Չեմ ուզում վիրավորեմ գյուղսովետին, բայց այդ ի՞նչ խոսելու ժառգոն էր. Արթուր Իսպիրյան

Երեկ երբ «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ներկայացրել է մայրաքաղաքի փողոցները վերանվանելու հարցը եւ զբաղեցրել իր տեղը, դահլիճում իրարանցում է սկսվել:

Երեւանի ավագանու Հանրապետական խմբակցության անդամ Արմեն Սահակյանը (Ծիտը) այդ պահին սկսել է անհարգալից տոնով խոսել «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի հետ` վերջինիս դիմելով՝  «Անո», «պարոն Բախշյան»: Այդ ամենից հետո վիճաբանություն է սկսվել «Հանրապետական» եւ «Ելք» խմբակցության անդամների միջեւ:

ArmLur.am-ը թեմայի շուրջ զրուցել է երգիչ, երգահան, Երեւանի նախկին ավագանու անդամ Արթուր Իսպիրյանի հետ:

«Այդ ի՞նչ խոսելու ժառգոն էր, այդ ի՞նչ խոսելու ձեւ էր, այդ ի՞նչ շփման կուլտուրա էր: Չեմ ուզում վիրավորեմ գյուղսովետին, բայց նույնիսկ սովետներում այսպես չէին վերաբերվում իրար: Ո՞նց կարելի է տիկին Բախշյանին «պարոն»-ով դիմել: Տիկին Բախշյանի նման մայր ունենային, «պարոն»-ով չէին դիմի»,- ասաց նա:

Արթուր Իսպիրյանն ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ երեկվա դեպքերից հետո շատ հիասթափված է. «Երեւանն այսօր հազարավոր խնդիրներ ունի, իսկ այսօր ժամանակը վատնում են ինչ-որ ինքնահաստատման, իրար վիրավորելու վրա, որովհետեւ ոչ մեկ իր տեղում չէ:

Մարդիկ կան, որ ընդհանրապես ավագանու անդամ չպետք է լինեն, հենց իրենց խոսելու ձեւից երեւում է, որ չպետք է այնտեղ նստեն, նույնն էլ Ազգային ժողովում: Ողղակի անհարմար է նման վերաբերմունք կնոջ նկատմամբ: Այսօր մի հատ շարժ չեմ տեսնում` տրանսպորտը փոխելուց սկսած, ապօրինի շինություններ կառուցելուց բացի, նույն Երեւանն է` առանց փոփոխության: Հազար ու մի հարց կա քննարկելու, ի՞նչ են ընկել իրար ինքնահաստատվելու հետեւից, ի՞նչ են ուզում իրար ապացուցեն: Երեւի այս ամեն ինչը պետք է միշտ օնլայն լինի, որպեսզի սթափվեն, թե չէ հետո կկանգնեն իրար կխփեն, շշով կտան իրար գլխի, իրար ֆիզիկապես կծեծեն…»

Լիդա Եղիազարյան