ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարդիկ են, իրենց կարծիքը հայտնել են. Գալուստ Սահակյանը՝ «Ելք»-ի նախաձեռնության մասին

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարդիկ են, իրենց կարծիքը հայտնել են. Գալուստ Սահակյանը՝ «Ելք»-ի նախաձեռնության մասին

ԱԺ ՀՀԿ պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը ընդունելի չի համարում «Ելք» խմբակցության կողմից ներկայացված ՀՀ-ի ԵՏՄ-ի կազմից դուրս գալու նախագիծը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա բնական համարեց, որ ընդդիմադիր ուժերը պետք է նման նախաձեռնություններով հանդես գան, սակայն ընդգծեց, որ ՀՀԿ-ն ԵՏՄ-ի անդամակցության հարցում իր կարծիքը չի փոխել:

-Պարո՛ն Սահակյան, «Ելք» խմբակցությունը ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց է սկսում: Ինչպե՞ս եք վերաբերվում իրենց նախաձեռնությանը:

-Ընդդիմադիր քաղաքական ուժ է, իր կարծիքն է հայտնել, սակայն այն ընդհանրապես մեզ համար ընդունելի չէ: Մենք այդ առումով մեր կարծիքները ներկայացրել ենք: Միեւնույն ժամանակ ԵՏՄ-ի հետ մեծ համագործակցություն է սպասվում: Որոշ դեպքերում մարդիկ գտնում են, որ պետք է հակադարձել «Ելք»-ի կարծիքին, սակայն ես գտնում եմ, որ ընդհանրապես պետք չէ հակադարձել, մարդիկ են, իրենց կարծիքը հայտնել են:

-Սակայն այս հարցում խմբակցությունում որեւէ քննարկում ունեցե՞լ եք:

-Ես չեմ կարծում, որ մենք պետք է քննարկենք, որովհետեւ մենք վաղուց քննարկել ենք եւ գնացել ենք այդ ճանապարհով: Այժմ քննարկելու որեւէ խնդիր չի առաջանա:

-Արդյո՞ք հետեւություններ անելու կարիք չունի ՀՀԿ-ն` ամփոփելու այս տարիների արդյունքները:

-Մենք բոլոր փաստերը ներկայացրել ենք: Եթե մարդիկ կան, որ այլ կարծիք ունեն, պետք է հիմնովին փաստարկներ ներկայացնեն: Մենք Եվրոպայի հետ հիմնովին աշխատում ենք եւ փորձում ենք լուծումներ գտնել:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան