ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքանով է Վարդան Արամյանը կատարել վարչապետի հանձնարարականները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ամփոփելով կառավարության գործունեության մեկ տարին եւ խոսելով իր գերատեսչության կատարած աշխատանքի մասին, չի շտապում գնահատական տալ՝ դա թողնելով վարչապետ Կարեն Կարապետյանին: Սակայն Արամյանը չի թաքցնում, որ գոհ է իր թիմից:
Հիշեցնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նախորդ նիստում նախարարներին հանձնարարել էր ամփոփել կատարված աշխատանքներն ու հաշվետվություն ներկայացնել: Ֆինանսների նախարարության կատարած աշխատանքի եւ առկա խնդիրների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հետ:

-Պարո՛ն Արամյան, վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է կառավարության անդամներին ամփոփել կատարված աշխատանքներն ու հաշվետվություն ներկայացնել: Ձեր ղեկավարած գերատեսչությունը որքանո՞վ է կատարել հանձնարարականները:

-Նախ ես պետք է իմ թիմից շնորհակալություն հայտնեմ, որովհետեւ թիմն ինձ հետ միասին քրտնաջան աշխատել է: Դուք նաեւ կարող եք դա տեսնել, որ երեկոյան ժամերին՝ մինչեւ 8-ը, 9-ը, իմ բոլոր աշխատակիցները քրտնաջան աշխատում են: Այն, ինչ որ մենք նախատեսել էինք կատարել 2017 թվականին, դրանք կատարել ենք, իհարկե, որոշակի ժամկետային շեղումներով: Օրինակ՝ հանրության հետ կապերն ուժեղացնելու մասով մենք նախատեսել էինք նոր կայքի կիրարկումը եւ կանխատեսել էինք, որ այն կիրառվի մարտ ամսին, սակայն դա ունի իր բացատրությունը, քանի որ ցանկացել ենք, որ որքան կարող է որակով լինի եւ հանրության համար հասանելի: Մենք ունենք բավականին մեծ առաջընթաց պետական գնումների ոլորտում, թափանցիկության եւ հաշվետվողականության բարձրացման մասով, բայց դա չի նշանակում, որ անելիքներ դեռեւս չունենք: Մենք դրել ենք խնդիր, որպեսզի մեկնարկենք պետական բյուջեի ծրագրավորման կամ պլանավորման գործընթացի ավտովամատացում: Այդպես հսկողական համակարգերն ավեի են ուժեղանալու, եւ փոքրանալու է սխալի հավանականությունը, մեծանալու է թափանցիկությունը: Եթե ներկայումս մարդիկ են նստած եւ նույն գործողություններն են անում, ապա դրա փոխարեն լինելու է ծրագիր, եւ այդ ռեսուրսները վերաուղղելու ենք ավելի մեծ նպատակային բաների:

-Կառավարության յուրաքանչյուր նիստում մենք տեսնում ենք, որ վարչապետը տարբեր հանձնարարականներ է տալիս, այդ թվում՝ Ձեր ղեկավարած գերատեսչությանն ուղղված: Եթե ամփոփելու լինենք դրանց կատարումը, Ձեր աշխատանքը 5 բալանոց համակարգում որքա՞ն կգնահատեք: Վարչապետը Ձեզ նախատելու տեղ չի՞ ունենա:

-Այդ գնահատականը պետք է տա վարչապետը: Կոռեկտ չի լինի, եթե ես վարչապետի փոխարեն ասեմ, թե իմ աշխատանքն ինչպիսին է: Ես ոչ թե իմ աշխատանքն եմ գնահատում, այլ ֆինանսների նախարության թիմի աշխատանքը: Իմ խնդիրը կոորդինացնելն է, նրանց ուղղորդելը, կանոնակարգելը, բայց հիմնական աշխատանքը կատարում է թիմը, եւ եթե լավ թիմ չունես, ապա դատապարտված ես ձախողման: Ես իմ թիմի աշխատանքի մասով դրվատանքի խոսքեր չեմ խնայում, եթե թիմը լավ է աշխատում, ապա լավ խոսքեր պետք է ասել: Իսկ իմ աշխատանքի մասով ես չեմ կարող գնահատական տալ, դա տալիս է հանրությունը, տալիս է վարչապետը, տալիս է հանրապետության նախագահը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

 

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս