ԻՆՉՈ՞Ւ Է ՆՎԱԶԵԼ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՀԵՏ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի՝ Հայաստան այցը շատ էր ոգեւորել ՀՀ իշխանություններին: Իր հյուրի հետ հանդիպման ժամանակ՝ երեկ, Սերժ Սարգսյանը խոսել է երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարային ուղղությունների մասին՝ ընդգծելով. «Մենք քննարկեցինք երկկողմ տնտեսական համագործակցության խթանման, փոխգործակցության նոր հորիզոններ դուրս գալու հնարավոր ուղիները եւ առկա միջոցները:…Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք առաջ մղել մասշտաբային նախագծեր:…Մեր բանակցությունների ընթացքում պարոն նախագահն ասում էր, որ ինքն արդեն մտածում է ոչ թե միլիոնանոց, այլ միլիարդանոց նախագծերի մասին: Դա մեզ ոգեւորում է, եւ մենք, իհարկե, կաշխատենք այդ ուղղությամբ»: Սերժ Սարգսյանի այս ոգեւորությունը, մեղմ ասած, անհասկանալի է, թեկուզ եւ այն առումով, որ դեռ պարզ չէ, թե ինչպես են իրականացվելու միլիարդանոց նախագծերը: «Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից պարզեց, որ այս տարիների ընթացքում Թուրքմենստանից Հայաստանում ներդրումներ չեն արվել, արտաքին առեւտրաշրջանառության ծավալներն էլ չնչին են: Իսկ ինչ վերաբերում է առեւտրին, ապա այն գնալով միայն նվազում է:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Թուրքմենստանի հետ Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը 2015 թվականին կազմել է 17 մլն 785 հազար 500 դոլար, իսկ անցած տարի նվազել է՝ հասնելով 11 մլն 957 հազար 800 դոլարի. սա արտաքին առեւտրաշրջանառության 0.2 տոկոսն է կազմում: Նվազման տեմպերը պահպանվել են նաեւ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում, երբ նախորդ տարվա հունվար-հունիս ամիսներին 8.6 մլն դոլարի առեւտրի փոխարեն այս տարի ապրանքաշրջանառությունը կազմել է հազիվ 2.6 մլն դոլար: Սակայն այս մասին պաշտոնական քարոզչամեքենան ոչինչ չասաց:

 

 
Դատական համակարգում ուշագրավ զարգացումներ են սկսվել. «հին դատավորների» բոլոր այն վճիռները, որոնք տուժող կամ մեղադրող կողմի կողմից բողոքարկվում են ՀՀ վերաքննիչ դատարանում, անպայման բեկանվում են: Սա այն պատճառով, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ, 37-ամյա Վազգեն Ռշտունին, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը եւ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը, որոնք մտերիմ ընկերներ են, ցանկանում են իրավապահ ողջ համակարգը իրենց բուռը հավաքել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, իհարկե, ասել է, թե նման խնդիր չկա: «Խորհուրդ չէի տա այդպիսի հարցերի անդրադառնալ, քանի որ որքան ես եմ անմնացորդ սիրում Հայաստանի Հանրապետությանը ու ժողովրդին, այդքան Ռշտունի Վազգենը: Մենք ինչ-որ անձնական կապերով պայմանավորված՝ պետական խնդիրների մեջ երբեք մեզ բարոյական իրավունք թույլ չենք տա ներգործելու»:

 

 
Սեպտեմբերի 1-ին ընդառաջ ՀՀ կառավարությունը տհաճ անակնկալ է նախապատրաստել դպրոցների համար: ՀՀ կրթության եւ գիտության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունները երեկ ՀՀ կառավարությանն են ներկայացրել մի շարք դպրոցների խոշորացման վերաբերյալ որոշման նախագծեր: Ասել է, թե 2017-2018 ուսումնական տարում շատ դպրոցներ պարզապես կփակվեն, եւ ուսուցչական կոլեկտիվը կդառնա գործազուրկ: Բայց այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ փակվող դպրոցների տնօրենները, բանից անտեղյակ, պատրաստվում են սեպտեմբերի 1-ին: Օրինակ՝ Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի դպրոցի տնօրեն Գագիկ Մարաբյանը «Ժողովուրդ» թերթից տեղեկացավ, որ կառավարությունը որոշել է իրենց դպրոցը փակել՝ միացնելով Արտավազդի դպրոցին: «Բայց ես տեղյակ չեմ: Նույնիսկ պաշտոնապես այդ մասին որեւէ մեկից չեմ լսել: Հիմա ես, ինչպես անցած տարի, բնականոն հունով աշխատում եմ, գրքեր եմ ստացել…»,- ասել է նա:

 

 

 
Վարչապետ Կարեն Կարապետյանն ու իր թիմի նախարարները փորձում են ամեն կերպ հեռու մնալ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրդեհի թեմայից՝ խուսափելով նաեւ պատասխանատվությունից: Եւ այդ ամենը նրանք անում են ցուցադրաբար: Երեկ կառավարության նիստից հետո Խոսրովի անտառի հրդեհի թեմայով ասուլիս էին հրավիրել ոլորտի պատասխանատուները՝ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: Իսկ ահա գյուղատնտեսության նախարարությունից ասուլիսին ներկա էր փոխնախարար Աշոտ Հարությունյանը: Այս նախարարությունից «Ժողովուրդ»-ին պարզաբանեցին, որ հրդեհաշիջման աշխատանքներին նախարարությունից ընդգրկված էր փոխնախարարը, հետեւաբար նա է եղել ասուլիսին: Փաստորեն, բավական չէ՝ նախարար Իգնատի Առաքելյանը, ի տարբերություն Դ. Տոնոյանի եւ Ա. Մինասյանի, ոչ մի օր անձամբ չմասնակցեց անտառի հրդեհաշիջման աշխատանքներին (մինչդեռ նրա անմիջական պատասխանատվության տակ է գործում «Հայանտառ» ՊՈԱԿ-ը), երեկ եւս իր գործընկերների կողքին չէր՝ լրագրողների հետ հանդիպմանը գործուղելով տեղակալին: Սա պատահական չէ. Առաքելյանը վարչապետի թիմի անդամ է, այն վարչապետի, որը հրդեհաշիջման օրերին մեկնել էր արձակուրդ եւ Ղարաբաղում սկուտեր էր վարում: Ի դեպ, վարչապետը երեկ մի բառ չխոսեց, որեւէ հանձնարարություն չտվեց հրդեհների թեմայով:

 

 

 
ԱՐԳԱՄԻՉԻ ԱԿՆԱՐԿՆԵՐԸ
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկվա հարցազրույցն ուշագրավ էր: Սկզբում Աբրահամյանն անդրադարձել է իր ընտանիքին պատկանող բիզնեսը վաճառելու եւ կապիտալն արտերկիր տեղափոխելու լուրերին՝ հայտարարելով. «Պետական կառավարման համակարգում երկարամյա ծառայության ընթացքում դադարել էի զբաղվել գործարարությամբ, մի բան, որով շատ արդյունավետ էի զբաղվում տարիներ առաջ։ Հիմա ժամանակ ունեմ, ունեմ շատ գաղափարներ ու աշխատում եմ դրանց իրականացման ուղղությամբ։ …Ափսոսում եմ, որ օպտիմալացման ուղղված ցանկացած բիզնես-գործարք, չգիտես ինչու, անպայման լուսաբանվում է կապիտալն արտահանելու համատեքստում։ Դա նախ` վատ ազդակ է մեր գործարար հանրությանը, եւ երկրորդ՝ անարդար է իմ հանդեպ՝ մարդու, ով մեկ անգամ չէ ապացուցել, որ մինչեւ վերջին բջիջը մեր հողի ու ջրի մասնիկն է»։
Այնուհետեւ Աբրահամյանը խոսել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակի մասին` շեշտելով ձեռքբերումները: «Ուրախանում եմ ակնհայտ ձեռքբերումներով: Ինձ ուրախացրեց, որ ռուսական ներքին անձնագրերով Հայաստան այցելելու հնարավորության պատուհանի բացման՝ դեռ երկու տարի առաջ սկսած մեր ջանքերը, իրավակարգավորման այդ ողջ աշխատանքը վերջապես դրական ավարտ ունեցավ, ինչի արդյունքները, կարծում եմ, արդեն իսկ տեսանելի են։ Հայաստան-Իրան սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծման ուղղությամբ շատ երկար ենք աշխատել, կարծում եմ` շուտով այն լիարժեքորեն կսկսի գործել. դրա արդյունքներն էլ արագ տեսանելի կլինեն։ Անհամբերությամբ եմ սպասում 2014 թվականին ջրամբարաշինությունը գերակա ուղղություն հռչակելու շրջանակում նախաձեռնված կարեւորագույն 4 ջրամբարների կառուցման ծրագրի հաջողությանը. այդ ծրագրերը երկար ու հետեւողական աշխատանք են պահանջել եւ նույնպես մեծ էֆեկտ են ունենալու։ Նույնը գյուղմթերքների արտահանման լայն ենթակառուցվածքի ձեւավորման դաշտում է»,- հայտարարել է նա:
Առաջին հայացքից տպավորություն է, թե տարեսկզբին ՀՀԿ-ից հեռացած եւ Սերժ Սարգսյանի հետ հեռակա բանավեճում մայր գետերի, ինքնամոռաց առվակների ու գետը լցվող տեխնոլոգիական գործարանի խառնուրդային ջրերի կողմից հունը «մխտռելու» մասին հայտարարած Աբրահամյանը մեղմացրել է տոնայնությունն ու այսօր գովում է նոր կառավարության ձեռքբերումները: Բայց իրականում այդ ձեռքբերումների մասին խոսելիս նա բաց տեքստով հայտարարել է, թե հիմքերը դրվել են դեռ իր վարչապետության օրոք: Ասել է, թե Հովիկ Աբրահամյանն ուղիղ տեքստով ե՛ւ Սերժ Սարգսյանին, ե՛ւ վարչապետ Կարեն Կարապետյանին, ե՛ւ, ընդհանրապես, իշխանություններին հասկացնում է, որ եղած դրական երեւույթները ոչ թե նրանց, այլ իր կառավարության աշխատանքի արդյունքն են, հետեւաբար պարտական են իրեն: Հետաքրքիր է՝ ինչպես այս ամենին կարձագանքի իշխանությունը:




Լրահոս