ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտոնյալ դատավորներ չեն լինի. Արփինե Հովհաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարցազրույց ԱԺ փոխխոսնակ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ:

-Տիկի՛ն Հովհաննիսյան, դատավորները բողոքում են, որ Դուք լինելով ՀՀ արդարադատության նախարար՝ դատական օրենսգրքում գաղտագողի փոփոխություններ եք իրականացրել: Ո՞ւմ համար են արվում դրանք, եթե օրենսգրքի կիրառողները տեղյալ չեն, ինչո՞ւ թաքուն:

-Ես շատ զարմացած եմ, որ դատավորներն այդ մասին ասում են Ձեզ եւ հղում են կատարում արդարադատության նախարարությանը՝ քննարկումների ձեւաչափերի տեսանկյունից: Նախ ասեմ, որ երբ սկսել է մշակվել դատական օրենսգիրքը, կազմում ընդգրկված են եղել փորձագետների մակարդակով, եւ այդ խմբում դատավորներ եղել են, որոնք ընտրվել են Եվրոպայի խորհրդի կողմից ընդունված համապատասխան մրցույթի արդյունքում:

Այդ նախագիծը պաշտոնապես ուղարկվել է դատական դեպարտամենտ եւ Վճռաբեկ դատարան, եւ բոլոր դատավորները պետք է ծանոթ լինեին նախագծին, տեսակետ հայտնեին: Այսինքն՝ դատական իշխանությունը տեսակետը լսելի դարձրել է: Պետք է ասեմ, որ դա նաեւ պահանջ է ՀՀ նախագահի հրամանագրի, որտեղ գրված է, որ դատական իշխանության ինքնակառվարման մարմինների հետ եւս պետք է շրջանառվեր, համաձայնեցվեր եւ ներկայացվեր: Մենք պաշտոնապես այդ տեսակետներն ու կարծիքը ստացել ենք: Իրենց համակարգի ներսում թե ինչ է կատարվում, ներքին կազմակերպչական խնդիրն է:

-Վերջերս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը բարձրաձայնեց դատավորների ծանրաբեռնվածության եւ դատական գործերը համապատասխան ժամկետներում նշանակելու հարցը: Ձեր փոփոխությամբ դատարանների նախագահները մյուս դատավորների հետ հավասարաչափ գործե՞ր կունենան քննելու:

-Առաջինը պետք է փաստենք, որ մենք իրականում խնդիր ունենք դատավորների թվաքանակի ավելացման՝ ի՞նչ չափով, ինչպե՞ս, որտե՞ղ, սրանք հարցեր են, որոնց պետք է պատասխանել այն բանից հետո, երբ մեզ համար հստակ կդառնա, թե ինչպիսի ծանրաբեռնվածություն ունի ՀՀ դատական համակարգը:

Եթե մենք ունենք 230 դատավորներ, եւ նրանցից մոտ 10 տոկոսն ունի անհավասար բաշխվածություն, ոչ միայն դատարանների նախագահները, այլ նաեւ դատական օրենսգրքով ընձեռած հնարավորության համաձայն՝ այլ դատավորներ կարող են դիմում գրել, եւ իրենք գործերը քիչ մակագրեն, դրա արդյունքում մենք ունենք խիստ անհամաչափ բախշում: Որպեսզի իրավիճակ շտկվի, պետք է ունենալ համայնապատկերը:

Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս