«Հայանտառը»-ԱԻՆ մինչգերատեսչական կռիվը նոր երանգներ է ստանում. պաշտոնյաները մեղադրում են միմյանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Խոսրովի պետական արգելոցի» եւ Վայոց ձորի մարզի հրդեհները դեռ չմարսած՝ սեպտեմբերի 3-ին հրդեհ էր բռնկվել Բյուրականում, որի հրդեհաշիջման աշխատանքները մինչ օրս ընթանում են:

Թվում էր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրդեհից իշխանությունները, մասնավորապես արտակարգ իրավիճակների նախարարությունը, դասեր քաղած կլինեն, բայց ապարդյուն. հերթական անտառային հրդեհները այս անգամ Բյուրականում, Հրազդանում, հակառակն ապացուցեցին: Եվ չնայած վաղուց արդեն 21-րդ դարում ենք, սակայն Հայաստանում հրդեհները շարունակում են հանգցնել նախնադարյան մեթոդներով՝ լաթերով ու ծառի ճյուղերով:

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:

-Պարո՛ն Գաբրիելյան, ի՞նչ դասեր քաղեցիք Վայոց ձորի եւ Խոսրովի անտառի հրդեհից հետո: Ի՞նչ է պետք անել նման իրավիճակներում:

-Իհարկե, անհրաժեշտ դասեր քաղվել են: Հրշեջները նաեւ իրենք են մարտավարական տեսանկյունից փորձ ձեռք բերում: Ճիշտ է՝ բավական բուսածածկ տարածքներ հրդեհվեցին, շարքից դուրս եկան, բայց մենք էլ դասեր քաղեցինք այնքանով, որ կարողացանք համահունչ կազմակերպել հրդեհաշիջման աշխատանքները: Շատ կարեւոր բան էր դա: Իհարկե, անհրաժեշտ է նաեւ բարձր անցողականության մեքենաներ, այն, ինչ որ ունենք, դա քիչ է, դրա համար մենք միջոցներ ենք ձեռնարկել: Գրանտային ծրագրով երեք մարզերում լեռնային պայմաններում աշխատող հրշեջ մեքենաներ ենք ձեռք բերելու 2018-ի վերջին, 2019-ի սկզբի, որը բավական մեծ թիվ է՝ 36 հրշեջ ավտոմեքենա՝ 3 մարզերում, ընդ որում, դրանք լեռնային, նախալեռնային պայմաններ ունեցող են՝ Լոռին, Շիրակը, Սյունիքը, եւ երեք ավտոսանդուղք: Ասել, որ միջոցներ չեն ձեռնարկվում, սխալ կլինի: Իհարկե, անընդհատ պետք է թարմացվի, իհարկե, դա միջոցների հետ է կապված, եւ մեր ղեկավարության ու կառավարության կողմից հստակ քայլեր են ձեռնարկվում՝ կարողությունների զարգացման եւ արդիականացման համար:

-Ամեն օր ԱԻՆ պաշտոնական կայքում հայտարարություն ենք տեսնում այն մասին, որ սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ ենք անում այդ դեպքերում:

-Ամեն տարի՝ տարվա սկզբին, «Հայանտառ»-ն իր ստորաբաժանումներով իրականացնում է համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ՝ նախապատրաստվելով այդ բոլոր հանգամանքներին: Հակահրդեհային միջոցառումներ պետք է իրականացնեն ե՛ւ «Հայանտառը», որը համակարգման ոլորտում մտնում է գյուղատնտեսության նախարարության մեջ, ե՛ւ պահպանվող տարածքները, որոնց համակարգման ոլորտը՝ բնապահպանության նախարարություն: Այսինքն՝ նրանք նախօրոք պետք է այդ միջոցառումներն իրականացնեն: Իհարկե, մենք էլ ենք աջակցում նրանց, որ կարողանան անել դա, համատեղ պլաններ ունենք մշակած: Բայց առաջնայինն այդ կառույցների կողմից ձեռնարկվող միջոցառումներն են, որը շատ կարեւոր է:

– Այսինքն՝ այդ կառույցների կողմից Դուք թերացումնե՞ր եք նկատում:

-Չեմ նկատում, ես ասում եմ՝ այն, ինչ կա: Ես փաստում եմ այն, որ պետք է արվի: Թող հետազոտություն արվի եւ պարզվի՝ որտեղից է տեղի ունեցել հրդեհը, ինչից է ծագել, ովքեր են մեղավոր եղել: Հրդեհավտանգ իրավիճակների մասին այդպիսի հայտարարություններով կառույցներին եւ մարդկանց նախօրոք զգուշացնում ենք, որ կանխարգելեն դա: Բայց մենք չենք կարող գնալ, հետեւել այն կառույցների գործունեությանը, որոնք մեր համակարգման ոլորտում չեն: Պետք է հատուկ խրամատներ փորվեն, ճանապարհներ բացվեն, լրացուցիչ խոնավ միջավայր ստեղծվի, եւ այլ բազմաթիվ միջոցառումներ կան, որոնք պետք է իրականացվեն:

-Դուք խոսեցիք քաղված դասերի մասին, սակայն Բյուրականի հրդեհն ապացուցեց, որ ամեն դեպքում հրդեհն արագ մարել մեզ չի հաջողվում եւ նույնիսկ փոքր հրդեհն աղետ է դառնում: Աշխատանքի անկազմակերպվածություն առկա՞ չէ: Մենք ահազանգեր ենք ստացել այն մասին, որ աշխատակիցներն իրենց աշխատանքը չեն կատարում ըստ պատշաճի, քնում են մեքենաների մեջ:

-Դուք չեք զգո՞ւմ, որ նույն Բյուրականի հատվածում հրդեհի ծավալները չեն մեծանում: Բյուրականի կրակը հիմնականում եղել է գետնատարած, մենք, օրինակ, անօդաչու թռչող սարքերով նկարահանումներ ունենք իրականացրած, որով հստակ երեւում է, որ գետնի վրա խոտն է այրվել, եւ հրդեհը եղել է գետնատարած: Իսկ Դուք գիտեք, որ Վրաստանում, որտեղ մեր փրկարարները մասնակցում են հրդեհաշիջման աշխատանքներին, ժամը 20:00-ին աշխատանքները դադարեցվում են, եւ բոլորին իջեցնում են ցած: Ընդհանրապես գիշերով հրդեհաշիջման աշխատանքներ չեն կատարվում, իսկ մեր տղաները մինչեւ կեսգիշեր աշխատում են, մինչեւ իջեցնում են ցած: Հետո ամենակարեւոր հանգամանքը, որն առկա է նաեւ հրդեհաշիջման միջազգային պրակտիկայում. առաջին հերթին պայքարը տանում է մարդկանց անվտանգության ապահովման համար: Մեր գործունեության գերակայությունը մարդկանց անվտանգության ապահովումն է: Հրդեհի արագ տարածման համար, իհարկե, կան մի քանի օբյեկտիվ պատճառներ՝ քամու ուժգնությունը, արագությունը:

-Պարո՛ն Գաբրիելյան,  ահազանգ եղավ նաեւ Հրազդանում հրդեհի մասին, եւ քաղաքացիներն ահազանգեցին նաեւ տան հրդեհի մասին: Բայց հրշեջները Ծաղկաձորում էին աշխատում:

-Կոտայքի մարզում հրդեհ կար, չգիտեմ ինչու՝ օգտատերերի կողմից տարբեր լուրեր էին տարածվել, թե տներ էին այրվում, բայց նման բան չկար: Իհարկե, տներ չեն այրվել, նման բան չկա, դա կեղծ ինֆորմացիա է: Եթե ահազանգել են, թող որեւէ բնակիչ ահազանգի, որ իր տունը հրդեհվել է, եթե կա այդպիսի մարդ:

«Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանին:

-Պարո՛ն Մանուկյան, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Վրեժ Գաբրիելյանն անուղղակի մեղադրել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ին կանխարգելիչ աշխատանքների ոչ ճիշտ կազմակերպման մեջ: Ինչպե՞ս եք մեկնաբանում նրա քննադատություններին: Բացի այդ էլ՝ բազմաթիվ կարծիքներ կան, թե «Հայանտառ»-ն իր աշխատանքը ճիշտ չի կատարում:

-Սխալ են ասում: Իրենք մեր աշխատանքը որտե՞ղ են տեսել՝ անում ենք, թե չենք անում:

– Այսինքն՝ ինչպիսի՞ կանխարգելիչ միջոցառումներ եք անում:

-Բազմաթիվ միջոցառումներ են արվել, օրինակ՝ նշեմ, որ վերահսկվող հրդեհներ են կազմակերպվել անտառամերձ շրջաններում: Այսինքն՝ հենց նույն ԱԻՆ-ի հետ միասին ենք արել: Մենք այրել ենք, հանգցրել ենք, որպեսզի հետագայում, եթե հրդեհ լինի համայնքային տարածքներում, չգա, մտնի անտառ:

-Պարո՛ն Մանուկյան, ասում են՝ Ձեր նշանակումից հետո Հայաստանում հրդեհներն ավելացել են:

-Ես այդպիսի բամբասանքների ուղղակի չեմ պատասխանի, ամոթ է այդպիսի մեկնաբանություններին արձագանքելը:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս