Եթե մեր պահանջները չբավարարվեն, ապա մեր բողոքը կուղարկենք ՄԻԵԴ. Զարուհի Փոստանջյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարի մայիսի 14-ին՝ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, Զարուհի Փոստանջյանը ընտրակաշառքի ցուցակների առկայության մասին ահազանգի հետքերով դստեր հետ մտել էր Տարոն Մարգարյանի` Ավան վարչական շրջանի շտաբ: Փոստանջյանը և նրա կողմնակիցները նշում էին, որ իրենց նկատմամբ բռնություն է գործադրվել ՀՀԿ ներկայացուցիչների, ինչպես նաև ոստիկանների կողմից:

Հարուցվել էր քրեական գործ: Գործի մանրամասների մասին ArmLur.am-ը զրուցեց Զարուհի Փոստանջյանի հետ: Վերջինս հիշեցրեց, որ հարուցված քրգործի շրջանակներում իրենք ճանաչվել էին տուժողներ:

«Այս պահին մենք բողոքարկում ենք իրենց գործողությունները, որ մինչ այս պահը մեղադրյալներ չկան: Ակնհայտ է, թե ով է մեղավոր այդ ամենի մեջ: Այս պահի դրությամբ բողոքարկել ենք վարույթն իրականացնող մարմնի գործունեությունն ընդհուպ մինչև դատախազին: Դատախազը մերժել է, ինչը բողոքարկել ենք դատական կարգով, բայց դատական նիստ դեռ տեղի չի ունեցել: Եթե մեր ներպետական ատյաններում չունենանք հաջողություն, մեր պահանջները չբավարարվեն, ապա մեր բողոքը կուղարկենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան», – ArmLur.am-ի հետ զրույցում ասաց տիկին Փոստանջյանը:

Այսօր հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) որոշում է կայացրել կարճել ՍԱՍ-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը՝ «հանցակազմի բացակայության հիմքով»։ Անդրադառնալով այս հարցին, Զարուհի Փոստանջյանը նկատեց.

«Արդեն քառորդ դար է, ինչ բախվում ենք նման գործընթացների: Ակնկալել, որ ընտրակեղծարարությունը պետք է պատժվի, իհարկե, կլիներ միամտություն, որովհետև ընտրակեղծարարությունն ինչ որ կազմակերպության միջոցով չի տեղի ունենում. ամենակարևորը, որ այնտեղ ներգրավված են իրավապահ մարմինները և հենց մեր դեպքում, երբ փորձում էինք ընտրակեղծարարության ապացույցները հանրայնացնեինք, այդտեղ արդեն ներգրավվեցին ոստիկանության աշխատակիցները: Ոստիկանությունն ամեն ինչ արեց, որպեսզի պարտակի հանցագործությունը և պարզ էր, որ բացահայտումներ չէր անելու»:

Լուսինե Առաքելյան




Լրահոս