ՖՈՏՈ. Բակունցի և Տերյանի անունների՞ց էլ հրաժարվենք․ մտավորականները՝ բոլշեւիկների անուններ կրող փողոցները անվանափոխելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ հանրության կողմից շարունակվում է բուռն քննարկվել Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության առաջարկը` անվանափոխել բոլշեւիկների անուններ կրող մայրաքաղաքի փողոցներն ու դպրոցները: «Ելք»-ն առաջարկում է Կասյան փողոցը, օրինակ, անվանակոչել կաթողիկոս Վազգեն Առաջին վեհափառի անվամբ, Ֆրունզեի փողոցը` ապրիլյան հերոսների, Ամիրյան փողոցը` Վռամշապուհ արքայի, Միկոյան փողոցը` Քըրք Քըրքորյանի: Լենինգրադյան փողոցն առաջարկվում է անվանափոխել` ի պատիվ Լեոնիդ Ազգալդյանի, իսկ Իսակովի պողոտայից սկիզբ առնող եւ Լենինգրադյան փողոցում ավարտվող նորակառույց փողոցը` Մոնթե Մելքոնյանի: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադառնալով Լենինգրադյան փողոցին, ասել է, որ այս դեպքում անվանափոխությունը նպատակահարմար չէ: Նա շեշտել է, որ Երեւանն ու Սանկտ Պետերբուրգը համագործակցում են եւ քույր քաղաքներ են: Ինչ վերաբերում է մյուս փողոցներին, Տ. Մարգարյանը նշել է, որ որոշում կայացնելու հարցում չեն շտապում:
«Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանի եւ Հայաստանի ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի հետ:

Պարոն Շահումյանը շեշտեց, որ փողոցների անվանափոխումը քաղաքական խնդիր չէ եւ մեկ օրվա լուծելիք հարց չէ. «Դա անհատի կամ կուսակցության խնդիր չէ: Պետք է լինի լուրջ հանձնաժողով, որտեղ ընդգրկված կլինեն պատմաբաններ: Իհարկե, կան փոփոխություններ, որոնք անհրաժեշտ են, բայց չպետք է շոշափել մարդկանց անուններ, որոնք մեր երկրի կայացման հարցում մեծ դեր են ունեցել: Բակունցի պես մարդուն պարտադրել են Չարենցի դեմ գրել, հիմա ի՞նչ` բռնենք Բակունցի հետ կապված ամեն ինչ ոչնչացնե՞նք: Հարյուր տարի անց շատ դժվար է դատողություններ անել: Չէ՞ որ մեր օրերի պատմությունն է մեր աչքի առջեւ խեղվում, ուր մնաց` անցյալի պատմությունը չխեղաթյուրվի: Ժողովուրդը սովորել է եղածը ոչնչացնել, տեղում նոր բան դնել: Բայց նորն էլ միշտ չէ, որ արդարացված է: Մեր օրերում էլ կան «հերոսներ», որոնք արժանի չեն հերոս կոչվելու»:

Գեղանկարչի խոսքով` կան փողոցների անուններ, որոնց մարդիկ արդեն սովորել են, որոնց անուններն «ամրացել են» մեր գիտակցության մեջ եւ հարազատ դարձել: Հարցին, թե գուցե առավել նպատակահարմար է, որ, առհասարակ, հրաժարվենք փողոցները որեւէ մեկի անունով կոչելուց եւ պարզապես համարակալենք դրանք, Հ. Շահումյանը պատասխանեց. «Նյու Յորքում, օրինակ, այդ մոտեցումն է գործում, բայց այդ պարագայում խոսքը քարտեզագրված քաղաքի մասին է, եւ փողոցների համարակալումը դյուրին գործընթաց է: Իսկ մեզ մոտ փողոցները կանոնակարգված չեն, եւ հնարավոր չէ դրանք համարակալել»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք` գուցե փողոցներին սիմվոլիկ անուննե՞ր տրվեն, ինչպես, օրինակ, Դեղատան փողոցի դեպքում է. «Կարող է լինել, բայց հիմա, ասենք, Սարյանի փողոցը կա, ինչո՞ւ ոչնչացնենք: Թոռնիկս օրեր առաջ հարցնում էր՝ սա, կարծեմ, մեծ նկարչի անունով փողոց էր, չէ՞: Իր մոտ արդեն այդպես է տպավորվել…»:


Դերասան Գուժ Մանուկյանն էլ ոչ միանշանակ կարծիք ունի քննարկվող թեմայի շուրջ. «Խորհրդային միության փլուզումից հետո` անկախության տարիներին, քննարկվում էր այն հարցը, որ պետք է, օրինակ, Պուշկինի անունով փողոց Հայաստանում չլինի: Ես չեմ կարծում, որ դա ճիշտ մոտեցում է, քանի որ Պուշկինը միայն ռուսներինը չէ. նա ամբողջ աշխարհինն է: Ինչ վերաբերում է «Ելքի» առաջարկին, ապա այն պետք է քննարկեն պատմաբաններ, արվեստագետներ, ինչու ոչ նաեւ` քաղաքական գործիչներ: Պետք է խորհուրդը որոշի: Մի կողմից պատմության էջերը ջնջելն անհնար է, մյուս կողմից էլ գովելի է փողոցները մեր հերոսների անուններով կոչելը»,-նկատեց նա:
Պարոն Մանուկյանը, սակայն, կողմ չէ, օրինակ, Կասյան փողոցը վերանվանելուն. «Ուրեմն Տերյանի անունն էլ թող հանեն, որովհետեւ ժամանակին քաղաքական հարցերում նրա մատն էլ է խառը եղել: Եթե այդպես վերցնենք, այնքա՜ն անուններ կան: Դրանցից միանշանակ հրաժարվելը չեմ կարծում, թե նպատակահարմար է»,-եզրափակեց դերասանը:

հավելենք, որ սեպտեմբերի 2-ի Երևանի ավագանու Կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ բացասական եզրակացություն է տվել փողոցների անվանակոչության վեց նախագծերին:

Աննա Բաբաջանյան




Լրահոս