Ադրբեջանը կրկին միջազգային սկանդալի կենտրոնում. ինչ կարող է շահել Հայաստանը

Ադրբեջանը կրկին միջազգային սկանդալի կենտրոնում. ինչ կարող է շահել Հայաստանը

Ադրբեջանը, Ալիևների ընտանիքի գլխավորությամբ,  հայտնվել է միջազգային սկանդալի կենտրոնում: Բացահայտվել է կոռուպցիոն սխեմա, որի թիկունքում կանգնած է Ադրբեջանի իշխող վերնախավը: Ըստ մամուլի հրապարակումների` ադրբեջանցի օլիգարխները Մեծ Բրիտանիայում հիմնված 4 ստվերային ընկերությունների միջոցով ստեղծել են գաղտնի հիմնադրամ՝ եվրոպացի քաղաքական գործիչներին, լրագրողներին կաշառելու, փող լվանալու և թանկարժեք գնումներ կատարելու նպատակով:

Գաղտնի սխեմայի հետաքննությունը կոչվել է «Ադրբեջանի լվացքատուն»: Այդ հետաքննությամբ բացահայտվել է, որ Ադրբեջանի իշխող վերնախավի ներկայացուցիչները 2012-2014 թթ. երկրից դուրս են բերել 2.9 մլրդ դոլար, որի մի մասը ծախսվել է տարբեր մարդկանց կաշառելու նպատակով:

The Guardian-ը գրում է, որ ադրբեջանցիները կաշառել են եվրոպացի չինովնիկներին, որպեսզի շեղեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված քննադատության սլաքները: Օրինակ, 2013-ին կաշառվել է ԵԽԽՎ մոնիտորինգային առաքելության նախին նախագահ Էդուարդ Լինթերը:  Ամենամեծ գումարը ստացել է իտալացի քաղաքական գործիչ Լուկա Վոլոնտեն, որն արգելափակել է Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին ԵԽԽՎ բանաձևի ընդունումը։ Դրա համար նրա  հաշվին է փոխանցվել 2 մլն եվրո։

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս էլ Ադրբեջանը հայտնվել էր մեկ այլ սկանդալի կենտրոնում: Բուլղարական «Տրուդ» պարբերականը հրապարակել էր իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը այն մասին, որ Ադրբեջանը դիվանագիտական չվերթների քողի տակ զենք է տեղափոխել Արևելյան Եվրոպայից հակամարտության տարբեր գոտիներ, մասնավորապես՝ Սիրիա, Աֆղանստան, Իրաք, Պակիստան, Կոնգո:

Իհարկե, այս սկանդալներն իրենց արտացոլանքը կթողնեն Ադրբեջանի՝ միջազգային հեղինակության վրա, սակայն այստեղ անելիք ունի նաև Հայաստանը,  ով թեկուզ տեղեկատվական հարթակները պետք է օգտագործի՝  այս հարցերը կրկին ու կրկին անգամ բարձրաձայնելու համար: Արդյո՞ք Եվրոպայում այսուհետ ավելի անհանդուրժող կլինեն Բաքվի ռեժիմի հանդեպ, ցույց կտա միայն ժամանակը:

Նաիրա Հովհաննիսյան