ՆԱԽԱՐԱՐՆ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՈՉ ԲԱՎԱՐԱՐ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով այն հարցին, թե ինչպես կգնահատեր իր աշխատանքը որպես ԱԻՆ կառույցի ղեկավար, ասաց. «Դեռեւս ոչ բավարար»:

Ինչպես նկատում ենք՝ հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակի հետ մեկտեղ ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում արտակարգ իրավիճակների նախարարությունում: ԱԻՆ նախարար Դավիթ Տոնոյանը իր շուրջն է հավաքում պաշտպանության նախարարության իր կոլեգաներին: Օրերս էլ ՊՆ փոխնախարար Արա Նազարյանը ազատվեց պաշտոնից եւ նշանակվեց ԱԻՆ փոխնախարար:
Երեկ կառավարության նիստից հետո լրագրողները Դավիթ Տոնոյանից հետաքրքրվեցին, թե ՊՆ-ի կադրերին ԱԻՆ տեղափոխելով՝ նախարարն իր մարդկա՞նց է տեղավորում եւ իր թի՞մն է ստեղծում. «Այո՛, ես նաեւ իմ թիմն եմ հավաքում: Ընդամենը 7 ամիս է, որ աշխատում եմ եւ իրավունք ունեմ հավաքելու իմ թիմը, որպեսզի կարողանամ ճիշտ կազմակերպել իմ աշխատանքը»:
«Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հետ:
-Պարո՛ն Տոնոյան, Խոսրովի արգելոցի, Վայոց ձորի հրդեհները մարեցին, այժմ սթափ գլխով վերլուծենք իրավիճակը, ինչո՞ւ բռնկված հրդեհները աղետ դարձան, միայն քամի՞ն էր պատճառը, թե՞ ոչ ժամանակին արձագանքելը:
-Տարածման մեջ, իհարկե, քամին մեծ խնդիր ունեցավ, ուղղակի դա հնարավոր չէր: Երբ որ մենք սկսեցինք արձագանքել, արդեն մոտավորապես մեկ քառակուսի կիլոմետր պարագծով, ոչ թե պարագծով, այլ շառավիղով հրդեհը տարածվում էր բոլոր ուղղություններով:
-Ինքներդ նշեցիք՝ երբ սկսեցիք արձագանքել, բայց այստեղ ուշագրավն այն է, որ դեռեւս օգոստոսի 8-ին եւ ոչ միայն վերոնշյալ օրը արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարություն էր տարածում, որ հրդեհավտանգ իրավիճակ է, եւ ԱԻՆ-ը պատրաստ է ցանկացած խնդիր լուծելու: Կոնկրետ կասեք՝ կանխարգելիչ ի՞նչ գործողություններ արեցիք, երբ հրդեհներ չկային:
-Կանխարգելիչ աշխատանքները իրականացվել են եւ շարունակվում են իրականցվել:
-Կոնկրետ նշե՛ք, թե ինչ կանխարգելիչ աշխատանքներ եք իրականացրել:
-Դա ճանապարհներ են, դա ջրատար ուղիներ են, բայց խնդիրը նրանումն է, որ Խոսրովը արգելոց է, եւ այնտեղ էկո-համակարգի վրա ազդեցությունը խիստ սահմանափակ է:
-Մի շարք բնապահպաններ բարձրաձայնեցին, որ Խոսրովի արգելոցի հրդեհը կանգնեցնելու համար ցեմենտը օգտակար չէ, այլընտրանք չունեի՞նք, ինչո՞ւ հող, ավազ չօգտագործեցիք՝ հրդեհը կանգնեցնելու համար:
-Չէ՛, դա այնպիսի քանակներ են, որ ընդհանրապես բնապահպանական խնդիրներ չեն կարող առաջացնել, որովհետեւ դա նույն կրակատարն է, որը ալյուր է դարձված, ալյուրի մակարդակի է հասցված:
-Մենք ապրում ենք այսպիսի Հայաստանում. մայրաքաղաքում հորդառատ անձրեւ է գալիս, պատրաստ չենք, մեքենաները մնում են ջրի տակ, հրդեհ է լինում, պատրաստ չենք, պատերազմ է լինում, պատրաստ չենք, իսկ ինչի՞ն ենք, ի վերջո, մենք պատրաստ:
-Ես այդպիսի հայտարարություն չեմ արել:
-Դուք չեք արել, բայց իրավիճակը ցույց է տալիս, որ երբ խնդիր է լինում, ոչ մի բանի դեմ առնելու հնարավորություն չենք ունենում, այսինքն՝ պատրաստ չեք:
-Արձագանքման կարողությունները, որոնք մենք ունենք, հնարավորություն տվեցին՝ շատ փոքր ժամանակահատվածում խնդիրների լուծում տանք, շատ փոքր ժամանակահատվածում:
-Որպես ԱԻՆ կառույցի ղեկավար եւ նախարար՝ ինչպե՞ս եք գնահատում Ձեր աշխատանքը: Օրինակ՝ ՊՆ-ում 2-5 բալանոց սանդղակով գնահատում էիք զինվորականների աշխատանքը: Իսկ ինչպե՞ս կգնահատեք Ձեր աշխատանքը:
-Դեռեւս ոչ բավարար:
-Պարո՛ն Տոնոյան, հասարակության մի մասը պահանջում էր Ձեր հրաժարականը, պատրաստվո՞ւմ եք հրաժարական տալ:
-Ո՛չ:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂԸ ՀԱՆՁՆՎԵԼ Է
ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհների հափշտակություն կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով զարգացումները շարունակվում են: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ հետախուզման մեջ գտնվող անձանցից մեկը ինքնակամ ներկայացել է ՀՀ քննչական կոմիտե:
Ինչպես հայտնի է՝ 2016 թվականին ՀՀ քննչական կոմիտե էր դիմել Եվրոպական միության գրասենյակը եւ հայտնել, թե ստուգումներ էր իրականացրել եւ հայտնաբերել, որ որոշ ՀԿ-ներին հատկացված դրամաշնորհները նպատակային չեն օգտագործվել, եւ խոշոր գումար է յուրացվել: ՀՀ քննչական կոմիտեն քննություն էր սկսել եւ աղմկալի բացահայտումներ իրականացրել, ինչի արդյունքում պարզվել էր, որ շուրջ 409 մլն դրամ (772 հազար եվրո) հափշտակվել է:
Այսպիսով՝ նախաքննություն իրականացնող մարմնի կողմից մեղադրյալի աթոռին են հայտնվել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի ծրագրերի ղեկավար Մարինե Պապյանը, Տիգրան Սուքիասյանը, Գեւորգ Ղազարյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, Արմեն Բարեղամյանը, Անահիտ Ավագյանը, Սերգեյ Բալասանյանը, Դինա Մանուկյանը, Կարեն Ստեփանյանը, Թերեզա Դիլանյանը, Ալեքսանդր Պողոսյանը, իսկ ահա «Հայաստանի բրոքերների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Հրայր Գյոնջյանի եւ Գարիկ Չիլինգարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, եւ հայտարարվել էր հետախուզում:
Շուրջ 6 ամիս հետախուզման մեջ գտնվող Գարիկ Չիլինգարյանը այս տարվա հունիսին ինքնակամ ներակայացել է նախաքննությունը իրականացնող մարմին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ Գարիկ Չիլինգարյանը ինքնակամ ներկայացել է վարույթ իրականացնող մարմին, եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի` խարդախություն, եւ 325 հոդվածի առաջին մասի` փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կեղծելու հատկանիշներով: Նախաքննությունը շարունակվում է:
Ի դեպ, պարզեցինք, որ Գարիկ Չիլինգարյանը ինքնակամ ներկայացել է քննիչներին այն բանից հետո, երբ նրա պաշտպանը հետախուզման ընթացքում դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան, որպեսզի նրա նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոխվի ստորագրությամբ չհեռանալու ձեւաչափի, դատարանն էլ բավարարել է պաշտպանի միջնորդությունը: Ուստի ԵՄ դրամաշնորհների յուրացման գործով մեղադրյալ Չիլինգարյանը՝ վստահ լինելով, որ իրավապահներին ներկայանալու դեպքում չի կալանավորվելու, որոշել է հանձնվել:
ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկվել էր ՀՀ վճռաբեկ դատարանում, սակայն որոշումը վարույթ չի ընդունվել:
Հավելենք, որ դրամաշնորհների յուրացման գործով ներկայումս 14 անձ ներգրավված է որպես մեղադրյալ:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԿՐԱԿ ԵՆ ԲԱՑԵԼ
Երեկ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին անցկացված ԵԱՀԿ առաքելության դիտարկման ընթացքում հակառակորդի զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը: Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել ԵԱՀԿ-ի դիտարկման ժամանակ: Դիտարկումն անցկացվել է Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ:

 

 

ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՆ
Երեկ՝ կառավարության նիստի սկզբում, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ դատական գործերի բաշխման ընթացակարգերի արդյունավետության բարձրացման եւ գործերի քննության տեւողության կրճատման խնդրին: Ըստ նրա՝ դատական գործերի քննության կապակցությամբ ձեւավորված իրավակիրառ պրակտիկայի արդյունքում վեր են հանվել խնդիրները, մասնավորապես նույն դատարանի դատավորները ծանրաբեռնված են, բայց գործերի բաշխումը կատարվում է մեծ հայեցողականությամբ, իսկ գործերի քննության հետաձգումները պատճառաբանված չեն: Վարչապետն արդարադատության նախարարին հանձնարարեց դատավորների միջեւ դատական գործերի բաշխման հայեցողականության սահմանափակման եւ արդյունավետության բարձրացման գործիքակազմ մշակել եւ առաջարկություններ ներկայացնել կառավարություն:

 

 

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ ՀՀ ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման եւ Երեւանի փրկարարական վարչություններում, ինչպես նաեւ Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի, Տավուշի ու Սյունիքի հրշեջ-փրկարարական ջոկատներում:

 

 

ՉԻ ՄՆՈՒՄ
Երեկ՝ ՀՀ կառավարության նիստից հետո, ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը նշեց, որ Հայաստանի բուժհաստատությունների օպտիմալացումը շարունակվում է, բայց ոչ մի բժիշկ առանց ոչ համարժեք աշխատավարձով առաջարկության չի մնում: Նրա խոսքով՝ ոմանք համաձայնում են, ոմանք՝ ոչ, բայց բոլորն էլ առաջարկություն ստանում են:

 

 

ՊԵՏՔ Է ՆՈՐԻՑ ՍԿՍԵԼ
«Վինար» գինու գործարանը կրկին չի մարել ֆերմերների պարտքը: Այդ պատճառով ձեռնարկությամբ կրկին կզբաղվի դատախազությունը, այս մասին հայտնել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Գործարանը պետք է ֆերմերներին վճարեր խաղողի համար՝ վաճառելով կոնյակի սպիրտի պաշարները: Դատախազությունը դրանց վրա կալանք էր դրել, որպեսզի հետեւի գումարների՝ անհրաժեշտ ուղղությամբ փոխանցվելուն: «Գործարանը սկսեց մարել պարտքերը: Դատախազությունը հանեց կալանքը, իսկ գործարանը կրկին դադարեց մարել պարտքերը: Այնպես որ, այժմ նորից պետք է սկսել»,-հայտարարեց նախարարը:

 

 

ԴԻ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Երեկ Գյումրիի Խաղաղության օղակ այգում տղամարդու դի է հայտնաբերվել: Դիակի ինքնությունը պարզվել է. մահացածը Գյումրիի 50-ամյա բնակիչ է, ըստ դատաբժշկական փորձաքննության նախնական տվյալների՝ նա մահացել է սրտի կաթվածից:

 

 

ԲԱՑ ՌԵԺԻՄՈՎ
Ռուսաստանի Դաշնությունում խալաթով դատարան բերված, դատապարտված եւ պատժի մնացած մասը կրելու համար հուլիսի 20-ին Հայաստան տեղափոխված Հրաչյա Հարությունյանն իր պատիժը կկրի բաց տիպի ռեժիմով: Հրաչյա Հարությունյանը համարվում է բաց ռեժիմի դատապարտյալ: Որոշումը երեկ է կայացվել, նա տեղափոխվել է բաց ռեժիմով դատապարտյալների համար նախատեսված տեղամաս:




Լրահոս