Վերջին տարիներին գազի կորուսները գնալով ավելացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն իր՝ սեպտեմբերի 8-ի համարում տեղեկացրել էր, որ ավելացել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ բաշխման համակարգում գազի կորստի ծավալները: Սակայն տեղի է ունեցել փոքր վրիպում. 2017թ. գազի կորստի ծավալները կազմել էին ոչ թե 24.3 տոկոս, ինչպես ներկայացված էր հրապարակման մեջ, այլ 24.3 մլն խմ: Այս կապակցությամբ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պարզաբանում է ուղարկել՝ տեղեկացնելով.

«Ըստ ՀԾԿՀ կայքում զետեղված տեղեկանքների` 2017թ. առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետություն ներկրված բնական գազի ծավալը կազմում է 1273,9 մլն խմ, կորուստները բաշխման համակարգում՝ 24,3 մլն խմ կամ 1,91%»: Ըստ նրանց՝ կորուստների առավելագույն շեմը բաշխման համակարգում տարեկան կտրվածքով սահմանված է 2,05%, ասել է, թե կորուստները չեն գերազանցում սահմանված շեմը: «Հետեւաբար, կորուստների ավելացմամբ պայմանավորված՝ սակագնի փոփոխության վերաբերյալ մտավախությունները պարզապես անհիմն են»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեր կողմից նկատենք, սակայն, վերջին տարիներին գազի կորուսներն, այնուամենայնիվ, գնալով ավելացել են. 2015թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ դրանք կազմել էին 19.4 մլն խմ /1.7 տոկոս/, արդեն 2016թ. նույն ժամանակահատվածում՝ 18.8 մլն խմ /1.8 տոկոս/, եւ այս տարի՝ 24.3 մլն խմ:




Լրահոս