ՎԻԴԵՈ. ՖՈՏՈ. Առևտրականները հայտնվել են երկու քարի արանքում՝ քաղաքապետարանի և Վերնիսաժի վարձակալի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացրել էր, որ այսօր առավոտյան Վերնիսաժում հնաոճ սպասքերի վաճառքով զբաղվող առևտրականները նամակ-խնդրագրով դիմել էին վարչապետ Կարեն Կարապետյանին: Աշխատակազմը նամակին կպատասխանի ամենաշատը 1 ամսից:

Այնուհետև առևտրականները ուղևորվեցին քաղաքապետարան՝ դիմում հանձնելու քաղաքապետին, ինչպես նաև հանդիպելու կամ նրա, կամ վերջինիս օգնականի՝ Դավիթ Օհանյանի հետ:

Նկատելով շենքի մուտքի մոտ հավաքված քաղաքացիներին՝ վերջիններիս մոտեցավ քաղաքապետարանի քարտուղարության ընդհանուր բաժնի պետ Գեորգի Գաբրիելյանը, ով հրավիրեց մարդկանց ներս՝ առաջարկելով քաղաքապետարանի տեղակալին սպասել քաղաքացիների համար նախատեսված սրահում: Շուրջ երկու ժամ սպասելուց հետո, երբ որևէ պաշտոնյա չմոտեցավ մարդկանց, նրանք կրկին դուրս եկան փողոց: Այս անգամ էլ քաղաքապետարանի աշխատակիցներն առաջարկեցին ներսում սպասել, քանի որ րոպեներ անց Դավիթ Օհանյանը պետք է հանդիպեր վերջիններիս հետ:

Ի վերջո քաղաքապետի օգնականը հանդիպեց քաղաքացիների հետ՝ նշելով, որ տեղյակ է քաղաքացիների խնդիրներին, սակայն իրենք էլ արդեն ունեն իրենց հակափաստարկները: Մասնավորապես, նախքան Վերնիսաժի բարեկարգումը քաղաքապետարանը հանդիպումներ է ունեցել տարածքը վարձակալողի հետ՝ ճշտումներ անելով, թե արդյոք Վերնիսաժի նորակառույց, բարեկարգ հատվածում ընդգրկված են բոլոր առևտրականները: Ինչին ի պատասխան Վերնիսաժը վարձակալողը նշել է, որ այդ տարածքում կտեղավորվեն առևտրով զբաղվող բոլոր քաղաքացիները:
Օհանյանը խոստացավ 2-3 օրվա ընթացքում ստեղծված իրավիճակը քննարկել Վերնիսաժի վարձակալի հետ և տեղեկացնել քաղաքացիներին:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լուսինե Առաքելյան




Լրահոս