Վերնիսաժի կրակոցները Լոռու մարզում ամիսներ առաջ տեղի ունեցած սպանության պատասխա՞նն էր. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երեւանի Թուֆենկյան հյուրանոցի դիմաց կրակոցներից մահացածը ալավերդցի Գագիկ Մոսինյանն է։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ նա ալավերդցի քրեական հեղինակություն Վահագ Աբգարյանի մտերիմներից է։ Մեր հավաստի աղբյուրներով՝ հիվանդանոց տեղափոխված վիրավորը հենց քրեական հեղինակություն Վահագ Աբգարյանն է։

Չի բացառվում, որ Երեւանի Թուֆենկյան հյուրանոցի դիմաց կրակոցները կապ ունեն այս տարվա հունիսի 13-ին Լոռու մարզում տեղի ունեցած սպանության հետ:
ArmLur.am-ն հայտնել էր, որ վերոնշյալ օրը սպանություն է տեղի ունեցել Լոռու  մարզում: Ժամը 12։20-ի սահմաններում անհայտ անձը Ալավերդի քաղաքում՝ «Կատա» սուպերմարկետի հարևանությամբ, կրակոցներ է արձակել Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի վրա։ Կ. Փիրուզյանը տեղում մահացել է: Մեր օրերում սպանություններն այնքան են ավելացել, որ սա կարող ենք հերթականների թվին դասել, եթե սպանվածը նախկինում աղմկալի պատմությունների կիզակետում հայտնված չլիներ: Սակայն երկու տարի առաջ՝ մայիսի 19-ի գիշերը ժամը 4:30-ի սահմաններում, Կամո Փիրուզյանի եղբոր՝ Վարդանի հրազենային կրակոցներից սպանվել էր Վարդան Ավագյանը, իսկ Էդուարդ Պողոսյանը ձախ բազկի վերին հատվածի հրազենային արյունահոսող վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն վիրահատությունից հետո մահացել էր հիվանդանոցում:

Իրավապահներն այդ ժամանակ սպանությունները կանխավ որակել են Ալավերդու քաղաքապետի ընտրությունների հետընտրական «ռազբորկայի» հետևանք:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ի ընտրություններին Ալավերդու քաղաքապետի պաշտոնի համար մրցակցել են Հանրապետական կուսակցության թեկնածու Կարեն Փարեմուզյանը և անկուսակցական Արթուր Աբգարյանը: Վարդան Փիրուզյանը հունիսի 7-ի ընտրություններին աշխատել է Արթուր Աբգարյանի շտաբում: Նա քաղաքապետի անկուսակցական թեկնածու Արթուր Աբգարյանի մանկության ընկերն է: Իսկ Կարեն Փարեմուզյանի նախընտրական աշխատանքներում Հանրապետական կուսակցության կողմից ընդգրկվել էր ալավերդցի Վահագ Աբգարյանը: Սա, ըստ էության, այն նույն Վահագն Աբգարյանն է, որը այսօր արձակված կրակոցներից վիրավորվեց:

Հիշեցնենք, նաեւ, որ տարիներ առաջ սպանվել էր նույն Վահագն Աբգարյանի թիկնապահը՝ Վարդան Ավագյանը: Վերջինիս գիշերով սպանել էր Կամո Փիրուզյանի եղբայր Վարդան Փիրուզյանը: Մի խոսքով, չի բացառվում, որ այսօր հնչած կրակոցները վաղուցվա նախապատմություն ունեն եւ վենդետայի հերթական դրսեւորումն է: Նկատենք, որ վիրավորվածը Ալավերդիում ՀՀԿ թեկնածուի համար է աշխատել:

Հավելենք, որ «Վերնիսաժ»-ի կրակոցների հետևանքով վիրավորված 39-ամյա Վահագն Աբգարյանի դեմ երկու տարի առաջ կրկին մահափորձ էր իրականացվել:




Լրահոս