Հայտարարություն լրագրողի աշխատանքը դատարանում խոչընդոտելու վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սույն թվականի սեպտեմբերի 12-ին, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Բալայանի (ով նաև դատարանի նախագահն է) նախագահությամբ ընթացող Թագուհի Մանսուրյանի և նրա ծնողների կացնահարության գործով ընթացող հերթական դատական նիստի ժամանակ խոչընդոտվել է Epress.am-ի լրագրողի՝ դատական նիստի լուսաբանման իրավունքը:

Դատական նիստի ժամանակ լրագրողը փորձել է ժեստերով հասկացնել, որ ապակուց այն կողմ ոչինչ չի լսվում, ինչին ի պատասխան դատավոր Դավիթ Բալայանը թղթակցին դիտողություն է արել՝ նստելու ձևի հետ կապված։ Դատավորին խիստ վրդովեցրել է, որ լրագրողը ոտքը ոտքին գցած է նստել: Լրագրողը փորձել է պարզաբանել, որ ինքն այդպես է նստել, քանի որ ծնկին դրված տետրում գրառումներ է անում։ Դատավորն, այնուամենայնիվ, լրագրողին դուրս է հրավիրել դահլիճից։

Նշենք, որ լրագրողներն ու իրավապաշտպաններն անընդհատ բարձրաձայնում են, որ սույն գործով դատավարությունն անցնում է ոչ թափանցիկ։ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի ապակեպատ դահլիճում գրեթե ոչինչ չի լսվում, լրագրողներից ջանքեր են պահանջվում հասկանալու, թե ինչ են ասում ապակուց այն կողմ, սակայն դատարանը անտեսում է պահանջները։ Փաստացի, դատական նիստերի դահլիճում ներկա լրագրողների համար անհնարին է դարձել նիստի լիարժեք լուսաբանումը:

Հաշվի առնելով, որ լրագրողի նստած դիրքի վերաբերյալ դատավորի արված դիտողությունն ու նրան նիստերի դահլիճից հեռացնելը չի բխում դռնբաց դատական նիստերի հրապարակայնության ու խոսքի ազատության շահերից, կոչ ենք անում.

Բոլոր դատավորներին զերծ մնալ նմանօրինակ պրակտիկայից, առավել հարգալից լինել լրագրողների և նրանց մասնագիտական պարտականությունների հանդեպ և ապահովել նրանց՝ դատական նիստը լիարժեքորեն լուսաբանելու իրավունքը:

Արդարադատության նախարարությանը՝ նախաձեռնել բարեփումներ Քրեական, Քաղաքացիական և Վարչական դատավարության օրենսգրքերում՝ հստակեցնելով դռնբաց դատական նիստերին լրագրողների մասնակցության կարգը, այդ թվում լուսանկարահանման և տեսանկարահանման իրավունքը, դրա արգելման հիմքերն ու ընթացակարգերը:

ՀՀ դատական դեպարտամենտին՝ քննության առարկա դարձնել դատավորների նմանօրինակ որոշումներն ու վարվելակերպը և ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ լրագրողների աշխատանքը դատական նիստերի դահլիճում խոչընդոտելուց ու սահմանափակելուց զերծ մնալու ուղղությամբ:

Լրատվամիջոցների ղեկավարներին՝ դրսևորել համերաշխություն, բարձրաձայնել այս խնդիրը իրենց թողարկումներում/հրապարակումներում և սատարել խնդրի օրենսդրական կարգավորմանը հասնելու գործին:

«Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն




Լրահոս