ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԴՐԱՄՆԵՐԻ ՊԱՐՏՔ` ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԻ ԴԻՄԱՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յուրաքանչյուր տարի պետական աջակցության ծրագրերի շրջանակներում գյուղացիները մատչելի գներով ազոտական պարարտանյութեր են ստանում: Դրանց մատակարարումները իրականացնում է «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊԸ-ն: Սակայն գյուղացիները միլիոնների հասնող դրամներ են պարտք մնացել ընկերությանը: Արդյունքում նշված ընկերությունը գումարի բռնագանձման պահանջով դիմել է դատարան՝ ընդդեմ ՀՀ մի շարք մարզպետարանների:

Տարիներ շարունակ պարարտանյութերի ձեռքբերման եւ իրացման ոլորտում գործել է պետական աջակցության ծրագիր, ինչի արդյունքում գյուղացիները շուկայականից ցածր գնով ձեռք են բերում ազոտական պարարտանյութ, որի գնի մի մասը սուբսիդավորվում է պետության կողմից: Նշենք, որ 5 տարի շարունակ` 2012-2017 թվականներին, պետական աջակցության ծրագրի շրջանակներում ազոտական պարարտանյութի մատակարարը «Մասիսի Բերրիություն» ընկերությունն է:
Օրինակ՝ այս տարվա բյուջեով 244 մլն 661 հազար 700 հազար դրամ հատկացվել է նշված ընկերությանը` ազոտական պարարտանյութերի մատակարարումները ՀՀ կազմակերպելու նպատակով: Բացի այս՝ 92 մլն 759 հազար դրամ էլ տրամադրվել է ներմուծված այդ ազոտական պարարտանյութերի բեռնման եւ գյուղեր բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով:
Սակայն գյուղացիները 2015 եւ 2016 թվականներին ձեռք բերած պարարտանյութերի դիմաց կուտակած պարտքերը չեն կարողանում մարել: Իսկ այս ամենի պատճառն այն է, որ գյուղապետերը գյուղացիներին պարարտանյութը տրամադրել են գումարը բերքահավաքից հետո ստանալու պայմանով: Բայց գյուղացիներն էլ իրենց հերթին արդարանում են, որ բերք չեն հավաքել, հետեւաբար չեն կարող մարել: Գումարը հավաքագրելու նպատակով էլ ընկերությունը դիմել է դատարան` ընդդեմ Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռի, Արմավիրի մարզպետարանների: Իսկ այս տարի գյուղատնտեսության նախարարությունը մարզպետարաններին եւ գյուղապետարաններին պարտադրել է, որպեսզի գյուղացիներին ազոտական պարարտանյութ, դիզվառելիք եւ սերմացու տրամադրեն միայն կանխիկ տարբերակով:
«Ժողովուրդ» օրաթերթին Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Մարտին Պետրոսյանը տեղեկացրեց, որ ազոտական պարարտանյութի պարտքերի մասով մարման ժամանակացույց է մշակվել: «Գյուղացիները խոստացել են, որ ըստ դրա կմարեն: Չեն տվել, որովհետեւ բերք չեն հավաքել»,- նկատեց մարզպետարանի ներկայացուցիչը: Ի դեպ, տեղեկացնենք, որ Գեղարքունիքի մարզի մի քանի գյուղեր ընկերությանը ազոտական պարարտանյութի դիմաց պարտք են 15 մլն 813 հազար դրամ:
Լոռու մարզպետարանի՝ ընկերությանը ունեցած պարտքը կազմում է 18 մլն 34 հազար դրամ: Այս մարզի բնակիչները եւս չեն մարել 2015-2016 թվականներին գնած ազոտական պարարտանյութի պարտքերը: Մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանից նույն պատասխանը ստացանք. «Բերք չեն հավաքել, մարդկանց հողատարածքները կարկտահարվել, ցրտահարվել է: Երկու տարի է, ինչ մենք ընկած ենք այդ պարտքերի հետեւից, ուղղակի մարդիկ հնարավորություն չունեն այն մարելու»: Բայց մարզպետարանի ներկայացուցչի խոսքերով՝ կազմվել է պարտքերի մարման ժամանակացույց եւ այն ներկայացվել «Բերրիություն ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ընկերությանը:
Սյունիքի մարզպետարանը նույնպես հայտնվել է վերոնշյալ ընկերության տեսադաշտում: Այս դեպքում մարզպետարանի պարտքը կազմում է 8.9 մլն դրամ: Սյունիքի մարզպետարանը նույնպես պարտքերի մարման ժամանակացույց է կազմել եւ ներկայացրել ընկերությանը: Մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը «Ժողովուրդ»-ին վստահեցրեց, որ իրենց կողմից պարտքերի հավաքագրման գործընթացը վերահսկվում է:
«Պարարտանյութով լի մեքենան տարել, կանգնեցրել են գյուղերում, գյուղացիները վերցրել են ու խոստացել, որ երկու օր հետո կվճարեն, բայց այդպես էլ խոստումներին տեր չեն կանգնել: Դա հիմնականում որպես պարտք գյուղապետերի անունով է, բայց, ի վերջո, գյուղացին է պարտք: Մենք այսօր (երեկ-Ս.Հ.) խորհրդակցություն ենք արել, որի ժամանակ անդրադարձ է եղել նաեւ այս խնդրին: Շուտով բերքահավաքը կավարտվի, մենք կփորձենք լուծել իրացման հետ կապված խնդիրները, որից հետո մարդիկ կսկսեն վճարել այդ պարտքերը»,- ներկայացրեց մարզպետարանի աշխատողը: Ապա հայտնեց, որ Լեռնաշենի գյուղապետարանը օրեր առաջ է 400 հազար դրամ վճարել:
Նկատենք, որ միայն Արմավիրի մարզպետարանի պարտքի չափն է մեծ` մոտ 125 մլն դրամ: Ինչպես հայտնի է` այս մարզի բնակիչների գերակշիռ մասի եկամտի աղբյուրը հողագործությունն է: Սակայն եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով վերջին մի քանի տարիներին այս մարզի բնակիչները հսկայական կորուստներ են կրում: Ինչով էլ պայմանավորված են նրանց` ազոտական պարարտանյութի վճարի մասով ունեցած պարտքերը: Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը տեղեկացրեց, որ այս խնդրի շուրջ իրենք դատական քաշքշուկների մեջ են: «Չենք կարողանում հավաքել գյուղացիներից, ասում են՝ ջուր չկա, բերք չենք հավաքել, չկա, որ տանք, օգուտ չենք ստացել, փող չունենք, կարկուտը, քամին սրբել, տարել են մեր բերքը: Չգիտեմ, թե ինչ պետք է անենք»,- նկատեց Այվազյանը` հույս հայտնելով, որ այս հարցը առաջիկայում կկարգավորվի:
Եւ չնայած այս ամենին՝ մարզպետարանների ներկայացուցիչները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հավաստիացրին, որ այս տարի ե՛ւ ազոտական պարարտանյութի, ե՛ւ սերմացուի, ե՛ւ դիզելային վառելիքի մասով պարտքեր չունեն դրանք մատակարարող ընկերություններին: Դրանք այս տարի գյուղացիներին տրամադրվել են կանխիկ տարբերակով:
Հ.Գ. Հավելենք, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը անցած տարեվերջին ուսումնասիրություն էր կատարել այս ոլորտում եւ բացահայտել, որ վերջինս ԳՆ-ի կողմից ընտրվել է առանց մրցույթի հայտարարման, ինչը նշանակում է, որ այլ ընկերությունները հնարավորություն չեն ունեցել մասնակցելու այս ծրագրին: Ըստ ՏՄՊՊՀ-ի հաշվարկների` պարարտանյութերի մատակարարման ծրագիրը մրցույթով անցկացնելու դեպքում պետությունը կարող է խնայել ավելի քան 1,5 միլիադ դրամ: ՏՄՊՊՀ-ն առաջարկում է պարարտանյութի մատակարար ընկերության ընտրությունը իրականացնել բաց եւ հրապարակային մրցույթների միջոցով: Սակայն, չգիտես ինչու, գյուղնախարար Իգնատի Առաքելյանը ականջալուր չէ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի առաջարկներին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՀՀ ԵԿԱԾ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ է
Այս տարվա վեց ամիսներին Հայաստան է ժամանել 622 հազար 381 զբոսաշրջիկ: Պաշտոնական վիճակագրությամբ` նրանցից միայն 118 հազար 651-ը հանգրվանել է հյուրանոցներում: Իսկ ահա 503 հազար 730-ը իրենց բարեկամների, հարազատների կամ վարձու բնակարաններում: Ստացվում է, որ զբոսաշրջիկների մեծ մասը նախընտրել է բնակարան վարձելը կամ հարազատի տանը հանգստանալը, քանի որ այս տարբերակը ավելի մատչելի է: Ինչպես հայտնի է՝ հայաստանյան հյուրանոցների ծառայությունները ավելի թանկ են: Նշենք, որ վերը նշված ժամանակահատվածում Հայաստանից մեկնել է 570 հազար 400 զբոսաշրջիկ, որից միայն 1626-ն է օգտվել տուրիստական ընկերություններից, իսկ 568 հազար 774-ը՝ ինքնուրույն:
Բացի այս՝ պաշտոնական վիճակագրությամբ՝ ՌԴ-ից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը զգալի ավելացել է՝ 68.4 տոկոսով: Ֆրանսիայից ժամանած զբոսաշրջիկների թիվը նույնպես ավելացել է 34.4 տոկոսով, Գերմանիայից` 14.4 տոկոսով, Իտալիայից` 53.6 տոկոսով: Վրաստանից ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թիվը նույնպես աճել է 51.8 տոկոսով: Իսկ ահա Իրանից մեր հանրապետություն այս տարվա վեց ամիսներին ժամանած զբոսաշրջիկների թիվը ավելացել է 66.8 տոկոսով: Հավելենք, որ Թուրքիայից ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թիվը նույնպես աճել է` 2.1 անգամ:

 

 
4100 ԵՎՐՈ` ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
Հայաստանի կառավարությունը 4100 եվրոյին համարժեք դրամ կհատկացնի արդարադատության նախարարությանը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Ասատրյանն ընդդեմ Հայաստանի» գործով այս ապրիլի 27-ի վճռի համաձայն` ՀՀ-ն դիմումատուին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում վճարել 4100 եվրոյին համարժեք ՀՀ դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱՆ-ն նշված գումարի վճարման վերջնաժամկետը այս տարվա հոկտեմբերի 27-ն է:
Գործը վերաբերում է գործարար եւ նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով գործի քննության ընթացքում տեղի ունեցած դատավարական խախտումներին: Ըստ դիմումատուի` իր դեմ ցուցմունք տված վկաներին հարցաքննելու հնարավորություն չունենալու արդյունքում խախտվել է իր արդար դատաքննության իրավունքը: Իսկ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ դիմումատուն վերաքննիչ դատարանում հնարավորություն չի ունեցել հարցաքննելու վկաներին: Եւ չնայած սրան` դատավարական որեւէ միջոցառում չի ձեռնարկվել՝ այդ բացը լրացնելու համար, ինչը հանգեցրել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի խախտման:

 

 

 

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ` ՆՈՐԱԹՈՒԽԻՆ
«Քեյր Գրուպ» ընկերության կողմից այս սեպտեմբերի 8-ից մինչեւ 2018 թվականի ապրիլի 30-ը ներառյալ ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը կհետաձգվի 3 տարի ժամկետով: Նշենք, որ ներդրումային ծրագրի շրջանակներում «Քեյր Գրուպ» ընկերության նպատակն է զբաղվել Երեւանում բամբակի, բամբակյա պարագաների եւ խոնավ անձեռոցիկների արտադրությամբ: Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 720 մլն դրամի չափով ներդրում սարքավորումներ ձեռք բերելու նպատակով, որն էլ իր հերթին լինելու է փուլերով: Այժմ ընկերությունը առաջին փուլով նախատեսում է շուրջ 170 մլն դրամի չափով ներմուծել սարքավորումներ: Ընկերությունը խոստացել է, որ ստեղծվելու է մոտ 90 աշխատատեղ՝ միջին աշխատավարձը կազմելով 2018 թվականին 120 հազար դրամ, 2019-ին՝ 140 հազար դրամ, 2020-ին՝ 160 հազար դրամ:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական ռեգիստրից տեղեկացավ, որ ընկերությունը հիմնադրվել է այս տարվա մայիսի 22-ին, իսկ հիմնադիրներն են Լեւոն Սահինյանը եւ Էլեն Միքայելյանը: Ստացվում է, որ մոտ 3.5 ամիս առաջ ստեղծված ընկերությանը կառավարությունը նման արտոնություն է տալիս:




Լրահոս