ՀՀԿ-ականները հասարակությանը վարժեցնում են Սերժ Սարգսյանի ցմահ իշխանավարման գաղափարին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երբ ԱԺ ընտրություններից հետո ՀՀԿ ռահվիրաներից Գալուստ Սահակյանն իր հարցազրույցներից մեկում հայտարարեց, թե «Սերժ Սարգսյանը պետք է լինի մինչեւ վերջ», շատերը չհասկացան այդ խոսքերի իմաստը կամ էլ առանձնապես ուշադրություն չդարձրին՝ համարելով այն Գրիգորիչի հերթական «շուլուխը»: Բայց քաղաքական աշնան մեկնարկով պարզ դարձավ, որ առաջիկա ամիսներին իշխանություններն ամեն գնով առաջ են տանելու այս թեզը՝ փորձելով հասարակությանը վարժեցնել այն մտքին, որ երբ 2018թ. ապրիլին ավարտվեն Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունները, եւ ուժի մեջ մտնի նոր Սահմանադրությունը, նա շարունակելու է երկիրը ղեկավարել արդեն որպես ՀՀ վարչապետ:

Նոր Սահմանադրությամբ հենց այդ պաշտոնյայի ձեռքում է կենտրոնացված լինելու ողջ իշխանությունը, առաջին հերթին՝ ուժային կառույցները: Ու քանի որ նոր Սահմանադրությամբ վարչապետի առաջադրման իրավունքը պատկանում է խորհրդարանական մեծամասնությանը՝ ՀՀԿ-ին, վերջինս էլ «մինչեւ վերջ» առաջադրելու է կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանին:
Երեկ ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին իսկ օրը ՀՀԿ-ականներից մի քանիսը սկսեցին բարձրաձայնել Սերժ Սարգսյանի՝ ցմահ իշխանավարման «պատմական անհրաժեշտության» մասին. ՀՀԿ պատգամավոր Նաիրի Սահակյանը հայտարարել էր, թե «Անձամբ ես ուզում եմ, որ Սերժ Սարգսյանը ցմահ մնա երկրի տեր-տիրական, որովհետեւ շատ վստահելի մարդ է»։ Մեկ այլ ՀՀԿ-ական, ընդ որում, այս կուսակցության ԳՄ անդամ Սամվել Ֆարմանյանն էլ, թե՝ Սերժ Սարգսյանն իր անցած ճանապարհով վաստակել է վարչապետ դառնալու հարցում որոշում կայացնելու իրավունքը: Ասել է, թե ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչն ավելի մեղմ ձեւով, ավելի «գրագետ տարբերակով» հասկացրել է, որ Ս. Սարգսյանն իրավունք ունի ընտրելու ցմահ իշխանավարման տարբերակը:

Մեծ հաշվով, իհարկե, այս հեռանկարը պարզ էր ի սկզբանե, երբ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց սահմանադրական փոփոխությունների գործընթացը. նա այդ քայլին գնաց իր անձնական իշխանությունը երկարաձգելու նպատակով: Պարզապես այս ծրագրի իրագործումից մոտ կես տարի առաջ սկսվել է հասարակական կարծիքի զոնդաժը՝ բնականաբար համեմված նաեւ հասարակական ուշադրությունը ձեռքի հետ տարբեր շոուներով զբաղեցնելու աճպարարությամբ: Ամենաթարմ օրինակը ճանապահային ոստիկանության աշխատակիցների եւ ասմունքող տիկնոջ հայտնի միջադեպն էր, որ սոցիալական ցանցերում բուռն քննարկումների առարկա է դարձել: Վաղն էլ իշխանությունները մեկ այլ բան կհորինեն՝ խեղկատակության իրավունքը տալով ուրիշի, ու այսպես շարունակ: Եւ այդպես հասարակության ուշադրությունը կշեղվի իրական խնդիրներից. դե, հիմա ԼՂ հիմնահարցը, ժողովրդագրական աղետալի վիճակը, տնտեսական զարգացման հեռանկարների բացակայությունը եւ այս պայմաններում Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացումն ի՞նչ կարեւոր են:




Լրահոս