ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՃԻՊՈՏՈՎ ՈՒ ԼԱԹՈՎ ԿՐԱԿ ՀԱՆԳՑՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թվում էր՝ Խոսրովի անտառ պետական արգելոցի հրդեհից իշխանությունները, մասնավորապես արտակարգ իրավիճակների նախարարությունը դասեր քաղած կլինեն, բայց ապարդյուն. հերթական անտառային հրդեհները, այս անգամ Բյուրականում, Հրազդանում, հակառակն ապացուցեցին: Չնայած վաղուց արդեն 21-րդ դարում ենք, սակայն Հայաստանում հրդեհները շարունակում են հանգցնել նախնադարյան մեթոդներով՝ լաթերով ու ծառի ճյուղերով: «Ժողովուրդ» օրաթերթը ԱԻՆ-ից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ են ճիպոտներով ու լաթերով կրակը հանգցնում: Նախարարությունից պարզաբանեցին. «Նախ՝ այդ միջոցը կիրառվում է մյուս միջոցների հետ զուգահեռ: Հրդեհաշիջման մարտավարության ընդունված միջոց է այն: Դա նման է վառվող մոմը փչելուն: Ինչից է կրակը առաջանում, երբ հրավառ նյութ է լինում, հրդեհավտանգ, որը ունակ է այրվելու, այն արձակում է որոշակի գոլորշիներ, որոնք միախառնվում են թթվածնի հետ, եւ կրակ է բռնկվում: Հիմա այդ բույսերից առաջանում են նման գոլորշիներ, որոնք խառնվելով թթվածնի հետ՝ բռնկվում են: Իսկ երբ ուժեղ հարվածներ են հասցնում կրակին, այդ գոլորշիների խտությունը նոսրանում է մթնոլորտում, ու դրանով կրակը մարվում է: Երբ ճիպոտի կամ որեւէ լաթի միջոցով ուժեղ հարվածներ ենք հասցնում, գոլորշիների կոնցետրացիան օդի մեջ պակասում է, հետո մարում է»,- ասված է նրանց պարզաբանման մեջ: Հետաքրքիր է՝ եթե ճիպոտներն ու լաթերն այդպես արդյունավետ են մարում հրդեհը, մարդկությունն ինչո՞ւ է նոր մեթոդներ հորինել:
Ամեն դեպքում տխուր իրողություն է, որ ԱԻՆ-ը հրդեհ հանգցնելու կարողություն չունի:

 

 

 
Մինչ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարում է, թե Բրյուսելը պատրաստել է «ե՛ւ թուղթը, ե՛ւ թանաքը»՝ Եվրամիություն-Հայաստան նոր համաձայնագրի ստորագրման համար, մինչ Սերժ Սարգսյանն էլ վստահեցնում է, որ Հայաստանն անպայման կստորագրի այն, ԵԽ պատգամավորները շարունակում են թերահավատ լինել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԵԽ պատգամավորներից ազգությամբ չեխ Յարոմիր Շտետինան հայտարարել է, թե ՌԴ-ն ամեն կերպ կտորպեդահարի այս գործընթացը: «Ես կարծում եմ, որ Ռուսաստանն ամեն ինչ կանի, որպեսզի այդ համաձայնագիրը չստորագրվի: Հայաստանը կարեւոր տարածք է ՌԴ-ի համար, եւ վերջինս պահում է Հայաստանին, որպեսզի այն լինի միայն Եվրասիական տնտեսական միության կազմում»,- ասել է եվրոպացի պատգամավորը:

 

 

 
ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրել է, որ բանկերի հետ կապված ֆինանսական վեճերը հնարավոր է՝ լուծվեն ոչ թե դատարանի, այլ նոտարիատի միջոցով «Եթե նայում ենք վիճակագրությունը, քաղաքացիական գործերի 70 տոկոսը բանկային հարցերին են վերաբերում: Այսօր կա «Նոտարիատի մասին» օրենք: Մենք ասում ենք՝ բանկ-քաղաքացի, երբ դուք պայմանավորվում եք ապառիկի վաճառքի շուրջ եւ այլն, եկեք, պայմանագրեր կազմակերպենք, էլեկտրոնային եղանակով կնքվեն դրանք, զուգահեռաբար թույլ տանք, որ պայմանագրերը մինիմալ գներով վավերացվեն նոտարի կողմից: Հետագայում, եթե քաղաքացին իր պարտավորությունը չկատարի, արդեն բանկը միանգամից նոտարի կատարողական մակագրություն վերցնի եւ գնա ԴԱՀԿ», ասել է նա: Հավելենք, որ բանկերն էլ իրենց հերթին են դժգոհում, թե դատավորներից են կախված:

 

 

 
Յուրաքանչյուր տարի պետական աջակցության ծրագրերի շրջանակներում գյուղացիները մատչելի գներով ազոտական պարարտանյութեր են ստանում: Նախորդ տարիներին գյուղապետերը այդ ամենը տրամադրել են ապառիկ՝ գումարը բերքահավաքից հետո ստանալու պայմանով: Բայց շատ գյուղացիներ չեն կարողացել վճարել այդ գումարը՝ պատճառաբանելով, որ բերք չեն ստացել: Ու հիմա այդ պարտքը բռնագանձելու համար մատակարարը՝ «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ն, դիմել է դատարան՝ հայց ներկայացնելով ընդդեմ մարզպետարանների: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Արմավիրի, Սյունիքի, Գեղարքունիքի եւ Լոռու մարզերը մոտ 180 մլն դրամի պարտք են ընկերությանը: Ի դեպ, ամենաշատը Արմավիրի մարզի պարտքն է՝ 125 մլն դրամ: Թե ինչպե՞ս է լուծվելու այս հարցը, դժվար է ասել՝ հաշվի առնելով մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակը:

 

 

 
ՀԻՄԱ ԷԼ ՀԻՆ ԳՅՈՒՄՐԻՆ
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ Հայաստանում զբոսաշրջության զարգացման թեմայով երեկ անցկացված խորհրդակցությունից հետո գյումրեցիների համար մտահոգվելու լուրջ առիթ է ստեղծվել: Պաշտոնական հաղորդագրությունից հայտնի է դարձել, որ խորհրդակցության ժամանակ անդրադարձ է եղել Գյումրիի «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման թեմային, ու ինչպես պարզվել է` այդ ծրագիրը գտնվում է քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի վերահսկողության տակ: Կմտածեք` ի՞նչ կա այստեղ մտահոգվելու. վերջապես իշխանություններն ամենաբարձր մակարդակով որոշել են իր ավանդույթներով հարուստ քաղաքում զարգացնել զբոսաշրջությունն ու լուրջ ծրագրեր իրականացնել: Առավել եւս, երբ վարչապետն էլ Գյումրիում սեփական միջոցներով մի քանի հին շինություն է գնել ու փորձում է ներդրումներ ապահովել:
Բայց խնդիրը ոչ այնքան իշխանությունների այս ակտիվությունն է, որքան փաստը, թե անձամբ ովքե՞ր են զբաղվելու Գյումրիի պատմական կենտրոնի զարգացմամբ: Ըստ պաշտոնական հաղորդագրության. «Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը նշել է, որ աշխատանքների ընթացքը գտնվում է իր վերահսկողության ներքո, լուծվել են նախագծային աշխատանքների հետ կապված բոլոր տեխնիկական խնդիրները, եւ շինաշխատանքներն իրականացվում են արագ տեմպերով»:
Եթե հիշում եք, ժամանակին, երբ Նարեկ Սարգսյանը Երեւանի գլխավոր ճարտարապետն էր, մեծ թափով ձեռնամուխ եղավ մայրաքաղաքի պատմական կենտրոնի զարգացման անվան տակ քայքայման գործին: Բայց արդյունքը եղավ այն, որ այսօր հին Երեւանն այլեւս չկա, փոխարենը քաղաքի կենտրոնում վեր են խոյանում Հյուսիսային պողոտայի բարձրահարկ շենքերը, որոնք ճչում են իրենց անճաշակությամբ: Ու այդպես Ն. Սարգսյանի թեթեւ ձեռքով պարզապես ոչնչացվեց Երեւանի մի ամբողջ պատմական ճարտարապետական շերտ: Ավելի ուշ՝ արդեն 2014թ., Նարեկ Սարգսյանը ստիպված էր խոստովանելու, թե Հյուսիսային պողոտայում իրեն էլ շատ բաներ դուր չեն գալիս: Բայց, ինչպես ասում են, անցածը ետ չես բերի:
Հիմա, փաստորեն, եթե Նարեկ Սարգսյանը որոշի նույն ջանասիրությամբ զբաղվել նաեւ Գյումրիի ճարտարապետությամբ, պատմական կենտրոնի զարգացմամբ, կարող է՝ Երեւանի տխուր ճակատագիրը սպառնա նաեւ հանրապետության երկրորդ քաղաքին: Ինչպես գյումրեցի բանաստեղծը` Իսահակյանն էր ասում. «Միամիտ չեմ՝ հավատամ քեզ, տառապանքս փորձ ունի. մի մրահոն կույս էր քեզ պես, կոտրեց սիրտս պատանի…»:




Լրահոս