«Ծառուկյան» խմբակցության մտքի տիտանները. նոր խորհրդարանը փայլում է իր ողջ հմայքով

«Ծառուկյան» խմբակցության մտքի տիտանները. նոր խորհրդարանը փայլում է իր ողջ հմայքով

Նոր խորհրդարանը դեռ չի սկսել լիարժեք գործունեությունը, սակայն հասցրել է փայլել իր ողջ հմայքով: Նորընտիր պատգամավորներից մի քանիսն այս կարճ ժամանակահատվածում աչքի են ընկել ամենալուրջ թեմաների մասին իրենց հակաքաղաքագիտական հայտարարություններով՝ հարուցելով մարդկանց քրքիջը: Ընդ որում, նման վիճակ է ոչ միայն իշխանական, այլեւ արդեն ընդդիմադիր խմբակցություններում:

Ինչպես հայտնի է՝ «Ելք» դաշինքը  խորհրդարանում հանդես է գալու ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու նախաձեռնությամբ: Եվ ահա օրեր առաջ այս թեմայի վերաբերյալ 1in.am լրատվական կայքին հարցազրույց է տվել խորհրդարանի ամենամեծ ընդդդիմադիր ուժը համարվող «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներից ԲՀԿ-ական Լուիզա Սարգսյանը՝ հայտարարելով. «Ես գտնում եմ, որ Հայաստանն առաջինը պետք է լինի պետականամետ, առաջինը մենք պետք է տեսնենք մեր պետության շահերից բխող բոլոր խնդիրները։

Այստեղ ինչ-որ ես չեմ գտնում, որ մի կառույցից դուրս գալը ե՛ւ չունենալ կոնկրետ չափորոշիչներ, ե՛ւ հաստատագրված պայծառ ապագա մյուս կառույցում՝ ամենակարեւոր խնդիրը դա չէ, խնդիրը, որ հասկանանք, թե որ կառույցում ինչ դիրքորոշում ունենք, եւ որ կառույցն է բերում մեզ ավելի դրական կյանքի, մեր շահերի, մեր պետության ու քաղաքացիների համար, որ ապագայում չլսենք արտագաղթի այսպիսի թվեր»։ Իսկ հարցին, թե ԵՏՄ կազմում Հայաստանի մնալը մասնագետներն անօգուտ են համարում, նա նշել է. «Չեմ գտնում, որ այս պահին ԵՏՄ-ից դուրս գալը, կամ միանգամից այդպիսի շրջագույն հայտարարություններ անելը պետք է: Այդ ամենը պետք է դնել կշռաքարի վրա»:

Համաձայնեք, ԲՀԿ-ական պատգամավորի արտահայտություններն արժի ընդգրկել դասագրքերում՝ որպես քաղաքագիտական մտքի յուրօրինակ գլուխգործոց: Օրինակ՝ նրա հայտարարությունը, թե «Հայաստանն առաջինը պետք է լինի պետականամետ»: Մինչեւ հիմա մեզ թվում էր, թե պետականամետ կարող են լինել մարդիկ, քաղաքական ուժերը` իրենց դիրքորոշումներում: Բայց պարզվում է` առաջինը պետականամետ պետք է լինի Հայաստանը:

Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության դադարեցմանը, այստեղ էլ տիկին Սարգսյանը շատ օրիգինալ է գտնվել, երբ հայտարարել է, թե ճիշտ չի համարում այս պահին ԵՏՄ-ից միանգամից դուրս գալը՝ չունենալով «հաստատագրված պայծառ ապագա մյուս կառույցում»: Ուշադրություն դարձրեք նրա ձեւակերպումներին. ԲՀԿ-ական պատգամավորը, այնուամենայնիվ, համոզված է, որ պետք է դուրս գալ ԵՏՄ-ից, բայց ոչ թե այս պահին` միանգամից, կտրուկ հայտարարություններով, այլ կամաց-կամաց, աննկատ, ուրիշ կառույցում «հաստատագրված պայծառ ապագա» տեսնելուց հետո:

Սա, ի դեպ, կարող է քաղաքական լուրջ սկանդալի առիթ դառնալ. նման հայտարարություն է անում ԲՀԿ-ական պատգամավորն այն դեպքում, երբ ժամանակին նույն ԲՀԿ-ն միաձայն կողմ քվեարկեց ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագրին, դեռ ավելին` կրծքով պաշտպանելով իշխանությունների այդ որոշումը: Իհարկե, չի բացառվում, որ այս ընթացքում ԲՀԿ-ն մտափոխվել է եւ հիմա Հայաստանի համար «պայծառ ապագա» է որոնում այլ կառույցներում, պարզապես, ի տարբերություն «Ելք»-ի, նրանք ցանկանում են այդ գործընթացն ավարտին հասցնել ոչ միանգամից: Ու հիմա Լ. Սարգսյանը կամա, թե ակամա բացահայտել է ներկուսակցական գաղտնիքը:

Ամեն դեպքում, «Ժողովուրդ»-ը փորձեց Լուիզա Սարգսյանից մեկնաբանություններ ստանալ այս ամենի վերաբերյալ, պարզել` Հայաստանն ինչպե՞ս կարող է լինել պետականամետ, ո՞ր կառույցներում են իրենք որոնում «հաստատագրված պայծառ ապագա»: Սակայն պատգամավորուհին ասաց, թե ինքն արդեն 7 րոպեանոց հարցազրույց է տվել, ու չի ցանկանում կրկին խոսել: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանից «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ճշտել` արդյո՞ք ԵՏՄ-ի մասին ասվածն իրենց պաշտոնական տեսակետն է, սակայն նա չցանկացավ պատասխանել որեւէ հարցի:

Մինչ այդ նկատենք, որ նա առաջին անգամը չէ, երբ ԲՀԿ-ական այս պատգամավորը նման պատմությունների մեջ է հայտնվում. ԱԺ-ում իր առաջին ելույթը Լ. Սարգսյանը սկսել էր՝ Սերժ Սարգսյանին ցիտելով ու գովաբանելով, գերազանցելով ՀՀԿ-ականներին` քծնանքի ասպարեզում եւ մոռանալով, որ իրենք իրենց ընդդիմադիր խմբակցություն են հայտարարել:

Հետո ԱԺ մշտական հանձնաժողովներում 2016թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ նա ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանին հարցրել է կալանավայրերի սննդի մասին` շփոթելով վերջինիս արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանի հետ եւ այսպես շարունակ:

Այս ամենը ծիծաղելի է, բայց նաեւ ողբերգական: Ի վերջո, նոր Սահմանադրությամբ Հայաստանն անցել է խորհրդարանական կառավարման համակարգի, ինչը ենթադրում է, որ խորհրդարանում պետք է տեղ զբաղեցնեին բանիմաց մարդիկ, այլ ոչ թե պատահական կերպարներ, որոնք մանդատ են ստացել կուսակցական ղեկավարներին անձնական նվիրվածության շնորհիվ:

Հ.Գ. Հանուն արդարության արձանագրենք մեկ փաստ. այնպես չէ, որ «Ծառուկյան» խմբակցությունում բոլորը մտքի տիտաններ են, եւ նրանց մեջ ամենավատը Լուիզա Սարգսյանն է: Պարզապես մյուսները գիտեն իրենց հնարավորությունների մասին, եւ փորձում են ավելորդ անգամ աչքի չընկնել ու գոնե չխոսել այնպիսի թեմաներից, որոնցից տեղյակ չեն:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ