ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՏՄ-ԻՑ ԴՈՒՐՍ ՉԵՆ ԳԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Ելք» խմբակցությունը ՀՀ-ի՝ ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց է սկսում: Երեկ տեղի ունեցած խմբակցության նիստի ժամանակ որոշում է կայացվել «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու» ԱԺ հայտարարության նախագիծ ներկայացնել: Սա առաջին դեպքը չէ, որ ընդդիմադիր գործիչները ԵՏՄ-ից դուրս գալու շուրջ գործընթաց են սկսում: Դեռեւս հինգերորդ գումարման խորհրդարանում նման գործընթաց էր սկսել անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, ու այդ ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նրա նախաձեռնությանը չմիացավ:

«Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շուրջ զրուցել է ՌԴ Դաշնային Ժողովի պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի հետ:
-Պարո՛ն Կալաշնիկով, ՀՀ ԱԺ-ում ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը ՀՀ-ի՝ ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց է սկսում: Ինչպե՞ս եք վերաբերվում նրանց նախաձեռնությանը:
-Ես վստահ եմ, որ Հայաստանն ուրիշ տարբերակ չունի եւ պետք է շարունակի մնալ ԵՏՄ-ի կազմում: Հայաստանն այլընտրանք ուղղակի չունի: Դա շահեկան է նաեւ ՌԴ-ին: Հայաստանի հետ մեզ կապում է բազմադարյա հարաբերություններ, եւ բնականաբար այլ տարբերակ, քան տնտեսական համագործակցությունն է, ես չեմ տեսնում:
-Սակայն առաջին անգամը չէ, որ Հայաստանում նման գործընթաց է սկսվում, իսկ պատճառն էլ այն է, որ այսքան տարի անց էական առաջընթաց եւ շահ չենք տեսել ԵԱՏՄ-ից:
-Իհարկե, շահ կա, եւ խոսքը երկնիշ աճի մասին է: Գիտեք, ամենակարեւորն այն է, որ շուկա է առաջանում: Հայաստանի համար ռուսական շուկան հիանալի հնարավորություն է առաջընթացի համար: Իհարկե, շահեկան է եւ նույնիսկ դպրոցականին հայտնի է, որ եթե քեզ տալիս են այդպիսի շուկա, դա, իհարկե, շահեկան է: Այլ հարց է, որ ամեն ինչ միանգամից չի լինում: Իհարկե, մշտապես ուժեր կգտնվեն, որոնք կարծիք կհայտնեն, թե ավելի շահեկան է մեկ այլ միությունում գտնվելը:
-Բայց, ի վերջո, որքա՞ն ժամանակ է պետք Միության ամբողջական կայացման համար:
-Ես կարծում եմ, որ ժամանակ եւ համբերություն այնքան էլ քիչ չի պահանջվի: Դա ասում եմ՝ հաշվի առնելով Հայաստանի շուրջն առկա պատերազմական վիճակն ու ՌԴ-ի շուրջ առկա քաղաքական իրավիճակը: Ես գուշակ չեմ, սակայն կարծում եմ, որ միության ամբողջական կայացման համար դեռ երկար ժամանակ կպահանջվի: Բայց այն, որ նույնիսկ այսքան կարճ ժամանակում երկրներն առավելություններ են ունենում, դա ակնհայտ է:
-Այսինքն՝ կարծում եք, որ ՀՀ իշխանությունները դե՞մ կլինեն ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությանը:
-Կարծում եմ, որ այո: Նրանք հասկանում են այս միության դրական կողմերը:
-Օրեր անց լրանում է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի վարչապետության մեկ տարին: ՀՀ-ՌԴ հարաբերությունների առումով ի՞նչ փոփոխություններ կարող ենք արձանագրել նրա նշանակումից հետո:
-Իհարկե, քաղաքականությունը կարող է փոխվել յուրաքանչյուր ժամ կամ օր, եւ դա կարող է կապված չլինել այս կամ այն ղեկավարի փոփոխությամբ: Իհարկե, լինում է նաեւ այդպես: Սակայն այս իրավիճակում ես կարծում եմ, որ թե՛ նախորդ վարչապետները, թե՛ այսօրվա վարչապետը հասկանում են, որ ավելի ձեռնտու է գտնվել այդ միությունում, քան դրանից դուրս: Չեմ կարծում, որ այդ քաղաքականությունը կփոխվի վարչապետների փոփոխությամբ, քանի որ ես ոչ մի «հիմար հայ» հաստատ չեմ ճանաչում: Յուրաքանչյուր հայ մտածում է օգուտի մասին:
-Իսկ ի՞նչ եք կարծում՝ Սերժ Սարգսյանի իշխանության փոփոխությունն ի՞նչ կփոխի այս հարցում:
-Եթե ռեալ նայենք, ապա դժվար թե ինչ-որ մեկը Հայաստանում առանց լուրջ քաղաքական պատճառների դեմ լինի ՌԴ-ի հետ միությանը: Իսկ մարգինալներ եւ մարդիկ, որոնք փոքրամասնություն են, կան ամենուրեք՝ ե՛ւ մեզ մոտ, ե՛ւ ձեզ մոտ: Նրանք քաղաքական ընդհանուր գործընթացների շուրջ այլ պատկերացումներ ունեն: Մենք հանգիստ ենք վերաբերվում այդպիսի մարդկանց:

 

 

 
ԱԻՆ-«ՀԱՅԱՆՏԱՌ» ՊԱՅՔԱՐԸ ԹԵԺԱՆՈՒՄ Է

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Վրեժ Գաբրիելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում երեկ անուղղակի մեղադրանքներ էր հնչեցրել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասցեին: Պատասխանելով հարցին, թե ինչու հրդեհավտանգ իրավիճակ հայտարարելուց հետո ՀՀ ԱԻՆ-ը կանխարգելող քայլեր չարեց, Գաբրիելյանը հայտարարել է. «Հակահրդեհային միջոցառումներ պետք է իրականացնեն ե՛ւ «Հայանտառը», որը համակարգման ոլորտում մտնում է գյուղատնտեսության նախարարության մեջ, ե՛ւ պահպանվող տարածքները, որոնց համակարգման ոլորտը բնապահպանության նախարարությունն է»: Մեր հարցին, թե այդ կառույցների կողմից թերացումնե՞ր եք նկատում, պաշտոնյան պատասխանել է. «Չեմ նկատում, ես ասում եմ այն, ինչ կա: Ես փաստում եմ այն, որ պետք է արվի»: Այսինքն՝ ԱԻՆ պաշտոնյան անուղղակի մեղադրում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ին՝ փաստելով այն, որ վերջիններս չեն կատարում իրենց հիմնական պարտականությունները:

«Ինչպես հայտնի է՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնն այժմ զբաղեցնում է դաշնակցական Միքայել Մանուկյանը, ով հինգերորդ գումարման խորհրդարանում ՀՅԴ խմբակցության պատգամավոր էր, սակայն ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո նա պատգամավոր չդարձավ: Ինչպես ասում են՝ նրան հերթ չհասավ. Միքայել Մանուկյանը զբաղեցնում էր ՀՅԴ համամասնական ցուցակի միայն 10-րդ համարը եւ խորհրդարանում չհայտնվեց: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը կրկին դաշնակցական Մարտուն Մաթեւոսյանն էր, ում էլ այդ պաշտոնում փոխարինել է Մանուկյանը: Ուշագրավ է, որ Մաթեւոսյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 13 տարի, սակայն իր տեղը զիջեց Մանուկյանին: Մամուլի հրապարակումների համաձայն՝ Մաթեւոսյանի՝ աշխատանքից ազատման պատճառն ավելի շատ ծառահատման հետ կապված կոռուպցիոն սկանդալներն են եղել:
Եվ ճակատագրի հեգնանք էր, թե ոչ, սակայն Միքայել Մանուկյանի՝ ՊՈԱԿ-ի տնօրեն դառնալուց հետո, Հայաստանը աչք չի բացում հրդեհներից: ՀՀ ԱԻՆ պաշտոնյայի մեղադրանքների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանին:
-Պարո՛ն Մանուկյան, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Վրեժ Գաբրիելյանն անուղղակի մեղադրել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ին կանխարգելիչ աշխատանքների ոչ ճիշտ կազմակերպման մեջ: Ինչպե՞ս եք մեկնաբանում նրա քննադատությունները: Բացի այդ էլ՝ բազմաթիվ կարծիքներ կան, թե «Հայանտառ»-ն իր աշխատանքը ճիշտ չի կատարում:
-Սխալ են ասում: Իրենք մեր աշխատանքը որտե՞ղ են տեսել՝ անում ենք, թե չենք անում:
-Այսինքն՝ ինչպիսի՞ կանխարգելիչ միջոցառումներ եք անում:
-Բազմաթիվ միջոցառումներ են արվել, օրինակ՝ նշեմ, որ վերահսկվող հրդեհներ են կազմակերպվել անտառամերձ շրջաններում: Այսինքն՝ հենց նույն ԱԻՆ-ի հետ միասին ենք արել: Մենք այրել ենք, հանգցրել ենք, որպեսզի հետագայում, եթե հրդեհ լինի համայնքային տարածքներում, չգա, մտնի անտառ:
-Պարո՛ն Մանուկյան, ասում են՝ Ձեր նշանակումից հետո Հայաստանում հրդեհներն ավելացել են:
-Ես այդպիսի բամբասանքների ուղղակի չեմ պատասխանի, ամոթ է այդպիսի մեկնաբանություններին արձագանքելը:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 
ՇՄԱՅՍԻ ԲԱՐԵԿԱՄԸ
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի բարեկամի գործով վճիռը հրապարակվեց: Ա. Մովսիսյանի հորեղբորորդու տղան՝ Միհրան Մովսիսյանը, տարիներ առաջ զբաղեցրել է ՀՀ ԱՆ ենթակայության տակ գտնվող քրեակատարողական վարչության օպերատիվ բաժնի գլխավոր մասնագետի, ինչպես նաեւ քրեակատարողական վարչության անվտանգության ապահովման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնները: Արդյունքում օգտվելով իր պաշտոնից՝ 2010 թվականին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում 9 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված մի դատապարտյալի՝ իբր պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հարցի լուծման համար 20.000 ԱՄՆ դոլարի կաշառք էր վերցրել: Օրերս Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Մովսիսյանին դատապարտեց 4 տարի 6 ամիս ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառեց:

 

 

ՀԱՄԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑԱՆ
«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ ԱԺ նոր կանոնակարգ-օրենքի համաձայն՝ լրատվամիջոցների հավատարմագրումը խորհրդարանում իրականացնելու է ԱԺ խորհուրդը: Եվ իսկապես, մի իրավիճակ էր ստեղծվել, որ մասնավոր զրույցներում անթաքույց լրագրողներից բողոքելուց հետո այժմ հնարավորություն ունեին իսկապես զտել հավատարմագրման հայտ ներկայացրած լրատվամիջոցներին, որպեսզի հետո դժգոհելու առիթ չունենային: Բայց, ինչպես ցույց է տալիս իրավիճակը, ԱԺ խորհրդի 17 անդամները այդպես չեն համարձակվել վերջապես տարբերակում մտցնել լրատվամիջոցների եւ դրա անվան տակ հանդես եկող իմաստակների միջեւ: Երեկ ավարտվել է լրագրողների հավատարմագրման գործընթացը, եւ արդյունքում ոչ մի լրատվամիջոց այդպես էլ մերժում չի ստացել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ ԱԺ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը նշեց, թե ներկայացված հայտերից ոչ ոք չի մերժվել, այլ միայն մեկ դիմում հետ է ուղարկվել. այդ լրատվամիջոցը «Հայկական ժամ» կայքն է. պատճառն էլ անհատ ձեռներեցի անվամբ դիմում ուղարկելն է եղել: Հավելենք, որ ընդհանուր առմամբ հաստատվել է շուրջ 260 ԶԼՄ ներկայացուցչի հավատարմագրում:

 

 

ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթը սեպտեմբերի 6-ին գրել էր, որ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում ստուգումներ են սկսվել: Մասնավորապես «Արմավիր» ՔԿՀ են գնացել ՀՀ ԱՆ ՔԿՎ անվտանգության ապահովման բաժնի պետ Վարուժան Եղիազարյանը եւ ՔԿՎ ծառայությունում սոցիալական, հոգեբանական եւ իրավական բաժնի պետ Ռոման Ալավերդյանը՝ հասկանալու համար, թե ինչու են որոշ դատապարտյալներ խցում մենակ մնում, մինչդեռ խուցը նախատեսված է համապատասխան թվով մարդկանց համար: Մեզ հայտնի դարձավ, որ վարչության աշխատակիցները խնդիրներ են նկատել հատկապես ցմահ դատապարտյալների դեպքում, որ նրանցից շատերը խցերում մենակ են մնում, եւ հրահանգել են ցմահ դատապարտյալների դեպքում խնդիրը կարգավորել: Եւ ահա, ցմահ դատապարտյալների մոտ են տեղափոխել այլ անձանց:




Լրահոս