Այսօր հայ մեծանուն դիրիժոր Օհան Դուրյանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օհան Դուրյան (1922թ. սեպտեմբերի 8, Երուսաղեմ — 2011թ. հունվարի 6, Երևան), հայ մեծանուն դիրիժոր։

Հովհաննես Խաչատուրյանը (Օհան Դուրյանը) ծնվել է 1922 թվականին Երուսաղեմում։ Հայրը եղել է ատաղձագործ Խաչատուր Խաչատուրյանը, մայրը` արաբուհի: Հաճախել է Երուսաղեմի շվեյցարա-գերմանական դպրոցին պատկանող վեցամյա դասընթացներին, որից հետո ընդունվել է Երուսաղեմի միջնակարգ դպրոց:

Հանրակրթական առարկաներին զուգընթաց, ստացել է հարմոնիայի, դաշնամուրի և երգեհոնի դասեր: 1939թ. ավարտել է միջնակարգ դպրոցը և մինչ 1941թ. մասնակցել երաժշտական անհատական դասընթացների, միաժամանակ դասավանդել անգլերեն, արաբերեն և երաժշտություն:

1941-45թթ սովորել է Երուսաղեմի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի և դիրիժորական արվեստի բաժնում, որին զուգահեռ, սովորել է երգեհոն նվագել: 1946թ. մեկնել է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաք` երաժշտական կրթությունը շարունակելու: Ավելի կատարելագործվելու համար, տեղափոխվել է Վիեննա, ապա` Փարիզ: Փարիզում պարբերաբար ղեկավարել է տեղական նվագախմբերը:

1957թ. Վազգեն Առաջին Վեհափառը նրան հրավիրել է հայրենիք: 1959-64թթ եղել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր խմբավարը: 1962-69թթ, իբրև հյուր-դիրիժոր, հանդես է եկել Լայպցիգի Գևանդհաուսի նվագախմբի հետ, արդյունքում` 19 համերգ, որոնց ժամանակ չի գործածել ո’չ պարտիտուր, ո’չ դիրիժորական փայտիկ: Երկու անգամ նշանակվել է Գևանդհաուսի նվագախմբի ղեկավար:

Այդ տարիներին բեմադրել է «Դոն Կառլոս» և «Իշխան Իգոր» օպերաները: 1967թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը: Աշխատել է աշխարհի 110 նվագախմբերի հետ: 1991թ., մերժելով Գերմանիայի և Հարավային Աֆրիկայի նվագախմբերի գլխավոր դիրիժորի պաշտոնի առաջարկը, նորանկախ Հայաստանի նախագահի և մշակույթի նախարարության հրավերով, վերադարձել է հայրենիք:

1998-2001թթ եղել է Հայաստանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը: Այդ պաշտոնից նրան հեռացրել է մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը: Դիրիժորը մեկնել է Մոսկվա` ստանձնելով Մոսկվայի սիմֆոնիկ նվագախմբի ղեկավարությունը: Ստացել է Ֆրանսիայի քաղաքացիություն, իսկ 2008թ. կրկին վերադարձել է հայրենիք և միացել ստեղծված քաղաքական ընդդիմադիր շարժմանը: Մահացել է Երևանի իր բնակարանում` Մոցարտի երաժշտության հնչյունների ներքո:




Լրահոս