«Ինվալիդ եմ…». ինչպես է որբ աղջիկը տարիներ շարունակ Դուբայում «անդադար» պոռնկության շահագործման ենթարկվել, հիվանդացել և ուղարկվել Հայաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

38-ամյա փոքրամարմին Աղունիկը կազմակերպված խմբի կազմում է ընդգրկված եղել: Խումբը զբաղվել է թրաֆիքինգի նպատակով մարդկանց հավաքագրելու, տեղափոխելու, փոխանցելու, թաքցնելու, սեռական՝ պոռնկության շահագործման վիճակի մեջ դնելու և պահելու հանցավոր գործունեությամբ:

Թրաֆիքինգով զբաղվող այս կազմակերպված խմբի գործով դատապարտված է մոտ մեկ տասնյակ մարդ:

Արաբական Միացյալ Էմիրություններում բնակվող անձինք էին ստեղծել կազմակերպված հանցավոր խումբը և հանցավոր մտադրություններն իրագործելու նպատակով կատարել էին դերաբաշխում:

Աղունիկը Հայաստանից հավաքագրել է կանանց, համոզել է, նրանց անձնագրի պատճենն ուղարկել է հանցավոր խմբի ղեկավարին, իսկ վիզան ու տոմսը ստանալուն պես հայ կանանց ուղարկել է Դուբայ:

Աղունիկը մեկ անգամ հանդես է եկել մեղայականով՝ խոստովանելով նոր արարքներ, որոնք տեղ են գտել մեկ այլ քրեական գործում:

Աղունիկը դատապարտվել է 11 տարի 7 ամիս ազատազրկման:

Ապա նոր տուժողներ են ի հայտ եկել, ու Աղունիկը կրկին ամբաստանյալի կարգավիճակ է ստացել:

Այս անգամ դատապարտվել է 11 տարվա ազատազրկման: Վերջնական պատիժ է նշանակվել 12 տարի ազատազրկումը:

Գործով տուժողը հաշմանդամության կարգ ունեցող, որբ կին է: Այտուցված- աղճատված էր նրա դեմքը, հատկապես՝ շրթունքների շրջանը: Աղջիկը մեծացել է տատիկի մոտ: Երբ տատիկը մահացել է, բարեկամները ինչ-որ չափով հոգ են տարել, նա մանկատուն չի ընկել: Սակայն և՛ բարեկամները, և՛ սոցիալական ծառայություններն ու պատկան մարմինները ինչ-որ պահից աչքաթող են արել ծնողազուրկ աղջկան: Ու նրան անմիջապես իր ոստայնն է գցել զոհ փնտրող Աղունիկը:

Հինգ տարի շարունակ աղջիկը Դուբայում զբաղվել է մարմնավաճառությամբ: Ինչպես ինքն է ասել՝ զբաղվել է «անդադար, առանց դադարի»: Թե օրական ինչքան է աշխատել՝ ասաց՝ չգիտի, ամբողջ աշխատած գումարը տվել է հավաքագրող Նելլիին:

Աղջկա հիվանդությունը սկսել է այնպես զարգանալ, որ Նելլին նրան հեռացրել է Դուբայից, ուղարկել է Ռուսաստան՝ Դոնի Ռոստով: Ապա համացանցային հայտարարությամբ բնակարան է վարձակալել Վանաձորում:

Հիմա, ըստ տուժողի, ինքը դեղորայքային օգնություն է ստանում «Կարմիր խաչից»՝ «Քսուքներ են տալիս, դեղեր… ես ինվալիդ եմ… ոչ, հաշմանդամության կարգ չունեմ…»:

Հիշեցնենք` այս խմբի կազմում շատ այլ տուժողներ էլ են եղել, և նախորդ տարի ավարտվեց մեկ այլ դատական քննություն` երկու քույրերի մասով, ովքեր ևս մեղադրվում էին հայ կանանց սեռական շահագործման ենթարկելու մեջ:




Լրահոս