Սաթենիկը` բիզնեսվուման, Արբին` «նույն ախմախը». վերվարածները 10 տարի անց վերադառնում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնել ենք՝ «Վերվարածներն ընտանիքում» հեռուստասերիալը կունենա իր շարունակությունը։ Աշնանային նոր եթերաշրջանում «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքի եթերում 10 տարի անց կմեկնարկի «Անուղղելիները» սերիալը, որը կշարունակի «Վերվարածների» սցենարի տրամաբանական գիծը, սակայն չի կրկնի այն։ Արբին, Անթառամը, Ճպլը, Լիպոն ու մյուսները կրկին «կայցելեն» հեռուստադիտողների բնակարաններ, բացի այդ՝ սերիալում կավելանան նոր կերպարներ, այդ թվում՝ երեխաներ։

«Ժողովուրդ»-ը զրուցել է սերիալում ընդգրկված դերասաններ Մարգարիտ Խաչատրյանի եւ Արթուր Հակոբյանի հետ։

Մարգարիտ Խաչատրյանը նշեց, որ ժողովուրդը վերջին տասը տարիների ընթացքում անընդհատ կարոտել է սերիալը, ցանկություն հայտնել կրկին տեսնել այն եթերում «Ըստ իս, սերիալի ֆենոմենը կապված է հետաքրքիր սցենարի եւ դերասանական կազմի հետ։ Սերիալում հեռուստադիտողը չի հանդիպի, օրինակ, արյունոտ, գռեհիկ տեսարանների»,- նկատեց տիկին Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է իր դերին, դերասանուհին նշեց, որ նույն կերպարն է մարմնավորում, սակայն իր առջեւ արդեն բոլորովին նոր խնդիրներ են դրվել: «Սերիալում Սաթենիկը հանդես կգա արդեն որպես բիզնեսվուման, նա ունի ներքնազգեստի բրենդային խանութ։ Իմ կերպարն ունի նաեւ թոռնիկ, որին մոլեռանդորեն սիրում է։ Ինձ համար սա օտար մոտեցում է, քանի որ ես իմ երեխաների եւ թոռների հանդեպ բավական խիստ եմ եղել։

Այնպես որ, լուրջ մոտեցում է պետք, որպեսզի հաջողությամբ մարմնավորեմ նոր Սաթենիկին։ Նրա մեջ ինձ դուր է գալիս այն հանգամանքը, որ չնայած բոլոր դժվարություններին, այդ կինը ոչ մի վայրկյան չի կորցնում իր կենսունակությունը»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։

Նա պատմեց, որ նկարահանման հրապարակում տասը տարի անց հանդիպելով՝ դերասանները միմյանցից իրենց կարոտն են առնում։ Նույնը փաստեց նաեւ սերիալի մեկ այլ դերասան Արթուր Հակոբյանը։ Նա, անդրադառնալով իր կերպարին, խոստովանեց. «Արբին էլի նույն ախմախն է մնացել, ավելի ճիշտ՝ ազնիվը։

Հեռուստադիտողն էլ կհամաձայնի, որ նա այսօրվա մարդ չէ, այս աշխարհից չէ։ Արբիի կյանքը, սակայն, մի փոքր փոխվել է: Նա ամուսնացել է, ավելին՝ մի քանի միլիոն դրամ ժառանգություն է ստացել»- ծիծաղելով ասաց դերասանը։
Նա եւս ուրախություն հայտնեց այն առթիվ, որ տարիներ անց իրենք կրկին հավաքվել են նույն ջերմ տանիքի ներքո։

Անի Անտոնյան




Լրահոս