«Շատ ուրախ կլինեի դրա համար». Հարություն Խաչատրյանը՝ Սերժ Սարգսյանի նախընտրելի թեկնածուն լինելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` հոկտեմբերի 7-ին կայանալու է Կինեմատոգրաֆիստների միության արտահերթ համագումարը, որի շրջանակում ընտրվելու է միության նոր նախագահ եւ վարչություն: Որպես նախագահի թեկնածու առաջադրվելու են Վահե Գեւորգյանցը` միության նախկին նախագահ Ռուբեն Գեւորգյանցի որդին, Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախկին տնօրեն Գեւորգ Գեւորգյանը, Հարություն Խաչատրյանը, որը վերջերս իր դիմումի համաձայն ազատվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրենի պաշտոնից: Շրջանառվում են այլ թեկնածուների անուններ եւս։ «Ժողովուրդ»-ը զրուցել է Հարություն Խաչատրյանի հետ։

-Պարո՛ն Խաչատրյան, ինչպե՞ս որոշեցիք, որ առաջադրվելու եք կինոմիության նախագահի պաշտոնում, արդյոք դժվար չէ՞ր «Ոսկե ծիրան» կինոփառատոնի նախագահությունից հրաժարվելը։

-Ես հիվանդ եմ կինոյով, կինոյի մտածելակերպը իմն է, կինոլեզուն իմ լեզուն է։ Այն քիչ մարդկանցից եմ, որը շատ անհանգիստ է կինոյի համար։ Ես միշտ կարծել եմ, որ երկրի համար կինոն նույնքան անհրաժեշտ է, որքան «Իսկանդերը»՝ Հայաստանի համար։ Կինոն շատ կարեւոր զենք է՝ աշխարհին պատմելու քո երկրի պատմության, մշակույթի, անցյալի, ներկայի ու ապագայի, նաեւ քո թերությունների մասին, ինչո՞ւ ոչ։ Կինոն այնքան ուժեղ երույթ է, որ նաեւ թերությունները վերացնելու գործիք է։ Այնինչ՝ այսօր չկան երիտասարդական ծրագրեր, չկա ֆինանսավորում, ոչ ոքի մոտ չկա երիտասարդներին հաշվի առնելու, աշխարհին ծանոթացնելու ցանկություն։

Մարդիկ պատկերացնում են, որ կինոհիմնարկությունը մի գրասենյակ է, որտեղ պետք է նստեն, թեյ կամ սուրճ խմեն ու զրուցեն։ Կինոյի մարդկանց միջեւ չկա համախմբվածություն, չկա հետաքրքրվածություն մեկը մյուսի ապագայի հանդեպ։ Ինչ վերաբերում է «Ոսկե ծիրանին», այն արդեն հասել է մի մակարդակի, որ կարող է ինքնուրույն քայլել։ Այսօր իմ՝ «Ոսկե ծիրանով» զբաղվելը հաճելի է, շատ հաճելի, բայց էգոիզմ է։ Ես, իհարկե, շատ հանգիստ, գեղեցիկ ապրում էի, իսկ կինոմիությունը մեծ չարչարանք է պահանջում, պետք է հավաքել մարդկանց եւ հոգեւոր, մտավոր, նյութական ներդրումներ անել։ Քանի որ իմ շատ ընկերներ, բարեկամներ շատ համառորեն խնդրեցին, ես համաձայնեցի, որ առաջադրվեմ։ Ես զարմանում եմ, որ կան մարդիկ, որոնք ուզում են կինոմիության նախագահ լինել, որպեսզի ոչինչ չփոխեն ու նստեն սենյակում. դա իմաստ չունի։ Այն հիվանդագին անհանգստությունը, որը այսօր պետք է կինոյին, ես չեմ տեսնում, դրա համար համաձայնեցի առաջադրվել։ Բայց դա չարչարանք է, նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար ոչ թե պետք է պայքարել, այլ քեզ պետք է խնդրեն, որ դա անես։
-Մամուլը գրեց, որ Դուք Սերժ Սարգսյանի նախընտրած թեկնածուն եք, ի՞նչ կասեք։
-Ճիշտն ասած՝ շատ ուրախ կլինեի դրա համար, որովհետեւ ինքն իմ գործերը գիտի։ Ես գիտեմ, որ կարող եմ կինոմիության նախագահի պարտականությունները կատարել։ Երբ «Ոսկե ծիրանը» ստեղծեցինք, ոչ մի օգնություն չունեինք, իսկ այսօր արդեն ապահովված ենք եւ կայացած։

-Խոսքն այն մասին է, որ Ձեր առաջադրումը ձեւական է, որ Դուք արդեն ընտրված եք, այդ պատճառով էլ Ձեր դիմումի համաձայն ազատվեցիք փառատոնի տնօրենի պաշտոնից՝ կանխավ իմանալով, թե Ձեզ ինչ է սպասվում։

-Չէ, այդպես չէ։ Ես մի բան եմ որոշել, որ ազնիվ խաղամ։ Ես իրավունք ունեի մնալ «Ոսկե ծիրանում» եւ միաժամանակ երկու ՀԿ-ներ ղեկավարել,հո պետական պաշտո՞ն չէի զբաղեցնելու, բայց որոշեցի ժամանակ ծախսել՝ հայ կինոյի խնդիրները լուծելու համար։

-Կինոմիությունը Հայաստանի մի շարք այլ միությունների համեմատ, թերեւս, ֆինանսապես ապահովված է: Ռուբեն Գեւորգյանցի նախագահության օրոք բանկային հաշիվ է ստեղծվել: Շատերն ասում են, որ թեկնածուներից ոմանց աչքը այդ գումարի վրա է: Դո՞ւք ինչ կասեք։

-Դա ծիծաղելի գումար է, դա ի՞նչ փող է, համաշխարհային կինոյում այդպիսի փողով մի ֆիլմ էլ չես նկարի, եթե մարդիկ ուշադրություն են դարձնում, թող դարձնեն, կարելի է նաեւ ավելացնել այդ գումարը, բայց իմ հույսը դրա վրա չէ։

-Կինոմիության նախագահի թեկնածուներից ո՞ւմ եք համակրում։

-Բոլորին էլ հարգում եմ շատ, գիտեմ, որ բավական լավ, հետաքրքիր մարդիկ են, վաստակ ունեն, բայց չեմ կարծում, որ աշխարհի հետ այնքան կապեր ունեն, որ վստահեի իրենց, հարգելով իրենց՝ կարծում եմ, որ դա (աշխարհի հետ կապ հաստատելը-հեղ.) ես ավելի լավ կանեմ։

Աննա Բաբաջանյան




Լրահոս