Աշոտ Կարապետյանը տեղյակ էր ՊՊԾ գնդի գրավումից. ոստիկանության արձագանքը

Աշոտ Կարապետյանը տեղյակ էր ՊՊԾ գնդի գրավումից. ոստիկանության արձագանքը

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ սեպտեմբերի 12-ին կայացել է Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ վերջինս մեղադրվում է 2016 թվականի հուլիսին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ:

Անդրիաս Ղուկասյանը երեկ հանդես եկավ միջնորդությամբ նոր վկայի՝ Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին ներգրավելու մասին. «2016 հունիսի 24-ին ոստիկանության Երևանի վարչության պետ Աշոտ Կարապետյանից անձամբ տեղեկացա, որ իշխանություններն ունեն տեղեկություն՝ Սեֆիլյանի համախոհների կողմից հնարավոր հարձակման մասին, սակայն հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ ՊՊԾ գնդի պահպանման ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվում:

Աշոտ Կարապետյանին ի պաշտոնե հայտնի է եղել ՊՊԾ գնդի վրա հարձակման մասին: Ինչո՞ւ տեղյակ լինելով հարձակման մասին՝ չեն ուժեղացրել ՊՊԾ գնդի պահպանությունը»:

ArmLur.am-ը կապ հաստատեց Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հետ՝ մանրամասներ պարզելու նպատակով:

Սակայն վերջինս նախ նշեց, որ ցանկացած հարցով դիմենք 02 լրատվական ծառայությանը, այնուհետև մեր այն դիտարկմանը, որ հարցը կոնկրետ իր անձին է վերաբերում և ոչ թե ոստիկանական համակարգին առհասարակ, պարոն Կարապետյանը հավելեց, որ որպես համակարգի աշխատող` ասում է, որ դիմենք Ոստիկանության լրատվական բաժին:

Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ArmLur.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց Անդրիաս Ղուկասյանի միջնորդությունը.

«Լրատվական ծառայությունն ասում է, որ անհեթեթ հայտարարություններ չենք մեկնաբանում»