ՏՆՏԵՍԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԳՆԱԼՈՎ ՍՊԱՌՎՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտագաղթի ահռելի ծավալներն իրենց բացասական հետեւանքներն են ունեցել բոլոր բնագավառներում, հատկապես տնտեսության վրա: Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում կտրուկ պակասել է աշխատունակ տարիքի բնակչության թիվը, նվազել են աշխատանքային ռեսուրսները, զբաղվածների քանակը: Այսինքն` նվազել է բնակչության այն հատվածը, որ տնտեսության հիմնական շարժիչ ուժն էր, գլխավոր ռեսուրսը. հիմնական աշխատողը, նյութական բարիք ստեղծողը, հարկեր վճարողը եւ, վերջապես, նաեւ սպառողը: Պաշտոնական վիճակագրության տվյալներից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին Հայաստանում աշխատունակ տարիքի բնակչության թիվը նվազել է 207 հազարով. 2008թ., Հայաստանում աշխատունակ տարիքի մարդկանց թիվը 2 մլն 169.9 հազար էր, ապա արդեն 2016թ. այն դարձել է 1 մլն 962.9 հազար: Ինչ վերաբերում է աշխատանքային ռեսուրսներին, ապա դրանք պակասել են 191,2 հազարով. 2008թ. Հայաստանում աշխատանքային ռեսուրսները կազմել են 2 մլն 202,6 հազար, իսկ արդեն 2016թ. այն հասել է 2 մլն 11,4 հազարի: Այս ցուցանիշները հնարավորություն են տալիս ընդհանուր պատկերացում կազմել Հայաստանից Ս. Սարգսյանի պաշտոնավարման տարիների արտագաղթի իրական ծավալների մասին:

 

 
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ պատգամավորները մինչեւ հիմա չեն ստացել իրենց աշխատավարձը, եւ հույս էլ չկա, որ մինչեւ շաբաթվա վերջ այդ հարցը լուծվի: Մինչդեռ նախկինում ԱԺ պատգամավորների աշխատավարձերը վճարվել են ամենաուշը մինչեւ ամսվա 5-ը: Իսկ պատճառն ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի նորամուծություններն են. նա որոշել է մտնել խիստ ղեկավարի դերի մեջ, եւ պահանջել պատգամավորների աշխատանքային «տաբելը»՝ ստուգելու համար, թե ովքեր են բացակայել հանձնաժողովների նիստերից, քանի անգամ: Եւ արդյունքում պատգամավորների աշխատավարձերն ուշանում են: Միայն թե հետաքրքիր է՝ արդյո՞ք Բաբլոյանի «ուժը կհերիքի» եւ պահումներ կանի հենց իրենց խմբակցության արտոնյալ պատգամավորներից, թե ամեն ինչ կկոտրվի «շարքայինների» գլխին:

 

 

 
Հյուսիսային պողոտայի բարձրահարկ շենքերի մի մասի վրա սկսել են նոր հարկեր ավելացնել, ինչը մասնագետների մոտ լուրջ մտահոգությունների տեղիք է տվել. այսպես խախտվում է այդ բարձրահարկերի սեյսմակայունությունը, առավել եւս, երբ Հյուսիսային պողոտան ինքնին խնդիրներ ուներ. «տակը դատարկ է»: Երեւանի քաղաքապետարանից «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ փորձել են համոզել, թե անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթերը կան, բայց փաստարկները համոզիչ չեն: Ըստ այդմ, երկու շենքերի վրա իրականացվում են վերնահարկերի կառուցման աշխատանքներ. Հյուսիսային պողոտա 10/1 շենքն է, որի կառուցապատողն է քաղաքացի Գրիգոր Գրիգորյանը, եւ 11 շենքն է, որի կառուցապատողն է «Գոլդեն Փելիս» հյուրանոց ընկերությունը, որը պատկանում է նախկին ՊԵԿ Արմեն Ավետիսյանին: Իհարկե, Հյուսիսային պողոտայի ցանկացած շենքի վերջին հարկում բնակարաններն ավելի «գրավիչ են», հետեւաբար ավելի թանկ: Ու հիմա հանուն փողի ամեն ինչ արվում է:

 

 

 
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը հայտարարել է, թե 1-5 բալանոց սանդղակում իր գործունեությունը գնահատում է 6: Չնայած, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, նա շատ կարճ ժամանակով է գալիս աշխատանքի. մեկ-երկու ժամ մնում է աշխատասենյակում ու հեռանում է: Ալթունյանը, իհարկե, հերքել է այդ լուրերը՝ ասելով. «Ես կասեմ այսպես, առաջին կես տարին միգուցե մի քիչ ավել է աշխատանքը տեւում՝ 9-ից 9-ը, այսօր թեթեւ գրաֆիկ է, աշխատանքը տեւում է 9-ից 8-ը»: Իսկ մեր հարցին, թե արդյո՞ք վարչապետը կամ Սերժ Սարգսյանը գոհ են նրա աշխատանքից, նախարարը նշել է. «Կասեմ այսպես, ո՛չ նախատումներ եմ ստացել, ո՛չ պարգեւներ: Երեւի իմ գործունեությունը իրենց սպասելի ռենջում է գտնվում»:

 

 

 
ՄԵՂՄ ՀՌԵՏՈՐԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԿԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հրաժեշտի ասուլիսը, երբ նա ներկայացրեց Ղարաբաղյան խնդրի` բանակցային սեղնանի դրված հիմնական սկզբունքները, ծառայեց իր նպատակին. կրկին աշխուժացան հակամարտության կարգավորման վերաբերյալ բանավեճերը: Այս օրերին ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը կրկին սկսել են խոսել բանակցությունները վերսկսելու եւ այդպես հիմնախնդիրը լուծելու պատրաստակամության մասին՝ ավանդույթի համաձայն՝ չմոռանալով բոլոր ձախողումների մեղքը բարդել միմյանց վրա: Բայց այստեղ շատ ավելի կարեւոր է փաստը, որ սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ գագաթնաժողովից առաջ կողմերը հայտարարում են բանակցային սեղան վերադառնալու եւ հակամարտությունը կարգավորելու պատրաստակամության մասին:
Ինչպես հայտնի է՝ ՄԱԿ գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո մինչեւ տարեվերջ հնարավոր է՝ կազմակերպվեն Սարգսյան-Ալիեւ բանակցություններ: Ու որքան էլ Նալբանդյան-Մամեդյարով, հետո նաեւ Սարգսյան-Ալիեւ բանակցություններից մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ (ի վերջո, նախկինում նման բազմաթիվ հանդիպումներ են անցկացվել, բայց ԼՂ խնդիրն այդպես էլ լուծում չի ստացել), փաստը, որ նրանք հիմնահարցը փորձում են լուծել բանակցությունների միջոցով, կարեւոր է:
Եւ այս համատեքստում ուշագրավ է վերջին օրերին ադրբեջանական կողմի հռետորաբանության մեղմացումը. Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովն ասել էր. «Եթե Հայաստանն ընդունի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի կողմից նշված սկզբունքները նոր չեն, եւ ինքն ընդունում է դրանք, ապա անհրաժեշտ է սկսել առարկայական բանակցություններ՝ մանրամասների քննարկման համար»: Իսկ երեկ էլ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հաջիեւն է հայտարարել, թե «Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է առարկայական բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջ քաշած առաջարկների վերաբերյալ, որոնք բանակցությունների սեղանին են: Ինչպես ասվում է՝ գնդակը Հայաստանի դաշտում է»: Ադրբեջանցի պաշտոնյաները միգուցե մոռացել են, թե ինչպես էին իրենք կարգավորման սկզբունքները համաձայնեցնելուց հետո հերթական բանակցությունների ժամանակ նոր առաջարկներ ներկայացնում` քաջ գիտակցելով, որ այնտեղ ներառել են Հայաստանի համար, մեղմ ասած, անընդունելի դրույթներ, ինչպես են վերջին պահին հրաժարվել պայմանավորվածություններից: Այնպես որ, եթե կողմերն իրոք ցանկանում են լուծել խնդիրը, ապա պետք է գնան կոնկրետ քայլերի, այլ ոչ թե սոսկ հայտարարություններ անեն:




Լրահոս