4 մլն եվրո՝ միգրացիայով զբաղվելու համար. ինչո՞ւ որոշվեց Հայաստանում էլ նման գրասենյակ բացել

4 մլն եվրո՝ միգրացիայով զբաղվելու համար. ինչո՞ւ որոշվեց Հայաստանում էլ նման գրասենյակ բացել

Նախօրեին Ազգային ժողովը քննարկում էր կառավարության կողմից ներկայացված «ՀՀ կառավարության եւ միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի միջեւ կարգավիճակի մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Խորհրդարանում նախագծի հիմնական զեկուցողը ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն էր, ով նշեց, թե նախագծի նպատակը միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնին միջազգային իրավունքի իրավաբանական կարգավիճակ տալն է, որը հնարավորություն կտա այդ կազմակերպությանը ՀՀ-ում ավելի արդյունավետ աշխատել, ընդունել ՀՀ եւ օտարերկրյա քաղաքացիների, լինել արտոնյալ:
Նշենք, որ միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը ձեւավորվել է 1993 թվականին՝ Ավստրիայի եւ Շվեյցարիայի նախաձեռնությամբ: Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում հայաստանյան գրասենյակը եւ ինչ ծրագրեր է իրականացնում:

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի հայաստանյան գրասենյակի ղեկավար, ավստրիացի Կարել Հոֆստրան:

-Պարո՛ն Հոֆստրա, նախօրեին խորհրդարանում քննարկվեց Ձեր գրասենյակի հետ առկա համաձայնագիրը վավերացնելու հարցը: Որքա՞ն ժամանակ է, ինչ գործունեություն եք ծավալում Հայաստանում:

-Մենք 2016 թվականի հունվարից ենք աշխատում Հայաստանում: Մենք հիմնականում իրականացնում են Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագիր:

-Ձեր աշխատանքի բնույթը ո՞րն է, ինչպիսի՞ ծրագրեր եք իրականացնում:

-Մենք զբաղվում ենք միգրացիայով, դա մեր հիմնական ուղղություններից մեկն է, մյուսն էլ սահմանների կառավարումն է: Մենք միջազգային կազմակերպություն ենք, որը տարբեր երկրներում միգրացիայի գործով համագործակցում է տարբեր պետությունների հետ: Օրինակ՝ կարողությունների զարգացմամբ ենք զբաղվում, օգնում ենք տարբեր իրավաբանական հայեցակարգեր մշակել:

-Որքա՞ն ժամանակ է ծրագիրը գործելու: Կնշեք, թե որքա՞ն է կազմում ֆինանսավորումը, եւ որո՞նք են աղբյուրները:

-Մեր այժմյան ծրագիրը նախատեսված է երեք տարով՝ մինչեւ 2018 թվականի դեկտեմբեր: Այն ֆինանսավորվում է Եվրամիության կողմից, իսկ գումարն էլ կազմում է 4 մլն եվրո: Ծրագիրը կոչվում է «Աջակցություն Հայաստանի միգրացիայի եւ սահմանների կառավարման ոլորտներում»:

-Կնշե՞ք հստակ արդյունքներ, որ ունեցել եք այս մեկ տարվա ընթացքում:

-Մենք միգրացիոն պետական ծառայության հետ մշակել ենք նոր միգրացիայի հայեցակարգ եւ գործողությունների պլան: Իհարկե, աշխատում ենք նաեւ այլ շահագրգիռ կազմակերպությունների, այդ թվում՝ հասարակական կազմակերպությունների հետ: Դա մեր արդյունքներից մեկն է: Մենք օգնում ենք պետական միգրացիոն ծառայությանը նոր դիզայն մշակել՝ փախստական հայցողներին ընդունելու համար: Դուք գիտեք, որ մարդիկ գալիս են Հայաստան եւ ապաստան հայցում, պետք է ընդունվեն Հայաստան: Խնդիրների դեպքում այդ մարդիկ դիմում են պետությանը, բայց մենք օգնում ենք պետությանը՝ այդ համակարգը բարելավելու: Մենք միայն զարգացնում ենք պետության կարողությունները, որպեսզի ավելի լավ աշխատեն եւ կարող են ավելի լավ լուծել իրենց առջեւ դրված խնդիրները: Մենք չենք որոշում փախստականի կարգավիճակը կամ այլ նման բնույթի հարցեր, մենք զուտ տեխնիկական կազմակերպություն ենք, որն աշխատում է պետությունների հետ՝ կարողությունները զարգացնելու համար:

-Միգրացիան հաճախ շփոթում են արտագաղթի հետ:

-Դա իսկապես վատ է: Պետք է շեշտ դնել, որ միգրացիա չի նշանակում արտագաղթել, միգրացիան գործընթաց է: Իհարկե, մարդիկ գնում են ու չեն վերադառնում, բայց դա մեծ մասը չէ: Մեծ մասը գնում է գումար աշխատելու համար, եւ վերադառնում են: Կան նաեւ ազգությամբ հայեր, ովքեր նույնիսկ ծնվել են դրսում, բայց վերադառնում են Հայաստան ապրելու: Կան միգրանտներ, ովքեր գալիս են Հայաստան եւ մշտական ապրում են: Միգրացիան կոմպլեքս հասկացություն է, դա ոչ միայն արտագաղթ է, սակայն շատ հայեր հենց դա են մտածում:

-Իսկ ինչո՞ւ որոշվեց Հայաստանում էլ նման գրասենյակ բացել: Ո՞վ է Ձեզ դիմել նման առաջարկով:

-Մեր կազմակերպությունն արդեն բավական վաղուց աշխատում է Հայաստանի հետ: Բայց 2016 թվականից մենք իրականացնում ենք մեր ծրագիրը: Մինչ այդ մենք Հայաստանում աշխատել ենք բազմաթիվ այլ ծրագրերում, պարզապես հիմա մեծ ծրագիրն ենք իրականացնում եւ հույս ունենք, որ միգրացիայի հետ կապված այլ ծրագրեր եւս կկարողանանք իրականացնել: Իսկ ինչ վերաբերում է հարցին՝ թե ով է խնդրել մեզ այստեղ ներկայացուցչություն ունենալ, ապա ասեմ, որ դա առաջարկություն է եղել մեր գլխավոր շտաբի կողմից, որպեսզի մենք ավելի երկար մեր առաքելությունն իրականացնենք:

Նաիրա Հովհաննիսյան