ՌԴ-ն կխոչընդոտի ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրմանը. Եվրախորհրդարանի պատգամավոր

ՌԴ-ն կխոչընդոտի ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրմանը. Եվրախորհրդարանի պատգամավոր

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին «Ազատության» հետ զրույցում հայտարարել է, որ պաշտոնական Բրյուսելը պատրաստվում է Եվրամիություն-Հայաստան նոր համաձայնագրի ստորագրմանը: Դեսպանի խոսքով՝ «այնտեղ հիմա նախապատրաստում են թուղթն ու թանաքը»՝ փաստաթղթի ստորագրման համար:

«Ես հենց նոր եմ ժամանել Բրյուսելից, Երեւանում վայրէջք եմ կատարել առավոտյան ժամը 5-ին եւ համաձայնագրի ստորագրման նախապատրաստման համար պատասխանատու բոլոր անձանց հետ իմ զրույցներն ամփոփելով՝ կարող եմ ասել, որ ամեն ինչ ընթանում է իր հունով: Մարդիկ շատ քրտնաջան աշխատում են, որպեսզի կարողանանք համաձայնագիրը ստորագրել նոյեմբերին՝ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին», – նշել է նա:

Չնայած Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարը լիահույս է, որ այդ համաձայնագիրն, այնուամենայնիվ, այս անգամ կստորագրվի, սակայն Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինան կարծում է, որ պաշտոնական Մոսկվան ամեն կերպ կխոչընդոտի Հայաստանի՝ ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրելուն:

«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով զրուցել է Եվրախորհրդարանի պատգամավոր, ազգությամբ չեխ Յարոմիր Շտետինայի հետ:

-Պարո՛ն Շտետինա, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, որ ամեն ինչ պատրաստ է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ստորագրելու համար: Ի՞նչ եք կարծում՝ այս անգամ, ի վերջո, այն կստորագրվի՞:

-Ես կարծում եմ, որ համաձայնագիրը պետք է ստորագրվի: Ես չեմ կարող ասել՝ այն կստորագրվի, թե ոչ, սակայն կարող եմ ասել, որ այն պետք է ստորագրվի: Քանի որ Հայաստանը եվրոպական երկիր է եւ պատկանում է Եվրոպային:

-Նախորդ անգամ Հայաստանը հայտարարեց Մաքսային միության հետ պայմանագրի մասին: Այս անգամ, ի՞նչ եք կարծում, նման անակնկալներ կլինե՞ն:

-Ես կարծում եմ, որ Ռուսաստանն ամեն ինչ կանի, որպեսզի այդ համաձայնագիրը չստորագրվի: Հայաստանը կարեւոր տարածք է ՌԴ-ի համար, եւ վերջինս պահում է Հայաստանին, որպեսզի այն լինի միայն Եվրասիական տնտեսական միության կազմում:

-Ի՞նչ կտա մեզ ԵՄ-ի հետ համագործակցությունը, եթե մենք գտնվում ենք մեկ այլ տնտեսական միության կազմում:

-Ես կարծում եմ, որ տնտեսապես պետք է օգնել Հայաստանին, որպեսզի այն ելք ունենա դեպի Սեւ ծով, որպեսզի բացվի Կարսի երկաթգիծը, որպեսզի Հայաստանը հեռացված չլինի ԵՄ-ից: Իսկ որպեսզի այն լինի, պետք է գործընկերներ լինեն: Իհարկե, հեշտ չի լինի, սակայն պետք է ընդգծել, որ Թուրքիայի՝ ԵՄ անդամ դառնալը մոտ ժամանակներս չի լինի, դա շատ հետագայի հարց է, քանի որ Եվրախորհրդարանը խորհուրդ է տվել դադարեցնել բոլոր խոսակցությունները Թուրքիայի հետ ասոցացման համաձայնագիր ունենալու մասով: Նաեւ ես կարծում եմ, որ առանց քաղաքականության չի կարող լինել նաեւ լավ տնտեսություն եւ հակառակը, իսկ եթե Վրաստանը մտնի ԵՄ, ապա մեծ հնարավորություններ կբացի Հայաստանի համար: Հայտնի է, որ Հայաստանը չունի շատ գործընկերներ, եւ ԵՄ-ն մեծ ուժ է, եւ պետք է ուժեղ գործընկերներ գտնել: Պետք է օգտվել բոլոր հնարավորություններից, որոնք առկա են եւ որոնք չեն խոչընդոտում Հայաստանի՝ ԵՏՄ անդամ լինելուն: Մենք պետք է փորձենք եվրոպական միտումներ ներմուծել Հայաստան եւ այնպես անել, որ երկու կողմերին էլ շահավետ լինի:

-Այսինքն՝ կարծո՞ւմ եք, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելը սխա՞լ որոշում էր:

-Տնտեսական առումով եւ կարճաժամկետ կտրվածքով միգուցե այդ որոշումը ճիշտ էր, սակայն երկարաժամկետ առումով ԵՄ-ն Հայաստանի համար ավելի ձեռնտու կլիներ: Հատկապես այս համատեքստում կարեւոր է, որ Հայաստանը շահագրգռվածություն ցուցաբերի ԵՄ-ի հետ հետագա համագործակցության տեսանկյունից: Սա հենց ՀՀ-ի որոշումն է եղել, եւ հենց նա պետք է որոշի իր տնտեսական կառուցվածքին վերաբերող հարցերը: Միեւնույն ժամանակ պետք է հասկանալ, որ Ռուսաստանն ուժեղ խաղացող է: ԵՏՄ անդամակցությունն արդեն փաստ է, ԵՄ-ն հաշվի է առնում այդ համագործակցությունը, եւ ես լիահույս եմ, որ զարգացումները դրական ուղղությամբ են ընթանալու:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը