դրա պատճառների, հետեւանքների, այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է գրաքննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանի հետ:

-Պարո՛ն Գասպարյան, Ձեր կարծիքով` ի՞նչն է պատճառը, որ ներկայիս սերունդը հրաժարվում է տպագիր գիրք կարդալուց:
-Նախ՝ պետք է ասեմ, որ ամեն ինչ գալիս է դպրոցից: Դպրոցում պահանջկոտությունը բավականին թուլացել է, եթե այն իր տեղում լինի, ապա երեխան կկարդա: Երբեմն անգամ ինքը՝ ուսուցիչը, կարդացած չէ, էլ ուր մնաց՝ աշակերտից կարդալ պահանջի: Այսօր տեղեկատվական ցանցը բավականին ընդլայնված է` հեռախոս, համացանց, տարբեր կապի միջոցներ եւ այլն: Դա շտկելու համար նախ՝ պետք է գրքերի գներն էժանացնել: Հեղինակը գիրքը տալիս է գրախանութին, գրախանութը դրա վրա ավելացնում է իր 30% եւ ավելացրած արժեքի հարկը: Թանկ գիրքը չի վաճառվում: Թանկացավ ինչո՞ւ, որովհետեւ տպաքանակները նվազեցին, եւ գրքի ինքնարժեքը բարձրացավ: Ես կարծում եմ, որ գիրքը պետք է էժանանա, եւ նոր հիմքերի վրա պետք է դնել գրադարանային գործոնը: Գրադարանները պետք է ձեռք բերեն նորագույն գրականություն, մինչդեռ նրանց դրա համար որոշակի գումար հատկացվում է: Նոր գրականությունը պետք է մտնի գրադարան: Թող էլէկտրոնային տարբերակով կարդան, միայն թե կարդան, քանի որ չկարդացած մարդը աղետ է, եւ ըստ «օրենքի»` նրանք դառնում են պատգամավորներ, հետո նախարարներ, որը կրկնակի աղետ է, եւ այսպես մեր երկիրը ոչ թե թռչում է՝ թեւերը բացած, այլ սուզվում է՝ ծանր քարը ոտքերին կապած:
-Պարո՛ն Գասպարյան, տարածված կարծիք կա, որ ժամանակակից գրականությունը «մոլախոտ» է հիշեցնում: Դուք ի՞նչ կարծիքի եք:
-Դժբախտաբար, այո՛, այսօրվա ժամանակակից գրականութան մեջ «մոլախոտը» շատ է: Չուղղորդված ընթերցողը, պատահական գիրք վերցնելով ձեռքը, կարող է միանգամից հիասթափվել: Դրա համար պետք է նրանց ուղղորդել, եւ լավ, որակյալ, ժամանակակից գրքերը մամուլով, հեռուստացույցով գովազդվեն: Այս հարցում կարեւորում եմ խիստ մասնագիտական մոտեցումը:
-Ստեղծված իրավիճակի ինչպիսի՞ լուծում եք տեսնում:
-Այսօր կան քաղաքներ, որոնք գրախանութներ չունեն, այ, դա պետք է լինի պարտադիր պայման քաղաքի բոլոր թաղամասերի համար: Միայն Կայարանի փոքրիկ խաչմերուկի վրա 7 հատ դեղատուն կա, բայց ոչ մի գրախանութ: Դրա հետ մեկտեղ ունենք գրքերի առաքման խնդիր: Պետք է մեկը լինի, որ գիրքը ցրի, բաժանի, հասցնի ընթերցողին: Գրախանութ պետք է լինի: Պետք է ստեղծվեն գրավաճառ կենտրոններ: Այսօր մենք համատարած անգործության ենք մատնել այդ ամենակարեւոր ցանցը:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ




Լրահոս