Հակակոռուպցիոն տունտունիկ. իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարում են դեսպանների խնդրանքով. խմբագրական

Հակակոռուպցիոն տունտունիկ. իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարում են դեսպանների խնդրանքով. խմբագրական

Կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ իշխանությունների քայլերից տպավորություն է, թե գործ ունենք ծույլ երեխայի հետ, որը դպրոց է հաճախում եւ դաս սովորում չուզենալով, ստիպված: Բայց անում է դա, որովհետւ ծնողները խոստացել են հեծանիվ գնել, իսկ կիրակի օրը տանել զբոսայգի՝ կարուսել նստելու, միգուցե նաեւ պաղպաղակ ուտելու:

Հիմա իշխանություններին Արեւմուտքը՝ ԵՄ-ն իր հերթին, ԱՄՆ-ը իր հերթին համոզում են պայքարել կոռուպցիայի դեմ՝ խոստանալով դրամական մեծ օգնություն տրամադրել Հայաստանին: Ու հիմա հանուն այդ գումարի՝ իշխանությունները փորձում են ձեւացնել, թե անհաշտ պայքար են մղում արատավոր այդ երեւույթի՝ կոռուպցիայի դեմ. երեւույթ, որի արդյունքում իրենք այսօր իշխանության ղեկին են (հուսով ենք՝ չեք մոռացել խորհրդարանական ընտրությունների ժամանակ հոսող 10 հազարական դրամների գետերը):

Օրինակ՝ տեւական ժամանակ Հայաստանում վարչապետի գլխավորած կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը որեւէ նիստ չէր գումարում, անգամ մոռացել էինք այդ կառույցի մասին: Բայց օգոստոսի 25-ին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը հանդիպեց վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, քննարկեց հայ-ամերիկյան փոխգործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ անդրադարձ եղավ կոռուպցիայի դեմ պայքարին:

Ընդ որում, դեսպանը հատուկ շեշտել էր, որ իրենք ջանում են հակակոռուպցիոն խորհրդին աջակցելու ուղիներ փնտրել, ու հաջորդ օրն իսկ տեղի ունեցավ հակակոռուպցիոն հանձնաժողովի նիստը: Մինչ իշխանությունները կփորձեն համոզել, թե սա սոսկ զուգադիպություն էր, հակադարձենք. չենք հավատում: Քաղաքականության մեջ նման պատահականություններ չեն լինում:

Այս ամենը հիշեցինք ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպման ֆոնին: Նրանց քննարկումների առանցքային թեման եւս եղել է կոռուպցիայի դեմ պայքարը, եւ դեսպանը հավաստիացրել է, որ պատրաստակամ են շարունակելու աջակցությունն այդ ոլորտին:

Ամենայն հավանականությամբ, այս կամ իրավապահ համակարգի մյուս ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո ականատես կլինենք կոռուպցիոն գործերով աղմկահարույց ձերբակալությունների: Առավել եւս, երբ իշխանության ներսում կոռումպացված չինովնիկների պակաս չկա: Պարզապես քանի դեռ ամենաբարձր մակարդակով հրահանգ չի իջեցվել, որեւէ փաստ չեն բացահայտում:

Հիմա Արեւմուտքը խոստացել է ֆինանսապես օգնել Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, եւ իշխանությունները եւս մեկ-երկու հոգու կզոհաբերեն, բնականաբար՝ ոչ խոշոր ձկներից: Այս անգամ էլ թիրախում կլինեն մանր ու միջին չինովնիկները, որոնք չեն հասցրել «ավարը» կիսել վերեւների հետ: