Փոքր ու միջին բիզնեսը շարունակում է ճռռալ. հարկահավաքչության «լավագույն» ավանդույթները շարունակվում են

Փոքր ու միջին բիզնեսը շարունակում է ճռռալ. հարկահավաքչության «լավագույն» ավանդույթները շարունակվում են

Կառավարության գործունեության մեկամյակի առթիվ հրապարակված հաշվետվության մեջ հետաքրքիր արձանագրում կար, որը, սակայն, մանրամասն քննարկումների առարկա չդարձավ: Այնինչ՝ գործադիրը կամա, թե ակամա կարեւոր փաստ էր բացահայտել՝ հիմնավորելով տեսակետը, որ հարկահավաքչության բնագավառում շարունակում են նախորդներից մնացած «լավագույն» ավանդույթները: Խոսքը գերավճարների մասին է, երբ հարկատուն իր ընթացիկ հարկային պարտավորությունները կատարելուց բացի՝ հավելյալ հարկ է վճարում:

Կառավարությունն, իհարկե, իր հաշվետվության մեջ որպես ձեռքբերում նշել է, թե գերավճարները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 6.4 մլրդ դրամով: Եւ այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ դրանք կազմել են 265 մլրդ 484.7 մլն դրամ: Բայց արի ու տես, որ հիմնական ինտրիգն էլ հենց այս թվի մեջ է, սա կառավարության ամենամեծ բացահայտումն է:

Բանն այն է, որ պետական եկամուտների կոմիտեն եռամսյակային կտրվածքով ներկայացնում է խոշոր հարկ վճարողների մոնիտորինգի հիման վրա ամփոփ ցուցանիշները: Ըստ այդ փաստաթղթերի՝ 2017թ. հունվարի 1-ի դրությամբ խոշոր հարկ վճարողներն ունեցել են 138.2 մլրդ դրամի գերավճար, իսկ հուլիսի 1-ի դրությամբ խոշոր հարկ վճարողների գերավճարներն ավելացել են 13.5 մլրդ դրամով՝ կազմելով 151.7 մլրդ:

Ուշադրություն դարձրեք՝ ՊԵԿ-ը ներկայացրել է միայն խոշոր հարկ վճարողների գերավճարները: Այնինչ՝ ըստ կառավարության՝ գերավճարներն ընդհանուր առմամբ կազմել են 265.4 մլրդ դրամ: Ստացվում է՝ գերավճարների մյուս մասը, որ կազմում է ավելի քան 110 մլրդ դրամ, փոքր ու միջին հարկատուներից գանձված գումարն է:

Այլ կերպ ասած՝ կառավարությունը բյուջեի մուտքերը շարունակում է ապահովել գործարարներից կանխավճարներ «պոկելու» միջոցով, ընդ որում, կանխավճարներ ստիպում են վճարել ոչ միայն խոշոր բիզնեսին, այլեւ մանր ու միջին ձեռնարկատերերին:

Գերավճարների խնդրին անդրադարձ բազմիցս է եղել. միջազգային ֆինանսական կառույցները, մասնավորապես Համաշխարհային բանկը, կառավարությանը պարբերաբար նախազգուշացրել է նման պրակտիկայի հետեւանքների մասին, ընդ որում, հատուկ ընդգծելով, որ գերավճարներ հավաքում են ոչ միայն խոշոր հարկատուներից, այլեւ փոքր ու միջին ձեռնարկատերերից:

Գերավճարներից դժգոհել էին նաեւ խոշոր հարկատուները 2016թ. դեկտեմբերի 14-ին վարչապետի հետ հանդիպման ժամանակ: Ըստ կառավարության հաղորդագրության.

«Խոշոր հարկատուները, խոսելով իրենց հուզող խնդիրներից, բարձրաձայնել են հարկային գերավճարների մեծ չափերին, հարկային եւ մաքսային վարչարարության պարզեցմանը, մաքսազերծման ժամկետների կրճատմանը, մրցակցային դաշտին վերաբերող եւ այլ հարցեր: Անդրադառնալով գերավճարների խնդրին՝ վարչապետը նշել է, որ հաջորդ տարի պետք է համատեղ աշխատել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետ՝ կազմելով որոշակի ժամանակացույց:

«Պարզ է՝ մենք այդ խնդիրը պետք է լուծենք: Մենք մյուս տարի սեփական եկամուտների բավական ագրեսիվ աճ ենք նախատեսել: Եթե սեփական եկամուտների աճի ժամանակ մենք նաեւ դնում ենք գերավճարների նվազեցում, պատկերացնում եք, չէ՞, ինչքա՞ն ենք դնում աճը, մաթեմատիկորեն ասած: Եթե մենք ասում ենք՝ այսքան տոկոս մուտքերի աճ պետք է լինի, եւ միեւնույն ժամանակ, մենք գերավճարը պետք է մաշեցնենք, ստացվում է, որ բազիսային մուտքերը պետք է ավելի շատ աճեցնենք»,- իր հերթին ասել էր Կարեն Կարապետյանը:

Ու փաստորեն, պետք է արձանագրենք՝ այդ հանդիպումից հետո այդպես էլ լուրջ քայլեր չեն ձեռնարկվել՝ խնդիրը լուծելու համար:

Այնինչ՝ այդ գումարները գործարարները կարող էին շրջանառության մեջ դնել եւ շահույթ ստանալ: Իսկ այսպես նրանք զրկվել են շահույթից, քանի որ 256.4 մլրդ դրամն անտոկոս վարկի նման տվել են պետությանը: Եւ այդպես են վարվել ոչ միայն խոշոր գործարարները, այլեւ փոքր ու միջին ձեռնարկատերերը:

Մեկ էական փաստ եւս. թեեւ գերավճարներն օրենքով չեն համարվում պետական պարտք, բայց փաստացի ստացվում է, որ պետությունը գործարարներից այդ գումարը վերցրել է պարտքով: Ըստ այդմ, սա ոչնչով չի տարբերվում պետական ներքին պարտքից: Ու այս տրամաբանությամբ կստացվի, որ ՀՀ պետական պարտքը ոչ թե 6 մլրդ 259.5 մլն դոլար է, այլ մոտ 550 մլն դոլարով ավելի: Որքան էլ կառավարությունն առարկի այս պնդմանը՝ մեջբերելով օրենսդրությունից տարբեր դրույթներ, իրականությունը դրանից, միեւնույն է, չի փոխվի:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ