Բարեկամական խմբե՞ր, թե՞ ճանապարհորդների ակումբ. ինչ է կատարվում խորհրդարանում

Բարեկամական խմբե՞ր, թե՞ ճանապարհորդների ակումբ. ինչ է կատարվում խորհրդարանում

Պատգամավորի կարգավիճակը շատերի համար գործուղումների անվան տակ անվճար ճամփորդելու հրաշալի հնարավորություն է:

Եւ պատահական չէ, որ նախորդ խորհրդարանում որեւէ էկզոտիկ կամ էլիտար երկիր գործուղումներից առաջ պատվիրակությունների կազմում ընդգրկվելու համար շաբաթներով խմբակցությունների ներսում պատերազմներ էին ընթանում. հատկապես ՀՀԿ խմբակցության կին պատգամավորները փորձում էին իրենց համար ճանապարհ հարթել գործընկերներին սեւացնելու եւ վարկաբեկելու գնով: Պատմում են՝ շատ հաճախ Գալուստ Սահակյանը գլխացավանքից ազատվելու եւ վեճերը կանխելու համար ի սկզբանե փորձում էր ՀՀԿ-ական տիկնանցից հնարավորինս շատերի անունն ընդգրկել: Բայց հաճախ անգամ դա էլ չէր օգնում:

Հիմա նոր խորհրդարանի ղեկավարությունը որոշել է ընդլայնել ԱԺ-ի բարեկամական խմբերը՝ դրանցում ընդգրկելով հնարավորինս շատ պատգամավորների: Արդյունքում, այսօր խորհրդարանում բարեկամական խմբերի թիվը հասել է 59-ի: Ընդ որում, բարեկամական խմբեր են կազմվել այնպիսի երկրների հետ, որոնց տեղը քարտեզի վրա պատգամավորներից շատերը, այդ թվում՝ այդ խմբերում ընդգրկվածները, հազիվ թե իմանան: Իսկ դիվանագիտական հարաբերություններն այդ երկրների հետ եթե անգամ կան, ապա ձեւական բնույթ են կրում:

Օրինակ՝ ԱԺ-ում կա ՀՀ-Ինդոնեզիա բարեկամական խումբ, որի ղեկավարը «Ծառուկյան» դաշինքից Միքայել Մելքումյանն է, կամ ՀՀ-Իռլանդիա բարեկամական խումբ, որն էլ ղեկավարում է նույն դաշինքի անդամ Վարդեւան Գրիգորյանը, իսկ ՀՀ-Իսլանդիա խումբը գլխավորում է Վահե Էնֆիաջյանը: Թե վերջին անգամ երբ է Հայաստանը դիվանագիտական որեւէ շփում ունեցել այս երկրների հետ, դժվար է հիշել: Նույնը նաեւ կարելի է ասել ՀՀ-Լյուքսեմբուրգ հարաբերությունների մասին, որի բարեկամական խմբի ղեկավարը ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանն է, կամ Կուբայի մասին. այս խումբը գլխավորում է Արման Սաղաթելյանը. նա, ի դեպ, նաեւ ՀՀ-Հորդանան բարեկամական խմբի ղեկավարն է: Դժվար է հիշել, թե երբ է Հայաստանը որեւէ հարաբերություն ունեցել Մալթայի հետ, մինչդեռ ԱԺ-ում կա ՀՀ-Մալթա բարեկամական խումբ, եւ ղեկավարն էլ Էդմոն Մարուքյանն է: Նույնը նաեւ Ավստրալիայի, Չիլիի, Ֆիլիպինների, Մեքսիկայի եւ Մոնղոլիայի դեպքում:

Ինչ վերաբերում է երկրներին, որոնց հետ դիվանագիտական կամ առեւտրատնտեսական նորմալ հարաբերություններ ունենք, ապա այստեղ էլ ամեն ինչ չէ, որ դրական հունով է ընթանում. օրինակ՝ ՀՀ-Արաբական Միացյալ Էմիրություններ բարեկամական խմբի ղեկավարը ՀՀԿ-ական Ռուզան Մուրադյանն է, եւ դժվար է պատկերացնել, թե ինչպես է նա՝ որպես խմբի ղեկավար, զբաղվելու հայ-արաբական խորհրդարանական հարաբերությունների ամրապնդմամբ: Նույնը նաեւ կարելի է ասել Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի մասին, որի ղեկավարը ՀՀԿ-ական Ջեմմա Բաղդասարյանն է. մարդ, որը պատգամավոր է դարձել, քանի որ ՀՀ առաջին տիկնոջ ընկերուհին է: Ոչ պակաս կարեւոր են Հայաստանի հարաբերությունները Լեհաստանի հետ. այս երկիրը ոչ միայն առեւտրային գործընկերներից մեկն է, այլեւ նույնիսկ փորձում է Հայաստանում ռազմական արդյունաբերություն հիմնել: Եւ ահա այս խմբի անդամը ՀՀԿ-ական Վահան Հարությունյանն է, որը պատգամավոր է դարձել հոր՝ «Միկմետալ» ընկերության սեփականատեր Միխայիլ Հարությունյանի շնորհիվ. հիշեցնենք, որ Միխայիլ Հարությունյանը ԱԱ պետի նախկին տեղակալն է, Սերժ Սարգսյանի ընկերը:

Մեկ փաստ էլ. այդ բարեկամական խմբերում պատգամավորներն ընդգրկվում են ըստ իրենց «նախասիրությունների». եթե որեւէ մեկը տուն կամ բիզնես ունի այդ երկրում, ապա աշխատում է անպայման ընտրել հենց այդ խումբը: Արդյունքում ստացվել է այնպես, որ օրինակ՝ ՀՀ-ԱՄՆ, ՀՀ-Բելգիա, ՀՀ-Գերմանիա, ՀՀ-Իտալիա, ՀՀ-Հունաստան, ՀՀ-Մեծ Բրիտանիա, ՀՀ-Ֆրանսիա, ՀՀ-Չինաստան, ՀՀ-Ճապոնիա բարեկամական խմբերում ընդգրկվել է խորհրդարանի գրեթե կեսը: Այս ցանկից եվրոպական երկրներում պատգամավորների մի մասը բիզնես ունի, իսկ մյուս երկրների՝ Չինաստանի, Ճապոնիայի հետ բարեկամական խմբում ընգրկվել են արեւելքի հրաշքները տեսնելու ակնկալիքով:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ