Ինչպես է Ռուզաննա Մուրադյանը հաջողացնում պետական դրամաշնորհ ստանալ. ինչով է զբաղվում պատգամավորի ՀԿ-ն

Ինչպես է Ռուզաննա Մուրադյանը հաջողացնում պետական դրամաշնորհ ստանալ. ինչով է զբաղվում պատգամավորի ՀԿ-ն

ՀՀ Աժ պատգամավոր Ռուզան Մուրադյանի գլխավորած «Դպրոց-կենտրոններ միավորում» իրավաբանական անձանց միությունը ընթացիկ տարվա համար ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից ֆինանսական աջակացություն է ստացել` 20 մլն դրամի չափով: Թերեւս դժվար է պատկերացնել՝ եթե նա կրկին պատգամավոր չընտրվեր, ապա ինչպես էր հաջողացնելու պետական դրամաշնորհ ստանալ: Սա առիթ դարձավ ուսումնասիրելու, թե պատգամավորի գլխավորած այս կազմակերպությունը կոնկրետ ինչով է զբաղվում:

Նախ` նշենք, որ վերջին մի քանի տարիներին Մուրադյանի ղեկավարած միությունը ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից պարբերաբար ստացել է 20 մլն դրամ գումար: «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ «Դպրոց-կենտրոնների միությանը» պետական բյուջեից եւ 2015 թվականին  եւ 2016-ին եւ 2017-ին  հատկացվել է 20-ական մլն դրամ:

Իսկ ի՞նչ է արել այդքան գումար կազմակերպությունը: Միությունը իբր աջակցության ծրագրի շրջանակներում կազմակերպել է տարբեր մասնագիտական հավաքներ, հանդիպումներ, սեմինարներ, քննարկումներ: Այդ մասնագիտական հավաքներին մասնակցել են «Դպրոց- կենտրոնների միության» անդամ ավելի քան 100 դպրոց-կենտրոնների տնօրեններ: Սա ըստ իրենց ներկայացրած բացատրության:

«Ժողովուրդ»-ը ուսումնասիրեց նաեւ «Դպրոց-կենտրոններ միության» պաշտոնական կայքէջը, որտեղից պարզ դարձավ, որ նորությունների բաժինը գերակշռում է իր մասին նյութերով եւ լուսանկարներով: Ստացվում է, որ Ռուզաննա Մուրադյանը սեփական անձի փիառով զբաղվելով՝ ցույց է տալիս, թե կրթական համակարգում սարեր է շուռ տալիս: Այնինչ՝ նրա ներդրումը կրթական համակարգում, մեղմ ասած, տեսանելի չէ:

Ի դեպ, միության պաշտոնական կայքէջում բացակայում է ամենակարեւոր տեղեկությունը՝ կազմակերպության գործունեության վերաբերյալ հաշվետվությունը: Ոչ մի տեղ նշված չկա, թե միության ղեկավարությունը կոնկրետ ինչ է արել ստացած պետական միջոցները, ինչպես է ծախսել կամ ում է տվել: Ինչը արդեն կասկածի տեղիք է տալիս` արդյո՞ք հատկացվող գումարները ծառայում են իրենց նպատակին: Տվյալ միության կայքէջում միայն նշված է, որ դպրոցների տնօրենների հետ հանդիպումների ճանապարհածախսը փոխհատուցում է միությունը: Թե ինչ են կոնկրետ տվել ուսուցիչներին կամ կրթության համակարգին Ռուզաննա Մուրադյանի կողմից կազմակերպված սեմինարները, հանդիպումները, ճամփորդությունները, դժվար է ասել:

Բացի այդ՝ պարզվում է, որ հանրապետական պատգամավորը, օգտագործելով իր կապերը, իրեն պատկանող մյուս՝ «Կրթություն առանց սահմանի» ՀԿ-ով եւս դրամաշնորհ է ստացել, այս անգամ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով: Այս հիմնադրամի ղեկավարն էլ ՀՀԿ-ական պատգամավոր, 41-ամյա երիտասարդ Կարեն ավագյանն է:
Տեղեկանալու համար, թե նախագահականից ստացված գումարներով ՀԿ-ն ինչ է արել, «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀԵՀ, որտեղից փոխանցեցին, որ 2013 թվականից մինչ օրս կազմակերպվել է 19 մրցույթ. «Կրթություն առանց սահմանի» ՀԿ-ն առաջին անգամ ստացել է 2 մլն 376 հազար 667 դրամի չափով դրամաշնորհ: Այն ստացել է 2013 թվականին` իրականացնելու «Ընդդեմ ծխախոտի» կանխարգելիչ միջոցառումների շարք» ծրագիրը: Երկրորդ անգամ՝ այս տարի ստացել է 953 հազար 260 դրամի չափով դրամաշնորհ, որով իրականացնելու է «Հայ զինվորի կերպարը մատաղ սերնդի դաստիարակության գործում» ծրագիրը: Ըստ էության Ռուզաննա Մուրադյանը, օգտվելով պաշտոնից, փորձում է ոչնչից հետ չմնալ եւ ամեն տեղ իր ձեռքն է գցում՝ չնայելով թեմաներին: Նա, փաստորեն, գլուխ է հանում բոլոր թեմաներից:

Ի դեպ, վերջերս Ազգային Ժողովում տեղեկություններ տարածվեցին, որ Ռուզաննա Մուրադյանը ձեռնարկ է տպագրել այն մասին, թե ինչպես դպրոցականները պետք է հանդուրժողականություն ցուցաբերեն սեռական փոքրամասնությունների նկատմամբ: Ըստ այդ տեղեկությունների` Մուրադյանը նախատեսել էր այդ թեմատիկայով ձեռնարկը բաշխել դպրոցներին: Ինչին խոչընդոտել է ՀՀ վերահսկիչ պալատը: Բանն այն է, որ երբ ՎՊ-ն սկսել է ուսումնասիրել կրթության եւ գիտության նախարարության ֆինանսական գործունեությունը, այդ ժամանակ բացահայտվել է, թե ինչ դրամաշնորհներ են տրվել կազմակերպություններին: Արդյունքում պարզվել է, որ ի թիվս այլոց՝ Ռուզաննա Մուրադյանի կազմակերպությունը նույնպես դրամաշնորհ է ստացել, որի միջոցներով նաեւ տպել են վերը նշված բովանդակությամբ բրոշյուրներ:
Եւ ամենաուշագրավն այն է, որ ՎՊ-ն «ներքին կարգով» հասել է կարեւոր արդյունքի. ԿԳՆ-ն արգելել է այդ բրոշյուրները տպարանից դուրս հանել, առավել եւս բաշխել դպրոցներին:
Այս տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ ԱԺ պատգմավոր, ՀԿ-ների տիրուհի Ռուզաննա Մուրադյանի հետ, ով հայտարարեց, որ ինքը այլեւս կապ չունի «Կրթությունն առանց սահմանի» ՀԿ-ի հետ: «Ես վաղուց «Կրթությունն առանց սահմանի» ՀԿ-ի նախագահը չեմ»,- հայտարարեց Մուրադյանը: Իսկ տպարանում մնացած ձեռնարկների մասով ասաց, որ նման բան չի եղել. «Առաջին անգամ Ձեզանից եմ լսում»:

Հուսանք՝ ԿԳՆ-ն առաջիկայում ավելի խոհեմ կգտնվի եւ պետական միջոցները արդյունավետ կբաշխի՝ հետեւելով դրանց ծախսերի արդյունավետությանը: Չէ՞ որ մարզային բազմաթիվ դպրոցներ կան, եւ ավելի նպատակային կլինի այդ գումարները հատկացնել դրանց՝ գոնե տարրական՝ զուգարանները նորոգելու համար:

Սյունէ Համբարձումյան