Եթե նա Ազգային ժողովի նախագահ է, բնականաբար, ես էլ եմ համաձայնել, որ նախագահ լինի. Գալուստ Սահակյան. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը ընդունելի չի համարում «Ելք» խմբակցության կողմից ներկայացված ՀՀ-ի ԵՏՄ-ի կազմից դուրս գալու նախագիծը:  «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա բնական համարեց, որ ընդդիմադիր ուժերը պետք է նման նախաձեռնություններով հանդես գան, սակայն ընդգծեց, որ ՀՀԿ-ն ԵՏՄ-ի անդամակցության հարցում իր կարծիքը չի փոխել:

 -Պարո՛ն Սահակյան, «Ելք» խմբակցությունը ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց է սկսում: Ինչպե՞ս եք վերաբերվում իրենց նախաձեռնությանը:

-Ընդդիմադիր քաղաքական ուժ է, իր կարծիքն է հայտնել, սակայն այն ընդհանրապես մեզ համար ընդունելի չէ: Մենք այդ առումով մեր կարծիքները ներկայացրել ենք: Միեւնույն ժամանակ ԵՏՄ-ի հետ մեծ համագործակցություն է սպասվում: Որոշ դեպքերում մարդիկ գտնում են, որ պետք է հակադարձել «Ելք»-ի կարծիքին, սակայն ես գտնում եմ, որ ընդհանրապես պետք չէ հակադարձել, մարդիկ են, իրենց կարծիքը հայտնել են:

-Պարո՛ն Սահակյան, Ձեզ ինչպիսի՞ «ժառանգորդ» եք համարում Արա Բաբլոյանին: Օրինակ՝ պատգամավորներից շատերը նշում են, թե նա ավելի խիստ է` ընդհուպ պատգամավորների բացակայությունների հարցում:

-ԱԺ նախագահն այսօր բացակաների հետ կապ չունի: Երբ ես ԱԺ նախագահ էի, կանոնակարգով ես էի այդ հարցը որոշում: Այսօր, եթե որեւէ մեկը բացակա է, եթե գործուղման չէ, կամ այլ պատճառ չկա, ապա նրա բացական համարվում է բացակա, եւ ոչ ոք նրա բացական չի կարող դարձնել ոչ բացակա:

-Նա ամբողջովի՞ն է կատարում Ձեր նշած գործառույթները:

-Եթե նա Ազգային ժողովի նախագահ է, բնականաբար, ես էլ եմ համաձայնել, որ ԱԺ նախագահ լինի: Իսկ այդ գնահատականները կարող ենք 10, 20 ամիս հետո տալ: Այժմ կանոնակարգով էլ ամեն ինչ արված է, որ նիստերը չխաթարվեն եւ կարգուկանոնով առաջ գնան»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս