ԱՌԵՎՏՈՒՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհար Զեյբեքչին հայտարարել է, թե Թուրքիան մտադիր է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիր կնքելու մտադրության մասին, որ նրա խոսքով՝ կվերաբերի ծառայությունների եւ ներդրումների ոլորտին:

«Թուրքիան Եվրամիության հետ համաձայնագիր ունի Մաքսային Միության մասին, չխախտելով այն՝ Անկարան ուզում է համաձայնագիր կնքել նաեւ Եվրասիական տնտեսական միության հետ: Մենք Ռուսաստանի հետ համագործակցության հզոր ներուժ ունենք, որն այն համաձայնագրով է՛լ ավելի կընդարձակվի», – նշել է նա:
Նա հավելել է, թե պետք է ամեն ինչ անել, որպեսզի այն չհակասի Եվրամիության հետ իրենց ունեցած համապատասխան համաձայնագրին: Իսկ ինչ է այդ ամենի հետեւանքով սպասվում Հայաստանին, եւ ինչ է ենթադրում այդ համաձայնագիրը: Այս եւ այլ հարցերի պատասխաններ ստանալու նպատակով «Ժողովուրդը» զրուցել է ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովի հետ:
-Պարո՛ն Կոլերով, Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը խոսել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիր կնքելու մտադրության մասին: Ի վերջո, ի՞նչ է ենթադրում այդ համաձայնագիրը:
-Այդ մասին վաղուց է խոսվում: Այդ մասին խոսում էին մինչ Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռների խոցումը: Մինչ այդ արդեն քննարկվում էր ՌԴ-ի հետ ազատ առեւտրի մասին համաձայնագրի հարցը: ԵԱՏՄ-ն ունի նման համաձայնագիր արդեն Վիետնամի հետ, այն մեծ շուկա է, եւ այդպիսի առաջարկություններ կարող են ստացվել նաեւ հետագայում: Ահա այն, ինչ կարող եմ ասել:
-Այսինքն՝ խոսքը միայն համաձայնագրի՞ մասին է, թե՞ ԵԱՏՄ-ին անդամակցելու:
-Ո՛չ, դա միայն նեղ համաձայնագիր է՝ նեղ շրջանակի ապրանքներին վերաբերող:
-Իսկ ինչպե՞ս է իրականացվելու առեւտուրը, եթե Հայաստանի հետ փակ սահման է առկա:
-Կիրականացնեն Ռուսաստանի միջով: Այն փակ սահմանների բացում չի ենթադրում:
-Հայաստանն այստեղ ի՞նչ իրավունքներ ունի: Կարո՞ղ է արգելք դնել այս համաձայնագրի կայացման հարցում:
-Թուրքական ապրանքները վաղուց ազատորեն վաճառվում են Հայաստանում: Հարցն այն է, որ Հայաստանը վաղուց արդեն միացել է Արեւելյան գործընկերությանը, այսինքն՝ Եվրոպական Միությանը: Հայաստանը շուտով կստորագրի Ասոցացման համաձայնագիր ԵՄ-ի հետ: Իսկ Թուրքիան, ինչպես հայտնի է, ԵԱՏՄ-ի հետ գտնվում է նույն մաքսային տարածքում: Այսինքն՝ նոր պարտավորություններ Հայաստանի համար չեն նախատեսվում:
-Իսկ հետագայում այլ երկրներ եւս կարո՞ղ են նման համաձայնագրեր ստորագրել: Օրինակ՝ Ադրբեջանը:
-Ես չգիտեմ, թե ինչ է սպասվում, սակայն ՌԴ-ի տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Բուլուկաեւը մեկնել էր Բաքու եւ նրանց նույնիսկ առաջարկել էր մտնել ԵԱՏՄ: Ադրբեջանի համակիրներ ՌԴ-ում շատ կան, սակայն Դուք գիտեք, որ նախկին նախարարը հիմա գտնվում է տնային կալանքի տակ: Հիմա նրա փոխարեն մեկ այլ մարդ Ադրբեջանին կառաջարկի՞ մտնել ԵԱՏՄ, ես տեղյակ չեմ: Բայց տրամաբանական է, որ ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի մասին նման համաձայնագրերի առաջարկներ դեռեւս կլինեն: Խոսք է գնում նման համաձայնագրերի մասին Իրանի կամ այլ ասիական երկրների հետ: Տրամաբանական կլինի, եթե Ադրբեջանը նույնպես ցանկանա նման համաձայնագիր ստորագրել, սակայն Դուք գիտեք, որ ԵԱՏՄ-ում բոլոր որոշումները կոնսենսուսով են կայացվում: Ես վստահ եմ, որ Հայաստանը դեմ կլինի նման համագործակցության Ադրբեջանի հետ, նշանակում է՝ նա չի ստանա նման համաձայնագիր ունենալու համաձայնություն:

 

 

 
ՎԱՐՉԱՊԵՏԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ԱՐՑԱԽՈՒՄ

Օրեր առաջ տեղեկատվություն տարածվեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքը Արցախում հիմնելու է 200 հեկտար նռան այգի: Այդ լուրը գլխավորապես դրական արձագանքների արժանացավ, բայց եղան նաեւ քննադատություններ՝ մեղադրելով Կարապետյանին, որ նախկինում Արցախում ոչ մի ներդրում չի արել եւ միայն հիմա, որպես վարչապետ, իր PR-ի համար ներդրումներ է խոստանում:

«Ժողովուրդ»-ը գնաց այդ մեղադրանքների հետքերով եւ պարզեց, որ Արցախում Կարապետյանը ե՛ւ բիզնես, ե՛ւ բարեգործական գործունեություն ծավալել է տարիներ շարունակ: Ըստ այդմ, Կարապետյանի ընտանիքը պարբերաբար տարբեր դպրոցներին աջակցել է հատկապես համակարգչային տեխնիկայով: Տարիներ առաջ իր պապական տունը վերանորոգելուց բացի՝ Կարեն Կարապետյանը նաեւ իր միջոցներով բարեկարգել է հայրենի գյուղի՝ Աստղաշենի ճանապարհները եւ մշակույթի տունը: Կարապետյանի միջնորդությամբ ու կապերի շնորհիվ բազմաթիվ այլ խոշոր բարեգործական ծրագրեր էլ են իրագործվել Արցախում: Բացի այդ, ըստ Արցախի ֆինանսների նախարարության հաշվետվությունների՝ ապրիլյան պատերազմի օրերին բացված հատուկ հաշվեհամարին Կարեն Կարապետյանը 100 հազար դոլար է փոխանցել: Ու պատահական չէ, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հատուկ հաշվեհամարին եւ Արցախի ազատամարտիկների միությանն է փոխանցել ընդհանուր առմամբ ավելի քան 1.1 միլիարդ դրամ: Ինչ վերաբերում է բիզնեսին, ապա Կարապետյանների ընտանիքի ամենահայտնի ներդրումն Արցախում «Florence Garden» ռեստորանն է, որը գտնվում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում եւ ակնհայտորեն մի քանի միլիոն դոլար ներդրման արդյունք է: Կարապետյան ընտանիքը զգալի ներդրումներ է կատարել նաեւ Արցախի հիդրոէներգետիկայի բնագավառում՝ ե՛ւ «Արցախ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերության օղակով, ե՛ւ առանձին ՀԷԿ կառուցելու միջոցով:
Այնպես որ, քննադատելուց առաջ թերեւս լավ կլիներ իմանալ իրականությունը: Իսկ քննադատել դեռ կհասցնենք, օրինակ՝ ասելով, թե քիչ ներդրումներ են:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 
ՍԽԱԼ ԵՆ ՀԱՍԿԱՑԵԼ
Լրատվական դաշտի վերջին օրերի քննարկման թեման «Ժառանգություն» կուսակցության՝ քաղաքական այլ ուժերի հետ հանդիպումների մասին չդադարող խոսակցություններն էին: Ամեն ինչ սկսվեց այն բանից, որ «Ժառանգություն» կուսակցության անդամ Սուսաննա Մուրադյանը հայտարարել էր, թե Րաֆֆի Հովհաննիսյանն ու Արմեն Մարտիրոսյանը հանդիպումներ են ունենում այլ ուժերի հետ: Ընդդիմադիր գրեթե բոլոր ուժերը հերքեցին հանդիպումների փաստը: Այժմ էլ Արմեն Մարտիրոսյանն իր հերթին է նշում, որ կուսակցի խոսքերն այլ կերպ են ընկալվել: «Ոնց կարող է հանդիպումներ ունենային, երբ որ պարոն Հովհաննիսյանն էլ էր Հայաստանից դուրս, եւ վերջին շրջանում ես էլ էի Հայաստանից դուրս»: Դիտարկմանը՝ նշանակում է, որ կուսակցության համագումարից հետո ոչ մի ուժի հետ չեք հանդիպել, նա նշեց, թե գրեթե, սակայն չհերքեց, որ Պետրոս Մակեյանի հետ, այնուամենայնիվ, հանդիպում ունեցել են՝ այլ փակագծեր չցանկանալով բացել: Հավելենք նաեւ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին Հայաստանում չէ: Իսկ թե ինչու է նրանց կուսակիցը նման բան հայտարարել, դժվար է ասել:

 

 

ԱՃ ՆԿԱՐԵԼՈՒ ՏԵՂ ՉՈՒՆԵՆ
Հայաստանում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները այս տարվա յոթ ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 2.1 տոկոսով նվազել են: Անկում արձանագրվել է նաեւ այս տարվա հուլիսին՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` 4.3 տոկոսով: Նկատենք, որ սա պաշտոնական վիճակագրության տեսանկյունից աննախադեպ վատ ցուցանիշ է: Բայց պատճառ է մեկ այլ երեւույթի. տնտեսական աճ նկարելու հարցում վերջին տարիներին իշխանությունները դիմել էին գյուղատնտեսության օգնությանը` նկարելով ոլորտի ցուցանիշները: Ու այդ ընթացքում այնքան էին ուռճացրել դրանք, որ հիմա հակառակ պատկերն է: Եւ գյուղնախարար Իգնատի Առաքելյանի շոու-արարները չեն փրկում իրավիճակը:

 

 

ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՓՐԿՎԵԼ
Սերժ Սարգսյանի մտերիմ, հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանի ընկերությունը թալանած անձինք փորձում են խուսափել պատիժը կրելուց: Բայց ապարդյուն: Ինչպես հայտնի է՝ գործարար Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսեղին, թալանել են հենց իր ընկերության աշխատակիցները. «Ֆլեշ Մոտորս» ՍՊԸ կոմերցիոն բաժնի մենեջերներից Կոնստանտին Կոստանյանը 2014-2015թթ. ընթացքում ընկերությունից հափշտակել է 65.6 մլն դրամ կամ մոտ 135 հազար դոլար արժողությամբ տարբեր տեսակի ավտոպահեստամասեր: Այս արարքի համար Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը Կոստանյանին ազատազրկման էր դատապարտել 5 տարվա ժամկետով: Վերջինիս պաշտպանը բողոքարկել է վճիռը ՀՀ վերաքննիչ՝ պահանջելով, որ պատիժը պայմանականորեն չկիրառվի, սակայն դատարանը մերժել էր: Ինչեւէ: «Ֆլեշ Մոտորս»-ի նախկին աշխատակիցը հիմա էլ դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան՝ փորձելով վճռաբեկի միջոցով հասնել փրկության:




Լրահոս