22-ամյա Գոռը «Օդնոկլասնիկով» ծանոթացել ու բռնաբարել էր 14 տարեկան աղջնակին. որտե՞ղ էին անչափահասի ծնողները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաշված ամիսներ անց ազատության մեջ կհայտնվի անչափահասի հետ սոցցանցով ծանոթացած, ապա նրան բռնաբարած երիտասարդը: Գոռ Կիրակոսյանն այդ հանցանքների համար դատապարտվել էր 7 տարի ազատազրկման:

2010 թվականին դեռ 22-ամյա Գոռ Կիրակոսյանը և 14-ամյա երկու աղջիկներ հանդիպել էին «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում:

Անչափահասներից մեկի հետ նա սկզբում հեռախոսային խոսակցություններ էր վարել, ապա սկսել էին հանդիպել, 14-ամյա աղջկան հուզող թեմաների` սիրո և ընկերության մասին էին խոսել: Ըստ Կիրակոսյանի` հանդիպել էին հիմնականում գիշերային ժամերին: Աղջիկը պատճառաբանել էր, թե խիստ ծնողներ ունի, նրանք թույլ չեն տալիս տնից պատեհ-անպատեհ դուրս գալ: Դե, աղջիկն էլ սկսել էր տնից դուրս գալ… կեսգիշերից հետո, երբ տնեցիները քնած էին լինում:

Այդպես աննկատ էլ նա դուրս էր եկել 2010 թվականի մայիսի լույս 25-ի գիշերը` ժամը 2-ին, և համաձայնել էր սուրճ խմել Կիրակոսյանի հյուրանոցային համարում: Ըստ աղջկա` ինքը համաձայնել էր, որովհետև «նախկինում որևէ միջադեպ տեղի չէր ունեցել»:

Այս անգամ, սակայն, «միջադեպ» եղել էր, այսինքն, ըստ աղջկա` Գոռ Կիրակոսյանը բռնությամբ իր հետ սեռական հարաբերություն էր ունեցել: Գոռ Կիրակոսյանը կտրականապես ժխտում էր այս հանգամանքը, նրա վարկածով` գիշերն իր սենյակում միայն սուրճ էին խմել, ինքը աղջկան ընկերաբար խորհուրդ էր տվել խելքը գլուխը հավաքել ու դասերով զբաղվել:

Իր ցուցմունքներում Գոռ Կիրակոսյանը նշել էր, թե սենյակն ընդամենը 2 մետրի վրա էր գտնվում հյուրանոցի հերթապահի ու պահակային ծառայության աշխատողի սենյակից, եթե աղջիկն աղմկեր, նրանք կլսեին: Սակայն աղմուկ լսելուց առաջ նախ պետք է որ հիշյալ ծառայություններն իրականացնողներն աղջկա մուտքը հյուրանոց արգելեին, այն էլ`գիշերվա ժամը 2-ին: Այդ դեպքում չէր կատարվի այն ծանր հանցանքը` բռնաբարությունը:

Բռնաբարությունից հետո աղջիկը տուն էր վերադարձել, ըստ իր ցուցմունքների` որոշ վնասվածքներով: Սակայն տնեցիներից ոչ ոք ոչինչ չէր նկատել: Կյանքը շարունակվել էր «բնականոն ռիթմով»: Աղջիկը ոչ ոքի ոչինչ չէր պատմել: Եվ որպեսզի Գոռն էլ ոչ ոքի ոչինչ չպատմի և իրեն չանվանարկի, նա տնից վերցրել էր ծնողների` 1 միլիոն 700 հազար դրամ արժողությամբ 120 գրամ ոսկեղենն ու հանձնել Գոռին:

Փաստորեն, վերջինս, ըստ դատական ակտի, սպառնացել էր աղջկան, թե կհրապարակի տեղի ունեցածը: Եվ աղջիկը ոսկեղենով փորձել էր լռեցնել իր նկատմամբ բռնություն գործադրած երիտասարդին: Միևնույն ժամանակ, երիտասարդը խոստացել էր վերադարձնել ոսկեղենը, երբ հնարավորություն կունենար այն գրավատնից վերցնելու:

Աղջիկը բռնաբարության մասին խոսել էր, երբ հուլիս ամսին ծնողները հիշել էին իրենց ոսկեղենը և տանը փնտրել ու չէին գտել: Աղջիկը սկզբում ասել էր, թե Գոռը խաբեությամբ է վերցրել ոսկեղենը, ապա պատմել էր բռնաբարության պատմությունը:

Հետաքրիր է, որ մայիսին կատարված ու հուլիսին ի հայտ եկած բռնաբարության փաստը ստուգելու համար անցկացված դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ` աղջկա կուսաթաղանթի ամբողջականությունը խախտված չէր: Աղջիկը կույս էր: Բայց, ըստ մասնագետների` նրա կուսաթաղանթի անատոմիական կառուցվածքն այնպիսին էր, որ կարող էր սեռական հարաբերություն լինել` առանց կուսաթաղանթի ամբողջականության խախտման:

Դատաբժիշկները նաև մարմնական վնասվածքներ չէին հայտնաբերել, քանի որ դեպքից երկու ամիս էր անցել, բացի այդ, դեպքից անմիջապես հետո աղջկա տնեցիներն էլ ոչինչ չէին նկատել:

Ստացվում է, որ բռնաբարության համար մեղադրանքը հիմնվում էր հիմնականում տուժողի ցուցմունքի վրա: Ամբաստանյալն ի սկզբանե չէր ընդունել այդ մեղքը: Չէր ընդունել նաև շորթման մեղադրանքը: Ըստ նրա` աղջկա ծնողների ոսկեղենը տվել էր իր խնդրանքով, միայն` որ օգնի ընկերոջը, նեղ վիճակից հանի: Այնուամենայնիվ, երբ աղջկա հարազատների բողոքից հետո ոստիկանները հանդիպել էին Գոռ Կիրակոսյանին, վերջինս դիմել էր փախուստի ու կալանքի տակ առնվել ամիսներ անց` 2011 թվականի փետրվարի 23-ին:

Աղջիկն «ընկերոջից» լրջորեն հիասթափվել էր ոչ թե բռնաբարությունից ու շորթումից հետո, այլ` երբ իմացել էր, որ Գոռը հանդիպում է նաև իր բարեկամուհու` մեկ այլ 14-ամյա աղջկա հետ: Գոռը վերջինիս հետ ծանոթացել էր նույն սոցիալական ցանցում: Հետո սկսել էր հանդիպել: Այս դեպքում նա պարզապես սիրո խոստովանություններով էր գերել աղջկա սիրտը և, ի պատասխան, պարբերաբար ստացել նրա ծնողների ոսկեղենը, գրավ դրել, հետո գրավից հանել ու վերադարձրել և օրեր անց նորից խնդրել ու վերցրել զարդերը: Ոսկեղենի շրջապտույտ էր կատարվել` այս աղջկա տնից դեպի Գոռի գրպանն ու անմիջապես դեպի գրավատուն, այնտեղից կրկին` աղջկա տուն և այսպես` մի քանի անգամ: 240 հազար դրամ արժողությամբ ոսկեղենը, ի վերջո, հայտնաբերվել ու վերադարձվել էր աղջկա ծնողներին, իսկ Գոռ Կիրակոսյանին այս դրվագով մեղադրանք էր առաջադրվել խարդախության եղանակով հափշտակություն կատարելու համար: Կիրակոսյանը հենց միայն այս դրվագով էլ իրեն մեղավոր էր ճանաչում:

Հ.Գ. Աղջկա ծնողները, լինելով խստաբարո ու պահանջկոտ մարդիկ, չէին նկատել, թե ինչպես է կեսգիշերից հետո իրենց երեխան դուրս գալիս տնից կամ ինչպես է վերադառնում, ինչ դեպքերից ու բռնարարքներից հետո: Երեխայի բացակայությունները ջրի երես էին դուրս եկել ոսկեղենի փնտրտուքի արդյունքում: Այսինքն, եթե ոսկեղենը տեղում լիներ, բռնաբարության մասին էլ, երևի, ոչ ոք չէր իմանա:




Լրահոս