ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քննությունը ցույց կտա, ովքեր են հրդեհների պատասխանատուները. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քննությունը ցույց կտա, ովքեր են հրդեհների պատասխանատուները. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն

Հայաստանն այս ամառ աչք չբացեց հրդեհներից: «Խոսրովի պետական արգելոց»-ի, Վայոց ձորի եւ Բյուրականի հրդեհներն ապացուցեցին, որ Հայաստանն այնքան էլ պատրաստ չէ արտակարգ իրավիճակների, իսկ յուրաքանչյուր նման դեպքից հետո էլ հետեւություններ չեն անում:

Այս ընթացքում ոչ մեկ անգամ բարձրաձայնվեց նաեւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գործառույթների թերի կատարման մասին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այդ մասին ակնարկել էր նաեւ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը: Ի վերջո, նման իրավիճակներում ի՞նչ գործառույթներ ունի «Հայանտառ»-ը, եւ որո՞նք է կատարել:

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը:

-Պարո՛ն Մանուկյան, այս ամառ Հայաստանն աչք չբացեց հրդեհներից, ու ամբողջ ընթացքում բարձրաձայնվեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գործառույթների թերի կատարման մասին: Ի վերջո, այդպիսի իրավիճակներում Ձեր ղեկավարած գերատեսչության գործառույթները որո՞նք են, հասցրե՞լ եք ծանոթանալ:

-Նախ նշեմ, որ գործառույթները բազմաթիվ են: Հիմնականն անտառի կայուն կառավարումն է, որտեղ նաեւ հրդեհների մասն է: Ես համաձայն չեմ Ձեզ հետ, քանի որ նման գնահատականներ ես չեմ լսել, չեն հնչել: Հակահրդեհային բազմաթիվ միջոցառումներ իրականացվել են, ԱԻՆ-ի հետ միասին ծրագրավորված՝ մենք բազմաթիվ միջոցառումներ ենք անցկացրել՝ հենց նույն անտառներում, անտառամերձ գոտիներում վերահսկվող հրդեհներ կազմակերպելու, մարելու, հանքայնացված շերտեր ստեղծելու, որպեսզի կրակն անտառ չմտնի: Բազմաթիվ են միջոցառումները, եւ պլանային աշխատանքներ կատարվել են:

-Ձեր թվարկած գործառույթներից այս ընթացքում որո՞նք եք կատարել, նշեք առարկայական:

-Բոլոր անտառտնտեսություններում եղել են այդպիսի հրահանգներ, բոլոր տեղերում կատարվել են: Մենք ունենք հրդեհների դեպքում մեր գործողությունների ծրագիրը, գործողությունների պլանը: Եվ բոլոր տեղերում դա արված է: Այդ ծրագրերը պլանավորված կատարվել են թե՛ մարզպետարանների, թե՛ համայնքապետերի, թե՛ ԱԻՆ-ի հետ միասին:

-Ամեն դեպքում ամռանը պարզ դարձավ, որ Հայաստանը պատրաստ չէ արտակարգ իրավիճակների: Կոնկրետ ո՞վ պետք է պատասխանատվություն կրի:

-Ես Ձեր այդ գնահատականի հետ էլ համաձայն չեմ: Հրդեհներից ապահովագրված չէ ոչ ոք: Առաջադեմ բոլոր երկրներում էլ լինում են հրդեհներ, լինում են օրերով, շաբաթներով, ամիսներով, եւ ասել, որ այդ երկրներն էլ չեն կարողացել պայքարել, այդպես չէ: Արվել է ամեն ինչ, աշխատել ենք ուս ուսի, միասին: Ասել՝ ով լավ է աշխատել, ով վատ է աշխատել… այստեղ նաեւ գոյություն ունի մարդկային ֆակտոր. կարծում եմ, որ ամեն գերատեսչությունում էլ կան սրտացավ մարդիկ, կան էնտուզիազմով մարդիկ, կան եւ մի քիչ լոյալ, մի քիչ պասիվ մարդիկ: Բայց դա վերագրել բոլորին, ճիշտ չէ:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան