ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանի Խանջյան փողոցում
Գետառի մոտ գտնվող փողոցի այս հատվածի ասֆալտը կարծես սկսել է կամաց-կամաց իջնել՝ առաջացնելով փոսեր։ Այս երեւույթն անհանգստանալու տեղիք է տալիս, քանի որ փլուզման վտանգ կա։ Իսկ թե ինչ է մտածում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հայտնի չէ։

 

 

 
ՀԱՐՑ. Եթե ապաստան ստանալու համար անձը դիմել է եւ մերժվել, ապա նորից դիմելու համար ի՞նչ է պետք:

Լիլյա Մարկոսյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ քաղաքացու ապաստանի դիմումը վերջնական (ներառյալ դատական կարգով) մերժվելուց հետո նա կարող է կրկին դիմում ներկայացնել ՄՊԾ՝ Հայաստանում ապաստան ստանալու համար, եթե ի հայտ են եկել նոր իրադարձություններ եւ փաստեր, որոնք բավարարում են հետեւյալ չափանիշներին.
-նոր իրադարձությունները եւ փաստերը ի հայտ են եկել քաղաքացու առաջին դիմումի վերաբերյալ ՄՊԾ-ի կողմից որոշում կայացվելուց հետո,
-նոր իրադարձությունները եւ փաստերը հաստատում են հետապնդումների ենթարկվելու քաղաքացու երկյուղը կամ հաստատում են նրա քաղաքացիության կամ մշտական բնակության երկիր վերադարձի դեպքում նրա նկատմամբ այնտեղ լուրջ վտանգի առկայությունը:
ՄՊԾ-ն քննության կառնի նոր ի հայտ եկած հանգամանքները եւ փաստերը եւ դիմողի նոր դիմումի վերաբերյալ կկայացնի որոշում: Վերջինիս նոր դիմումը ՄՊԾ-ի կողմից քննության չի առնվի, եթե առկա չեն նոր իրադարձություններ եւ փաստեր:

ՀՀ միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ քաղաքացին իրավունք ունի իր ապաստանի դիմումի վերաբերյալ ՄՊԾ-ի կողմից ընդունված բացասական որոշումը բողոքարկել դատական կարգով, ՀՀ վարչական դատարան, այնուհետեւ ՀՀ վերաքննիչ վարչական դատարան, այնուհետեւ ՀՀ վճռաբեկ դատարան:

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ կենսաթոշակը կարելի՞ է լիազորագրով վճարել: Եթե այո, ապա խնդրում եմ տեղեկացնել, թե որքա՞ն ժամանակ կարելի է վճարել լիազորագրով:

Սվետա Կարախանյան (67 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ կենսաթոշակը լիազորագրով անընդմեջ վճարվում է 12 ամիս` սկսած այն ամսից, երբվանից կենսաթոշակառուն կենսաթոշակ չի ստացել:
Կենսաթոշակ վճարելը դադարեցված լինելու դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը լիազորագրով չի վճարվում, բացառությամբ անձի (կենսաթոշակառուի)՝ քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելու, հոգեբուժական հաստատությունում բուժվելու, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու կամ Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություններ մշտական բնակության մեկնող (մեկնած) անձի կենսաթոշակի գործն ուղարկելու դեպքերի: Ի դեպ, դադարեցված կենսաթոշակի վճարումը լիազորագրով չի վերսկսվում:
Միաժամանակ հայտնում ենք, որ մեկ լիազորագրով անընդմեջ կարող է վճարվել տասներկու ամսից ոչ ավելի ժամանակահատվածի կենսաթոշակի գումար` սկսած կենսաթոշակ չվճարված ամսից, բայց ոչ ավելի, քան լիազորագրի գործողությունը դադարելը:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն կարելի է լիազորագիր տալ այլ անձի, որը 1 տարի կարող է թոշակ ստանալ: Հավելենք, որ ըստ պաշտոնական տվյալների՝ 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 467.782 մարդ, որոնցից աշխատանքային կենսաթոշակառուների թվաքանակը կազմել է 465.550, զինծառայության հետ կապված կենսաթոշակառուների թվաքանակը` 2.232 մարդ: Նշենք, որ կենսաթոշակառուներին նշանակված կենսաթոշակի միջին չափը կազմել է 40.347.8 դրամ:




Լրահոս