ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՍՆԱՆԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը բացահայտ արշավ է սկսել ազատ լրատվամիջոցների, մասնավորապես տպագիր մամուլի դեմ:

Իր պաշտոնավարման սկզբում վարչապետը պետական հիմնարկներին «թաքուն» հրահանգեց հրաժարվել տպագիր մամուլի բաժանորդագրությունից՝ այդ որոշումը պատճառաբանելով, թե խնայողության ռեժիմի անցնելու հետեւանքով կրճատում են բյուջեի ծախսերը: Արդյունքում պետական շատ գերատեսչություններ թերթ չեն ստանում, իսկ երբ իրենց մասին որեւէ հրապարակում է արվում, զանգահարում, լրագրողներից թերթ են մուրում (կրպակներում օրաթերթերը շուտ են սպառվում):
Հիմա էլ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենսդրական փոփոխությունների մի մեծ փաթեթ, ըստ որի՝ հրապարակային ծանուցումներն այսուհետ պետք է հրապարակվեն ոչ թե զանգվածային լրատվամիջոցներում, ինչպես այսօր նախատեսված է «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքով, այլ միայն ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական azdarar.am կայքում:
Այս ամենի հետեւանքով հայ տպագիր մամուլը կանգնած է ֆինանսական լուրջ ճգնաժամի առաջ:
Այն բանից հետո, երբ վարչապետի թեթեւ ձեռքով պետական կառույցները հրաժարվեցին բաժանորդագրությունից, կտրուկ նվազեց թերթերի իրացումը, դրա հետեւանքով նաեւ տպաքանակները: Ու այդպես մամուլը զրկվեց վաճառքի արդյունքում գոյացող ֆինանսական միջոցների մի մասից: Մինչդեռ բյուջեի վրա այս խնայողությունները լուրջ հետեւանք չունեցան. բավական է միայն նշել, որ պետական գերատեսչությունները թերթերի բաժանորդագրության համար տարեկան միջինը ծախսում էին մոտ 400-700 հազար դրամ: Իսկ դա երկրի բյուջեի համար առանձնապես մեծ գումար չէ: Առավել եւս, երբ ծախսերի գերխնայողության ռեժիմի անցնելու մասին հայտարարած կառավարությունն ուրիշ ոլորտներում շարունակում է շռայլորեն գումարներ վատնել. դրանում համոզվելու համար բավական է միայն ծանոթանալ պետական գնումներին, եւ պատկերը պարզ կդառնա:
Չբավարարվելով այսքանով՝ կառավարությունը հիմա էլ փորձում է լրատվամիջոցներին զրկել եկամտի մյուս աղբյուրից՝ հայտարարությունների, հաշվետվությունների եւ այլ ծանուցումների տպագրության համար վճարից: Կառավարության նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների արդյունքում այլեւս հիմք կընդունվեն միայն azdarar.am կայքում հրապարակված ծանուցումները: Ու բնական է, որ այդ դեպքում այլեւս որեւէ մեկը չի ցանկանա որեւէ թերթում հայտարարություն տեղադրել: Ճիշտ է՝ արդարադատության նախարարության հեղինակած օրինագծերի փաթեթի հիմնավորումների մեջ նշված է, թե հայտարարություններն ու ծանուցումները ԶԼՄ-ներում տպագրվելու դեպքում տեղեկատվության հասանելիությունն անարդյունավետ է, եւ azdarar.am կայքում հրապարակվելու դեպքում այդ խնդիրը կլուծվի: Բայց սա, ինքներդ եք հասկանում, պարզ խաբեություն է. այսպես իշխանություններն ընդամենը քողարկում են իրենց իրական նպատակները, այն է՝ կամաց-կամաց վերացնել ազատ մամուլը:
Համենայն դեպս, այդ է հուշում իշխանությունների գործելաոճը, այն իշխանությունների, որը միջազգային հանրության առաջ փորձում է ներկայանալ ժողովրդավարական իմիջով՝ ձեւացնելով, թե երկրում երաշխավորում է խոսքի ազատությունը, բայց իրականում ավտորիտար ու տոտալիտար համակարգի կրողներ են, եւ թաքուն պայքար են մղում նույն ազատ մամուլի դեմ:
Պարզապես այս տարիների ընթացքում փոխվել են պայքարի միջոցները: Ի վերջո, եթե նախկինում իշխանությունները մամուլի դեմ պայքարում էին կոպիտ միջոցներով՝ խմբագրությունների վրա հարձակումներ էին կազմակերպում՝ երբեմն փորձելով հրկիզել կամ պայթեցնել դրանք, ֆիզիկական բռնություններ գործադրում անցանկալի լրագրողների նկատմամբ, երբեմն քրեական գործեր էին հարուցում լրագրողների դեմ: Հետո իշխանությունները փոխեցին մեթոդոլոգիան եւ լրատվամիջոցների դեմ պայքարում էին դատական ճանապարհով՝ իբր վիրավորանքի կամ զրպարտության համար որպես փոխհատուցում պահանջելով ահռելի գումարներ եւ այդպես փորձելով պարզապես սնանկացնել լրատվամիջոցներին: Հիմա էլ իշխանությունները փորձում են կամաց-կամաց զրկել ֆինանսական աղբյուրներից՝ այդպես ստիպելով ինքնակամ դադարեցնել գոյությունը:
Թե ինչու՝ դժվար չէ ենթադրել. անկախ լրատվամիջոցները ոսկորի նման մնացել են իշխանությունների կոկորդին: Ու պատահական չէ, որ իրենց բոլոր ձախորդությունների համար իշխանություններն ամենաբարձր մակարդակով մեղադրել են հենց լրատվամիջոցներին: Հիշում եք 2013թ. Սերժ Սարգսյանի հայտնի խոսքերը, երբ արտագաղթի համար մեղադրել էր լրագրողներին: «Մենք պետք է նաեւ դրականը տեսնենք: Մեր երկրի ամենամեծ պրոբլեմը մարդկանց մեջ չէ: Մեր երկրի ամենամեծ պրոբլեմը կաշառակերները չեն, հանցագործները չեն. մեր երկրի ամենամեծ պրոբլեմը գաղջ մթնոլորտն է: Գաղջ մթնոլորտը պետք է վերանա: Օգնեք, որպեսզի վերանա այս մթնոլորտը: Դա միայն իշխանությունների պատասխանատվությունը չէ: Երկու հեռուստատեսություն, տասնյակ տպագիր եւ ինտերնետային լրատվամիջոցներ միմիայն սեւացնում են»,- ասել էր նա: Լրատվամիջոցների հասցեին տարբեր առիթներով նման մեղադրանքներ հնչեցրել էին նաեւ մյուս պաշտոնյաները: Այնպես որ, հավանաբար, նրանք փորձում են երկրում իրավիճակը «բարելավել» եւ զարգացնել հենց լրատվամիջոցների դեմ պայքար մղելով:
Միայն թե հայտնի ճշմարտություն կա՝ մամուլի դեմ սանձազերծված բոլոր պատերազմները վաղ թե ուշ ավարտվել են լրատվամիջոցների հաղթանակով: Եւ իշխանություններին չէր խանգարի նկատի ունենալ այդ փաստը:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 

ՉԻ ԽՈՍԵ՞Լ
Պարզվում է՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սերժ Սարգսյանի հանդիպման ժամանակ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ որեւէ քննարկում տեղի չի ունեցել, թեեւ պաշտոնական հաղորդագրության մեջ նշված էր, որ նրանք մտքեր են փոխանակել այդ հարցի շուրջ: Ս. Սարգսյանը «Բազե-2017» երիտասարդական ճամբարի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե որքանով են ճիշտ այն խոսակցությունները, որ ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Արցախում խաղաղապահների տեղակայման հարցը, ասել է. «Մենք ոչ միայն խաղաղապահ ուժերի մասով քննարկում չենք անցկացրել, այլեւ ընդհանրապես քննարկում չենք անցկացրել: Ես մի քանի բառով ուղղակի ներկայացրել եմ իրավիճակը, որ այսօր տիրում է շփման գծում եւ ասել եմ իմ պատկերացումը մեր հարեւանի մտադրությունների հետ կապված: Ընդամենը: Ուրիշ որեւէ այդպիսի հարց չենք քննարկել»: Եթե ճիշտ են Սերժ Սարգսյանի հայտարարությունները, թե ինքը ՌԴ նախագահի հետ ԼՂ խնդիրը չի քննարկել, մնում է միայն ապշել նրա անտարբերությունից:
Բազեականների հետ հանդիպման ժամանակ Ս. Սարգսյանն անդրադարձել է ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Հոգլանդի՝ ԼՂ խնդրի կարգավորման սկզբունքների մասին հայտարարություններին՝ նշելով, թե դրանք իր համար նորություն չէին: «Այս մասին բազմիցս խոսել են համանախագահ երկրների ղեկավարները, եւ, ընդհանուր առմամբ, այդ դրույթներն առաջ են քաշվել արդեն 10 տարուց ավել: Դա ընդամենը ընդհանրական մոտեցում է: Որպեսզի այդ դրույթներն իրագործվեն, օրերով, շաբաթներով, ամիսներով պետք է փաստաթղթավորել, որովհետեւ յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր ստորակետ այդ փաստաթղթում շատ մեծ նշանակություն ունի»,- ասել է նա:

 

 

 

«ՍԹՐԵՍԻ ՄԵՋ»
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը կարծես թե դուրս չի եկել հետընտրական սթրեսից, եւ շարունակում են ծանր տանել ԱԺ ընտրություններում նվազագույն շեմը չհաղթահարելու փաստը: Դրա վկայությունն է նաեւ այն, որ ՀՎԿ անդամները խուսափում են զրուցել լրատվամիջոցների հետ: Երբեմնի ընդդիմադիր կուսակցությունը, որն իշխանության գալով սարեր շուռ տալու խոստումներ էր տալիս, հիմա հեռացել է ասպարեզից եւ չի էլ շտապում որեւէ քաղաքական գործընթացի մաս կազմել: Թեեւ, եթե անկեղծ լինենք, այս կուսակցության հանդեպ վաղուց մարել է նաեւ հասարակական հետաքրքրությունը: Ու հիմա ընտրություններից հետո ՀՎԿ ղեկավար կազմից ամեն մեկը փորձում է իր ապագան յուրովի կառուցել՝ խուսափելով լրագրողների հետ շփումից: ՀՎԿ-Ի փոխնախագահ Հեղինե Բիշարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, թե պատրաստվում է սեպտեմբերի 1-ին եւ խիստ զբաղված է. նա Եվրոպական ակադեմիայի ռեկտորն է, իսկ Մհեր Շահգելդյանն էլ խոստացավ պատասխանել, սակայն սովորության համաձայն իր ասած ժամին անպատասխան թողեց մեր հեռախոսազանգերը:

 

 
ՄԱՀԱՑԵԼ Է
77 տարեկանում Երեւանում մահացել է ռեժիսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Անտոն Աղայանցը: Նրա վերջին հրաժեշտը տեղի կունենա օգոստոսի 29-ին, ժամը 13:00-ին, «Լյուար» սգո սրահից (Շահումյան գերեզմանոցի հարեւանությամբ): Անտոն Աղայանցը ծնվել է Լենինգրադում: Սովորել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, ապա կրթությունը շարունակել Լենինգրադի թատերական արվեստի ակադեմիայի ասպիրանտուրայում:

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Բիշքեկում տեղի ունեցած Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացմանը, կազմակերպության օրակարգային հարցերին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրել է կազմակերպության ընթացիկ աշխատանքները, ՀԱՊԿ կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքները:

 

 

ԿՍՏՈՐԱԳՐԵՆՔ
Հայաստանը աշնանը ԵՄ-ի հետ ստորագրելու է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Սերժ Սարգսյանը «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով ճամբարականների հարցերին, այդ մասին ասել է. «Այո՛, մենք աշնանը ստորագրելու ենք: Ինչո՞ւ եմ այսպիսի համոզվածությամբ ասում, որովհետեւ փաստաթուղթն արդեն իսկ նախաստորագրված է: Մենք, եթե չեմ սխալվում, մարտ ամսին հայտարարեցինք, որ փաստաթուղթն արդեն, ընդհանուր առմամբ, բանակցված է, եւ դրանից հետո նախաստորագրեցինք: Մենք այդ փաստաթուղթը չստորագրելու որեւէ պատճառ չունենք»։ Խոսելով հատկապես օտարերկրյա լրատվամիջոցների փորձերի մասին, որոնք 2013թ-ի Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի՝ «մեկ գիշերվա մեջ կայացրած որոշումը» ներկայացրին անհիմն եւ ծիծաղելի, հանրապետության նախագահը պատասխանել է. «Մենք բանակցում էինք ե՛ւ Եվրասիական տնտեսական միության հետ, ե՛ւ Եվրամիության հետ, որովհետեւ ի սկզբանե երկու կողմն էլ ասում էին, որ մեկը մյուսին չի խանգարի: Բայց երբ Եվրամիությունն ասաց՝ խանգարում է, մենք ի՞նչ պետք է անեինք»:

 

 

ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ԵՆ
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեն սեպտեմբերին հանդիպելու են: Նախնական տվյալներով՝ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին Մոսկվայում: Նրա խոսքով՝ բոլոր եռակողմ հանդիպումների օրակարգը նույնն է եղել՝ ղարաբաղյան խնդիր եւ տարածաշրջանային խաղաղություն: Հանդիպումը կազմակերպվում է Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի միջնորդությամբ:




Լրահոս